Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական հեղափոխությունն ու ԵԱՏՄ-ն

Փետրվար 16,2019 14:08

«Հայաստանի նոր իշխանությունը 2019 թվականի համար հայտարարել է տնտեսական հեղափոխության տարի: Հայաստանյան հասարակության ճնշող մեծամասնության համար դեռեւս հասկանալի չէ, թե ի՞նչ է նշանակում վերոհիշյալ հեղափոխությունը եւ ինչպե՞ս է նա հաջողելու: Բացի կոռուպցիայի դեմ պայքարից, որը նոր իշխանությունը պարզապես հնար չունի այլեւս դադարեցնելու, անհրաժեշտ է փնտրել եւ գտնել ներդրումների նոր հնարավորություններ»,- այսօր «Արմենպրես» մամուլի սրահում կարծիք հայտնեց Եվրասիական տնտեսագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կարծում են, որ մեր երկրում տնտեսագետների, սոցիոլոգների, ինտելեկտուալների հնարավոր ամենալայն շրջանակի մասնակցությամբ անհրաժեշտ է անցկացնել որակյալ հասարակական-փորձագիտական քննարկումներ եւ այս իրավիճակից ելքեր փնտրել: «Հստակ պետք է հասկանալ, որ մեր քաղաքական, կենսական հրամայականները այլեւս տեղ չեն թողնում անդեմ լիբերալ բարեփոխումների եւ կեղծ տնտեսական կատեգորիաների համար: Մեզ պետք են թարմ եւ խելացի լուծումներ, բուժման հայկական դեղատոմսեր, որոնք կկարողանան լուծել ՀՆԱ-ի աճը տարեցտարի էապես ավելացնելու գերբարդ հարցը: Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը այդ քայլերից միայն մեկն է»,- կարծում է Արամ Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները հերթական, թվով չորրորդ հետազոտությունն են անցկացրել`«Հայաստանի տնտեսությունը 2018 թվականին`ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում»: Ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ Արամ Սաֆարյանն ասաց, որ ակումբի անդամները համամիտ են պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի այն դիտարկումների հետ, որ թեպետ  2018 թվականը Հայաստանի համար եղել է դժվար տարի` բազմաթիվ քաղաքական իրադարձություններ` պաշտոնապես անցում խորհրդարանական կառավարման համակարգին, ունեցել ենք երեք վարչապետ, երեք անգամ վարչապետի հրաժարական, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ նոր սահմանադրությամբ եւ այլն, իրենց ազդեցությունն են թողել տնտեսական զարգացումների վրա, այնուհանդերձ, մեր երկրի տնտեսական իրավիճակը կարելի է գնահատել բավարար, նույնիսկ՝ լավ:

Հատկանշական է, որ տարին փակվեց կանխատեսվածից ավելի տնտեսական աճով եւ դա, ըստ հետազոտության, հնարավոր եղավ նաեւ Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում: Քանի որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալը, օրինակ, դեպի ՌԴ 20 տոկոսով ավելացել է:

Արտահանվել է տեքստիլ արտադրանք, գյուղմթերք, ձուկ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Արամ Սաֆարյանը դրական է գնահատում այն, որ Հայաստանում սկսել են լուրջ ուշադրություն դաձնել մեքենաշինության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտին: Արամ Սաֆարյանը մեջբերում է եվրասիականության գաղափարախոս, ՌԴ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Սերգեյ Գլազեւին, ում համոզմամբ Հայաստանը կարող է վերականգնել առաջատար դիրքերը ԵԱՏՄ-ում գործիքաշինության եւ հաշվիչ տեխնիկայի ոլորտում՝ արժեւորելով տեխնոլոգիական զարգացման հարցերի շուրջ արտադրական համագործակցությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ:

Սերգեյ Գլազեւի կարծիքով, Հայաստանն, իրավամբ, համարվում է հետխորհրդային տարածքի բարձր զարգացած երկիր, որտեղ տասնյակ տարիներ շարունակ ձեւավորվել է գործիքաշինության, հաշվիչ տեխնիկայի, բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության հիմքը:

Արամ Սաֆարյանը հայտարարեց նաեւ, որ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները սպասում են ՌԴ-ից Հայաստան եկող տրանսվերների ծավալի մասին պաշտոնական տեղեկություններին. «Դրանից շատ հետաքրքիր քաղաքական հետեւություն կարելի է անել»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728