Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռիում դասասենյակներում ջերմային ֆոնը պահպանվում է, միջանցքներում եւ սանհանգույցներում՝ ոչ այնքան

Փետրվար 16,2019 15:00

Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներից 19-ը ջեռուցվում են էլեկտրաէներգիայով, 2-ը՝ հեղուկ վառելիքով, 114-ը՝ գազով, իսկ 19 դպրոց էլ շարունակում է ջեռուցվել փայտով: Գազով ջեռուցվող 114 դպրոցներից  37-ը  գազի վառարանով են տաքացվում:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վաչության պետ Ռաֆայել Հարությունյանն ասում է, որ ավելի քան 10 տարի օգտագործվող վառարաններն ունեն փոխարինման կարիք, սակայն միջոցների բացակայության պատճառով դպրոցները շարունակում են տաքացվել այս եղանակով. «Վառարանները շուրջ 10 տարի օգտագործում ենք եւ այդտեղ խնդիր ունենք: Ուղղակի այս պահին դրանց փոխարինումը բավականին բարդ գործընթաց է: Առաջիկայում նախատեսում ենք, որ ե՛ւ դպրոցների տնտեսած միջոցների հաշվին, ե՛ւ պետության կողմից հավելյալ ֆինանսավորման պարագայում առաջնահերթ մտցնենք ծրագրի մեջ եւ փորձենք լոկալ ջեռուցման համակարգ ունենալ:

Իսկ փայտով ջեռուցվող դպրոցն էլ չի կարող ունենալ համատարած նույն ջերմային ֆոնը: Այդ խնդիրն առկա է, բայց փուլային առումով յուրաքանչյուր տարի կառավարության կողմից մեզ հատկացված այն միջոցները, որոնք ուղղվում են հրատապ ծրագրերին, մենք առաջնահերթությունը տալիս ենք ե՛ւ լոկալ համակարգերի կառուցմանը, ե՛ւ այնպիսի դպրոցներին, որոնք ունեն ավելի հրատապ խնդիրներ՝ տանիքի եւ պահպանման, որպեսզի մեր դպրոցներ հաճախող երեխաներն ունենան կրթություն ստանալու նույն հնարավորությունները, գոնե շենքային առումով»:

Դպրոցներում եւ մանկապարտեզներում ստուգումներ է իրականացնում նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղը: Տնօրեն Անժելա Հովհաննիսյանը նշում է, որ ջերմաչափումների արդյունքում պարզվել է, որ որոշակի ջերմային շեղումներ են լինում միայն սանհանգույցներում եւ միջանցքներում. «Դասասենյակներում եւ խմբասենյակներում ջերմային ֆոնը հիմնականում համապատասխանում է: Իսկ եթե շատ մեծ դպրոց է կամ տեղային ջեռուցում է՝ միայն միջանցքներում եւ սանհանգույցներում չի համապատասխանում: Նշեմ նաեւ, որ մեր տվյալներով մարզում հիվանդացությունն իջնում է, բացակայությունների թվի պակաս կա: Իրավիճակը դեպի լավն է գնում: Սակայն հսկողությունը շարունակում ենք»:

Մեզ հետ զրույցում վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն էլ վստահեցրեց, որ դպրոցներում պահպանվում է ոչ միայն համապատասխան ջերմաստիճանը, այլեւ անվտանգությունը: Նրա խոսքով՝ ջեռուցման հետ կապված ահազանգեր են ստացել միայն նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, այժմ խնդիրներ չկան. «Այնտեղ, որտեղ ունենք գազով ջեռուցվող դպրոցներ, կաթսայատների համար համապատասխան հնոցապաններ կան, որոնք յուրաքանչյուր տարի անցնում են որակավորման դասընթաց եւ փաստաթուղթ են ձեռք բերում: Դա տալիս է համապատասխան տեսչությունը: Գազի վառարաններով ջեռուցվողների համար ունենք վառարան վառողներ, որոնք գալիս են, գործընթացը կազմակերպում են: Այդ հաստիքները դպրոցները խորհրդով որոշում են կայացնում եւ իրենք իրենց համար կազմակերպում են: Իսկ փայտի եւ մյուս տիպի վառելիքով ջեռուցվող դպրոցների համար նույնպես ունենք համապատասխան աշխատակից, որն էլի վառարան վառողի հաստիք է»:

 

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728