Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պատմում է, որ վախեցել է իրեն դնեն «առավել լավ թյունինգ արած ծախված» ընդդիմադիր գործչի, ներիշխանական ինտրիգների գործիքի տեղ

Փետրվար 16,2019 20:33

«Ինչ նկարագրված է այս գրքում, նորից կրկնվում է, սկսած՝ մեկնարկ՝ հանպատրաստից, ես հանպատրաստից այն ժամանակ դարձա փախստական, հիմա հանպատրաստից դարձա վարչապետ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լոֆթում» իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ:

Նա ասաց, որ հիմա էլ է իրեն զգում ինչպես ընդհատակում. «Ես ընդհատակո՞ւմ եմ, թե՞ ընդհատակում չեմ: Ես ապրում եմ հիմա մի տեղ, որն էլի ընդհատակ է: Ես ապրում եմ կառավարական առանձնատանը, որը ընդհատակ է: Մարդկանց հետ չես շփվում… Հիմա մարդկանց հետ նույն ձեւերով եմ շփվում, ինչ ընդհատակից՝ էլի  տեքստեր, ելույթներ, գրավոր տեքստեր, հետո այն մեքենայի մեջ, որով ես գնում-գալիս եմ, այն զրահապատ մեքենան, որով ես գնում, գալիս եմ, ընդհատա՞կ է, թե՞ ընդհատակ չի: Այսինքն, այդ ամեն ինչը կրկնվում է: Սա մի շրջապտույտ է, որը դեռ չգտեմ, թե ինչքան պիտի շարունակվի»:

Վարչապետին հարց ուղղեցին Չե Գեւարայի հատվածի հետ կապված: Հիշեցնենք, որ գրքում Փաշինյանը գրում է՝ «…Չե Գեւարան, թերեւս, հասկացավ, որ իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար, իսկական հեղափոխականը երբեք իշխանավոր չպետք է լինի, իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց չպետք է հաստատի իշխանություն եւ օրենքներ։ Ես այսպես եմ հասկանում Չե Գեւարային։ Եվ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալիս ասել սա. իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի եւ հեռանում է անսպասելի։

Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ եւ չպետք է ունենա իշխանություն։ Իսկ ո՞ւմ պետք է պատկանի իշխանությունը հեղափոխություն ապրած երկրներում. քաղաքացուն, քաղաքացիների հավաքականությանը, որ կոչվում է ժողովուրդ։ Ֆիդելը նույնպիսի մեծություն կլիներ, եթե հետեւեր Չե Գեւարայի օրինակին…»:

Ուստի վարչապետին հարցրեցին՝ հիմա ձեր զգացողություններն ինչպիսի՞ն են, որովհետեւ գրքում հստակ ասվում է, որ իսկական հեղափոխականն այն քանդող ուժն է, որը երբեք իշխանություն չի դառնում: Փաշինյանը ուշագրավ պատասխան տվեց. «Իմ պատկերացրած հեղափոխությունը, ինչպես հստակ գրված է, դա է: Ես ընթերցումն ավարտել եմ 2018-ի փետրվարին, բնականավբար, երկու ամիս հետո այս տեքստի ընթերցումը շատ թարմ էր ու երբ եկավ 2018-ի ապրիլը ու արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել ու երբ կար այդ կարգախոսը՝ «Նիկոլ, վարչապետ», այդ տեքստն անընդհատ ինձ հետ էր, իմ մտքում էր:

Ես մտածում էի հեղափոխության այն բանաձեւի մասին, որը գրվել է ու ես ի՞նչ պետք է անեմ այդ իրավիճակում: Իհարկե, մտածել էի, որ երբ առաջին փուլն ավարտված է, ես պետք է վերցնեմ իմ ուսապարկը՝ ասելով, որ հեղափոխականի իմ առաքելությունն ավարտված է: Բայց մտածեցի՝ իսկ ի՞նչ տեղի կունենա հետո: Հետո ՀՀ վարչապետ կդառնա, ասենք, Կարեն Կարապետյանը ու ես մտածեցի, որ ժողովուրդն իրեն կզգա օգտագործված՝ ինչ-որ ուրիշ նպատակների համար ու մինչեւ հիմա էլ այդ տուն գնալու ուսապարկն իմ ուսերին է:

Միակ պատճառը, որ այդ սցենարը չի գործել, դա է, ես հասկացա, որ մարդկանց մոտ շատ ավելի մեծ հիասթափություն կլինի ու նույնիսկ զայրույթ, իրենց համար ի հայտ կգա առավել լավ թյունինգ արած ծախված մի հատ ընդդիմադիր գործչի կերպար, որ ընդամենը ներիշխանական ինտրիգների գործիք էր, որ ծառայեց ու թողեց գնաց իրենց տուն: Սա է այդ հարցի պատասխանը: Ես դրա մասին շատ երկար եմ մտածել ու քանի չեմ համոզվել այդ պատասխանի 100 տոկոսով ճշմարտացիության մեջ, ինքս ինձ համաձայնություն չեմ տվել, որ ես պետք է լինեմ վարչապետի թեկնածու»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728