Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Լատվիայի ԱԳ նախարարները հանդիպել են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում

Փետրվար 16,2019 13:55

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի հետ:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Էդգարս Ռինկևիչին՝ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթեց ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում:

Զրուցակիցները քննարկեցին հայ-լատվիական օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության աշխուժացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Էդգար Ռինկևիչսը կարևորեցին բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Որպես համագործակցության առաջնային ոլորտներ ընդգծվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, բանկային, սննդի անվտանգության ուղղությունները՝ միաժամանակ կարևորելով փորձի փոխանակմանն ուղղված համատեղ ծրագրերի նախաձեռնումը:

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին բազմակողմ հարթակներում համագործակցության դրական դինամիկայի պահպանման և առավել սերտացման հարցերի շուրջ:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման համար: Նախարար Մնացականյանը հավելեց, որ Համաձայնագիրը միաժամանակ արդյունավետ գործիք է՝ խթանելու ոչ միայն Հայաստան-ԵՄ, այլ նաև ԵՄ անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցությունը:

Հանդիպմանն ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման կարևորությունը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728