Լրահոս
Օրվա լրահոսը

Մի մռութ շնիկ նկարեք դրոշին (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Փետրվար 16,2019 20:30

Եվ կամ այն մասին, թե ինչ ենթատեքստ կարող է ունենալ «Մի շնացիր» պատվավոր պատվիրանը:

Եղել են ժամանակներ, երբ հրեա ժողովուրդն ըմբոստանում էր իր Աստծո դեմ, և Աստված պատժում էր նրանց ժանիքավոր գազաններով: Խեղճ մարդիկ, դեռ մեղք չգործած, ընկնում էին գիշատիչների բերանն ու նրանց թվում էր, թե Ահեղ դատաստանն ընդհուպ մոտեցել է:

Պարագան նույնն է նաև այսօր:

Իհարկե, վստահորեն չեմ կարող պնդել, թե ընդհուպ մոտեցել ենք Ահեղ դատաստանին, սակայն փաստը մնում է՝ փաստ: Իմ պետության ազգաբնակչությունը քանակապես աճել է ամենևին ո՛չ ներգաղթի, այլ՝ շների շնորհիվ, որովհետև շները մարդու կարգավիճակ են նվաճել մեզանում և իսպառ ներծծվել են մեր կյանքի, առօրյա բանավեճերի ու հաճույքով հաղթահարվող մեր հայրենասիրության մեջ:

Սառը քրտինք:

Եվ հիմա ես չգիտեմ, սա Աստծո պատի՞ժն է, թե՞ օրհնությունն Ամենակարողի: Այնինչ վստահորեն կարող եմ  հավաստել, որ շատ սարսափելի հրեշներ են ծնվում, երբ աբորիգեն կոչվող մարդիկ հանկարծ հղիանում են եվրոպական արժեքներով:

– Տիկնայք և պարոնայք աբորիգեններ, դուք հղի եք. մեզ և ձեզ մեծ ավետիս,- օրերից մի օր հայտարարեց նախագահի մամլո խոսնակն, ու մենք ազգովին թաղվեցինք խորը հիասթափության, նախածննդաբերական ցավերի ու մակերեսային ընկճախտի մեջ:

էս ինչեր ենք ծնում հղիներո՜վ…

– Վերջապես,- թեթևացած շունչ քաշեցին տղա քուրիկները, որոնցից մեկին անտաշ աբորիգեններն  ապտակներով շոյել էին վերջերս:

Այստեղ չեմ կարող չհիշել անտեր շներին, որոնց ոչ ոք չի տանում, որովհետև տեր չունեն (ազգային իմաստություն), և չեմ կարող չվկայել նրանցից օրն ի բուն պաշտպանվելու մեր ջանքերը, քանզի հարձակվում են հանկարծ և, թվում է, տառապում են Ահեղ դատաստանն օր առաջ իրականացնելու մոլագարությամբ:

– Դո՛ւք, այ, օրինակ՝ դո՛ւք, հարգելի տիկին, ինչպե՞ս եք պաշտպանվում:

Մինչ կինն իր պատասխանն էր մտմտում՝ հրեշտակային հայացքը երկնքին հառելով, որոշ շներ չոր ոսկոր, այսինքն՝ խանութից վերադարձող պառավ էին բռնացրել:

– Ես պաշտպանվում եմ հակաբեղմնավորիչներով,- ի վերջո հառաչեց կինը՝ կաս-կարմիր կտրելով:

– Աստված իմ, բայց չէ՞ որ ակամա հղի ենք ազգովի, իսկ խոսքս, դիցո՛ւք, շների մասին էր:

– Ի՞նչ շուն,- խորապես զարմացավ կինը՝ ամենուրեք գզվրտվող կենդանիներին զննելով: Կարծես առաջին անգամ էր տեսնում:

– Ա՜ա՜ա՜… Օգնեցե՜ք…

Դուք նկատե՞լ եք… Որոշ ժամանակից ի վեր նրանք ամենուր են: Օրինակ՝ առավոտյան գնում ես բաղնիք որ ատամներդ լվանաս, իսկ այնտեղ…. երկու շուն զուգավորվում են: Ահա այնքան են լկտիացել, որ զուգավորվում են որտեղ ասես, լինի՝ տուն, եկեղեցի, նախարարություն, բանկ, խորհրդարան, խորտկարան, թե մեկ այլ հաստատություն, որտեղ օձն իր պորտով չի անցնում, իսկ շները, չգիտես ինչ հնարքով, թափանցում են անարգել: Եվ գիտե՞ք ինչն է ամենազարմանալին: Շները հաչում են մտքեր, որոնք հետո հայտնվում են թերթերում, ինտերնետում և օրենսդրական փաստաթղթերում:

Այո, Ահեղ դատաստանն ընդհուպ մոտեցել է: Սա հասկանալի է դառնում նաև մարդկանց վարքագծից, քանզի գիտությունն ապացուցում է, որ մարդիկ յուրացնում են շների լեզուն, վարքագիծն ու մտքերը այն պարագայում, երբ մեկ շնչավոր քաղաքացուն բաժին է ընկնում մեկ շնչավոր անասուն:

– Խոշոր եղջերավոր անասո՞ւն,- զարմացան ոմանք:

– Ոչ, բարեկամ, այնպիսի անասուն, որն առանց աչքը թարթելու կպոկի հետույքիդ միսն ու կտանի, եթե ուշ գիշերով ես տուն վերադառնում:

Չեմ կարող չխոստովանել, որ սա շատ դրական ազդակ եղավ կապը կտրած աղջիկների համար, և հիմա նրանք բոլոր կապերը բոլոր տեղերում պահպանելով են տուն վերադառնում, այն էլ՝ ժամը 10-ից ոչ ուշ: Բայց, ո՜վ զարմանք… Չէ՞ որ գիտությունը չի սխալվում, և մարդիկ իսկապես յուրացնում են շների լեզուն, մտքերն ու վարքագիծը: Օրինակ՝ վերջերս առաջարկ եղավ պետության դրոշի վրա հավելում կատարելու մասին՝ շան տեսքով:

– Մի քնքույշ, մի մռութ շնիկ կնկարենք դրոշին,- հրճվում էին առաջարկով ոգեշնչվածները,- ու հարևան բոլոր երկրները կհասկանան, որ մենք էլ կծել գիտենք:

Ի դեպ՝ կծելու մասին:

Չնայած աբորիգենների պետության անփոփոխ սահմանադրությամբ արգելված է կնոջ բարեմասնությունները կծելը, բայց տաքարյուն իմ ցեղակիցներից  ոմանք չեն դիմանում: Եթե դուք ուշ գիշերով դեռ փողոցում եք և տիրապետում եք չուգունե թավայով հետույքը պաշտպանելու տեխնիկային, անշուշտ կլսեք բացականչություններ, որոնք իրականում ճիչեր են և դրսևորվում են կնոջ՝ սուր-կտրող ձայներով:

– Ի՜ի՜ի՜, ի՞նչ ես անում, հո շո՞ւն չես…

Սա խորը վիրավորա՞նք է, թե՞ սոսկ պատառիկ կնոջ խորամանկությունից: Այ սա՛ չգիտեմ, հարգելի ցեղակիցներ: Սակայն գիտեմ, որ իմ պետության ներսում հաջողությամբ է իրականանում օպտիմալացման ծրագիրը, համաձայն որի՝ ասֆալտին պառկած, և կամ՝ ասֆալտին պառկեցրած շներին խուզում են, իսկ բուրդն օգտագործում են դոշակ-վերմակ և բյուջե լցոնելու նպատակով: Դե, իսկ ավելցուկ բուրդն արտահանում են եվրոպական երկրներ՝ դրամաշնորհային վարկեր ստանալու ակնկալիքով: Հենց այստեղ չեմ կարող չհիշել «Մի շնացիր» պատվավոր պատվիրանը:

Բայց բնավ չեմ ուզում հիշել, թե խեղճ կենդանիներն ինչպես են ոռնում զօր ու գիշեր՝ ոսկոր երազելով, ինչպես են դողում անձրևի տակ, և չկա մի թիկնապահ, որ տուն տանի նրանց կամ, գոնե, պաշտպանի անձրևից՝ անձնական օգտագործման իր հովանոցը պարզելով: Մի սև, մեծ հովանոց, էլի՜, ի՞նչ կլինի: Չէ՞ որ պետության մեծ քայլը կայանում է համանման մանրուքների խաչասերումից:

Եվ ի՞նչ:

Հավանաբար հարգարժան ընթերցողս տարակուսանքի մեջ է. «Ի՞նչ կարող է նշանակել այս ամենը»: Թերևս հենց սա կամ համանման այլ խոհեր պիտի լինեն ընթերցողիս մտքի մեջ: Ես ինքս էլ երկար ժամանակ չէի հասկանում, թե սա ինչ կարող է նշանակել, ահա խոստովանում եմ ազնվորեն, բայց հետո պայծառացա հիմարության լույսով, քանզի բոլոր մեծագույն խոհեմությունները հիմարության ենթատեքստ  ունեն խորքում: Եվ ահա վկայում եմ այսօրվա վերջին ճշմարտությունը: Քանի որ շունը շան թաթ չի ծամում, շների դեմ պայքարը դատապարտված է:

«Ի՛նչ անել»,- ասել է ոմն մեկը՝ մի անգամ, երբ դեռ հեղափոխություն չէր:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728