Այսօր «Լոֆթի» եւ «Անտարեսի» նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկումն էր կազմակերպվել, որին մասնակցում էր նաեւ հեղինակը՝ վարչապետը:
Գրականագետները, քննարկման բանախոսները ներկայացրեցին իրենց դիտարկումները գրքի հետ կապված, որին կանդրադառնանք ավելի ուշ:
Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ ուշագրավ բացահայտումներ արեց, թե ինչպես է գիրքը ստեղծվել, ինչ է մտածել, պատասխանեց նաեւ հարցերին: Փաշինյանի խոսքով․ «Երբ որ ես հայտնվեցի ընդհատակում ու մշտական կապ ունեի արդեն արտաքին աշխարհի հետ, մեր Հակոբը Սիմիդյանը ամեն օր գնում-գալիս էր եւ ասում էր, թե ինչ է կատարվում, ինչ են խոսում մարդիկ, այդ ժամանակ ասում էր, որ խոսում են, թե այս դեսպանատանն ես թաքնված, այն դեսպանատանը, ասում են՝ արդեն Դուբայում են տեսել եւ այլն:
Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ ԱԱԾ-ին հրահանգված է, որ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ իմիտացիա ստեղծեն զինված դիմադրության ու ֆիզիկապես ոչնչացնեն: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր ու ես առաջինը մտածում էի հետեւյալը՝ եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, բա հետո մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ լավ, էս ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, էս ինչի՞ եկավ, ի՞նչ արեց:
Ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ բան, ստեղծել բովանդակություն, որ եթե որեւէ մեկին հետաքրքիր, թե էս ի՞նչ էր, ո՞վ էր, ինքը կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը՝ ինչ էր մտածում, ինչ էր ուզում: Քաղաքական տեքստերը երբեմն խորը չեն, դրանց ամբողջ խորքը տեսանելի չի: Երկրորդը՝ իհարկե, ուզում էի փորձել… ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Երեւանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետեւ այդ համոզվածությունը նրանց կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը գրել հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Այս երկու մոտիվացիան է եղել»:
Փաշինյանը բացատրեց, թե ի՞նչ է նկատի ունեցել՝ հակառակ կողմից ասելով. «Գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ եթե նկատել եք, ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ դեպի Ազատության հրապարակ, գաղափարը հետեւյալն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից հրապարակ գնալ այնպես, որ հետ չգնաս, անընդհատ առաջ գնաս, առաջ գնալով՝ նահանջելու գործընթաց չլինի, եւ երկրորդը՝ երբ դու հեռանում ես, փախուստ է, հետախուզվողի կարգավիճակ ու հանկարծ այնպես չստացվի, որ դու փախար քո հայրենիքից, դու փախար ինքդ քեզնից:
Ինչպե՞ս անել, որ Հայաստանից հեռանալ, բայց չհեռանալ, չստացվեր, որ Հայաստանից փախար: Միակ տարբերակն այն է, որ դու Հայաստան ես գնում: Այնտեղ տող կա, որ ես ընդամենը գնում եմ Ազատության հրապարակ, պարզապես՝ երկրի հակառակ կողմից: Այնտեղ գրված է՝ չէ՞ որ կա նաեւ կարճ ճանապարհ, բայց ո՞վ ասաց, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, շատ հնարավոր է, որ ճիշտ ճանապարհը երկար ճանապարհն է ու հենց այդ է պատճառը, որ երկրի հակառակ կողմից գնալու անհրաժեշտությունն է առաջացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ