Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լուրջ խնդիրներ կան կառավարության ծրագրում, քան «աղքատությունը մարդու գլխում է» գաղափարը». տնտեսագետ

Փետրվար 16,2019 15:30

Թեեւ կառավարության փետրվարի 15-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխության իրենց առաջարկած մոդելը հասկանալի եւ ընկալելի է հանրության համար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ կառավարության ծրագիրն ավելի շատ հայտարարության է նման, քան ծրագրի: «Դրանում մատնանշված թվերն իրականությանը չեն համապատասխանում: Երբ խոսում են տարեկան հինգ տոկոս տնտեսական աճ գրանցելու մասին, իսկ դրան զուգահեռ՝ զբաղվածության կրճատման մասին, դրանք հակասում են իրար»,-Aravot.am-ի հետ զրույցում որպես օրինակ մատնանշեց Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով՝ չնայած վարչապետի կողմից շեշտադրվեց «աղքատությունը մարդկանց գլուխներում է» գաղափարը, սակայն կառավարության ծրագրում դրա արտացոլումը չկա առհասարակ, թեեւ հանրության ուշադրությունը հենց այդ նախադասության վրա կենտրոնացավ. «Ավելի լուրջ խնդիրներ կան կառավարության ծրագրում: Օրինակ՝ պետական կառավարման ինստիտուտների զարգացման կամ արդյունավետ գործունեության երաշխիքներ չկան, իսկ կադրային քաղաքականության վերաբերյալ դրույթները բացակայում են: Կառավարության ծրագրում պետք է լինեին հստակ նպատակներ եւ գործողություններ, չափելի գնահատականներ ու արդյունքներ»,- նկատեց Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի եւ կառավարության ծրագրի միջեւ էական շեղում կա. «Օրինակ, նախընտրական ծրագրում ասվում էր, որ պետք է 5%-ով կրճատել գործազրկությունը, իսկ կառավարության ծրագրում «էական կրճատման» մասին է ասվում՝ առանց ցուցանիշի: Նախընտրական ծրագրում ասվում էր աղքատությունը 10 %-ով կրճատելու մասին, իսկ կառավարության ծրագրում խոսվում է պարզապես ծայրահեղ աղքատության մասին: Տնտեսությունը  ներառական աճ չի ապահովելու, ինչպես վարչապետն էր պնդում, որովհետեւ այն չի կարող տեղի ունենալ միայն կոռուպցիայից զերծ մոդելի դեպքում:

Կոռուպցիայի բացակայությունը դրա համար բավարար չէ: Դրա համար տնտեսական քաղաքականություն պետք է փոխել, մինչդեռ այս կառավարությունը շարունակում է նախորդի քաղաքականությունը: Նա գործնականում ապահովում է կոռուպցիայի դեմ պայքար, բայց դա բավարար չէ տնտեսական հեղափոխության ապահովման համար»:

Փորձագետը կարծում է, որ կառավարության կողմից առաջիկայում ԱԺ-ին ներկայացվելիք ծրագրի կատարման հաշվետվությունները նման են լինելու պոպուլիստական եւ հրապարակախոսական հաշվետվությունների:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728