Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքում՝ դժբախտ աղջիկ, կյանքում՝ «եվրոմամա». Փաշինյանը պատմում է, թե ինչպես է ցնցվել Անգելա Մերկելի ու Լիտվայի նախագահի հոգատարությունից

Փետրվար 16,2019 21:16

«Երկրի հակառակ կողմը». վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած այս գրքի քննարկումն էր այսօր կազմակերպվել ՝«Լոֆթ»-ի եւ «Անտարեսի» նախաձեռնությամբ, քննարկմանը մասնակցում էր նաեւ վարչապետը:

Քննարկման մասնակիցներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ «Գրել եք՝ իսկ ովքե՞ր են հիմա ղեկավարում Ֆրանսիան, ովքե՞ր են ղեկավարում Եվրոպան, ուշադիր նայեք նրանց դեմքերին, ուսումնասիրեք նրանց դեմքերի արտահայտությունը, իսկապես ծաղրանկարային պերսոնաժներ, Անգելա Մերկելի մասով էլ գրել եք՝ դե, դժբախտ աղջիկ է, էլի: Հիմա ձեր կարծիքն եմ ուզում իմանալ՝ շփումների արդյունքում փոխե՞լ եք ձեր կարծիքը, թե՞ նույն կարծիքին եք»:

Վարչապետը ծիծաղից դեմքը փակել էր: Նա ասաց, որ չէր ուզենա այդ հարցին պատասխանել հիմա, կուզենար, որ դա լիներ այն ժամանակ, երբ այլեւս վարչապետ չէր լինի. «Ես ուզում եմ ձեզ անկեղծ խոստովանություն անել Եվրոպայի երկու լիդերների մասին: Անգելա Մերկելն է առաջինը, երկրորդը՝ Լիտվայի նախագահը: Եվրոպայի լիդեր երկու կանանց մասին… այս երկու անհատները ինձ ցնցել են ու զարմացրել են, զարմացրել են այն հոգատարությամբ ու գորովանքով, որով նրանք վերաբերվել են ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին:

Ես ուղղակի ցնցվել եմ, անծանոթ մարդիկ ենք, չէ՞, բայց առաջին իսկ խոսակցությունից զգացել եմ այն ջերմությունը, այն վախը, որ հանկարծ սա չձախողի՝ զգույշ կլինես այստեղ, սա իմ փորձից գիտեմ…Այդ հոգատարությունը այս ընթացքում իմ զգացած ամենացնցող դրվագն է: Նաեւ՝ Անգելա Մերկելի հետ կապված… ես իրենց այդ երկու կանանց անվանում եմ «եվրոմամաներ»: Այնպիսի տպավորություն է, թե քույրիկներ են, ասոցացիան այդպիսին է, նրանք այնպես են վերաբերվում այս ամեն ինչին, ասես ընտանիքի մայրը, քույրն են։ Դա ահավոր հուզիչ է: Այդտեղ ոչ մի աշխարհաքաղաքական նենգություն, թակարդ չկա, կա պարզ մարդկային հոգատարություն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728