Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ․ Հայաստանն իր մշակույթով ներկայացող երկիր է, բայց մշակույթի ոլորտի գիտնականներ մեր երկրին պետք չեն

Փետրվար 16,2019 15:48

Այս տողերը ես գրում եմ օրեցօր հիասթափվող բոլոր այն մարդկանց անունից, ովքեր բախվել են այս նամակում բարձրաձայնվող թեմայի հետ: Երբ վերադառնում ես արտերկրից, քեզ հաճախ հարցնում են՝ «լա՞վ էր այնտեղ»: Եվ հաճախ այս հարցի պատասխանն է՝ քեզ մարդ էիր զգում այնտեղ: Բացատրության հիմնասյունը՝ աշխատում ես ոչ օրահացի համար, նույնիսկ ամենացածր աշխատավարձով հնարավոր է տարին գոնե մեկ անգամ գնալ հանգստանալու: Բայց շատ ավելի կարևոր է ուսանողի և գիտանականի նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Գիտնականակենտրոն և ուսանողակենտրոն հասարակություն և պետություն՝ սա ես անձամբ կուզենայի իմ հայրենիքում տեսնել, պետություն, որը ամբողջությամբ կարող է իրագործել և գործարկել իր գիտական ներուժը: Բայց իրավիճակը շատ հեռու է այս երազանքից: Մի քանի օր առաջ իմ բուհ-ում հետաքրքրվում էի ասպիրանտներին  հատկացվող տեղերի մասին և ինձ համար բացահայտեցի՝ մեր պետությունը արվեստաբանության և մի շարք այլ մասնագիտությունների համար (մեծ մասամբ հումանիտար գիտակարգերի) արդեն մի քանի տարի ոչ միայն չի տրամադրում առկա համակարգում կրթվելու տեղ, այլ նաև հեռակայի համար տրամադրում է լավագույն դեպքում մի կամ երկու տեղ:

Ասպիրանտուրայի տեղերի մեծ մասը տրամադրվում է միայն ՏՏ ոլորտին, և վերջին անգամ, երբ առկա տեղ է տրամադրվել օրինակ իմ բաժնին՝ եղել է մի 5 տարի առաջ հազար ու մի ծանոթ խառնելուց հետո: Տպավորություն է ստեղծվում, որ մեր պետությանը հարկավոր չեն հումանիտար մասնագիտությունների գիտնականներ կամ գիտնականներ ընդհանրապես:

Եվ շատ հաճախ հեգնորեն դեմքիդ շպրտված «ում են պետք լեզվաբաններ/մշակութաբաններ/արվեստաբաններ/պատմաբաններ և այլն» արտահայտությունը օրեցօր ավելի իրական է դառնում: Եթե մեր պետությանը պետք չեն լեզվաբաններ և բանասերներ, ինչո՞ւ ենք զարմանում, որ տարեց տարի հայոց լեզվի իմացության մակարդակը մոտենում է իդեալական զրոյի, իսկ գրականության մասին անգամ խոսք չկա:

Եթե մեզ պետք չեն թարգմանիչներ, ինչո՞ւ ենք զարմանում, որ գրախանութից հայերեն թարգմանություն գնելիս գնում ենք ուղղակի հայատառ սարքած գիրք: Եթե մեր պետությանը պետք չեն պատմաբաններ, ուրեմն պատճառ չկա զարմանալու, որ պատմությունից մենք դասեր չենք քաղում (շուտով այդ պատմություն գրողն էլ չի լինի):

Մենք բարձր հայտարարում ենք, որ Հայաստանն իր մշակույթով ներկայացող երկիր է, բայց մշակույթի ոլորտի գիտնականներ մեր երկրին պետք չեն: Ներկայումս մեր երկրում գիտնական լինելը գրեթե հավասարազոր է սովամահ լինելուն: Շատ ոլորտներում մնացել են միայն իսկական նվիրյալներ, որոնք ամբողջ մի կյանք դնելով կրթվելու և սովորելու վրա՝ պատրաստ են 1520 դր., 4124 դր. կամ 18000 դր. ողորմավարձով հետազոտել, կրթել և իրենց փորձը փոխանցել ապագա սերունդներին:

Այս նվիրյալներն էլ արդեն ճանապարհ են գտնում մեր երկիրը լքելու և դրսում կայանալու համար, որովհետև մեր պետությանը իրենք պետք չեն: Եվ ինչն  էլ ավելի սարսափելի է՝ շատ ոլորտներում հաջորդ սերունդ չկա, որովհետև հաջորդ սերնդին հնարավորություն չի տրվել: Եվ զարամանալի չէ շատ գիտակարգերի աղետային դրությունը և մասնագետների բացակայությունը:

Ես գրում եմ բոլոր մահվան դատապարտված գիտակարգերի վերջին նվիրյալների անունից, մի՛ զրկեք մեզ լինելու հնարավորությունից…

 

Լուսինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՀԳՊԱ, ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ 2-ՐԴ ԿՈՒՐՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728