Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է արել այն մասին, թե այս պահին ինչն է խանգարում ԱՄՆ-ից Patriot տեսակի զենիթահրթիռային համալիրների ձեռքբերմանը: Թուրքական Hurriyet պարբերականի փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ն չի կարող կատարել այդ հարցում Անկարայի երկու պահանջները, դրանք են՝ զինատեսակի ձեռքբերման վարկի տրամադրում եւ համատեղ արտադրություն:
«Համատեղ արտադրությանն ու վարկի տրամադրմանը մենք առանձնակի կարեւորություն ենք տալիս: Չնայած այն փաստին, որ ԱՄՆ-ն դրական է վերաբերվում մեր՝ անհապաղ մատակարարման պահանջին, սակայն չի կարող ապահովել վարկավորում եւ համատեղ արտադրություն»,-նշել է Էրդողանը: Ապա նա կրկին հաստատել է, որ չնայած ԱՄՆ-ից Patriot-ների ձեռքբերման մտադրությանը՝ Թուրքիան չի հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները ձեռքբերելուց. «Մենք ՌԴ-ի հետ С-400-ի ձեռքբերման համաձայնագիր ենք կնքել, ուստի որեւէ հետքայլի մասին խոսք լինել չի կարող: Աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի С-400-ը մատակարարվեն արդեն հուլիսին»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ Թուրքիան չի հրաժարվելու ռուսական С-400-ները գնելու մտադրությունից, անգամ եթե հաջողվի ԱՄՆ-ից գնել Patriot-ներ. «Այդ երկու հարցերը միմյանց հետ չեն առնչվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ