Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ

Փետրվար 16,2019 12:55

Մյունխենում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ընդլայնման, երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ քաղաքական երկխոսության ծավալումը՝ գոհունակությամբ նշելով, որ այն նշանավորվում է երկու երկրների միջև բարձր մակարդակներում տեղի ունեցող պարբերական շփումներով և փոխայցելություններով:

Կողմերը համակարծիք էին, որ հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների ավանդաբար բարեկամական կապերի գործում մեծ ներդրում ունի Ֆրանսիայի հայկական համայնքը՝ որպես Հայաստանը և Ֆրանսիան իրար կապող յուրօրինակ կամուրջ:

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության հարաբերություններին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Ֆրանսիայի նախագահի խորհրդականը կարևորեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում ԵՄ անդամ պետությունների հետ:

Հայաստանի արտգործնախարարը զրուցակցին ներկայացրեց նաև Հայաստանի կառավարության առաջնահերթությունները՝ որպես զարգացման օրակարգի գերակայություններ մատնանշելով բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց, որ այս ոլորտներում արդեն իսկ արձանագրվել են հայ-ֆրանսիական համագործակցության լավ օրինակներ, որոնք մատնանշում են այս ասպարեզում առկա մեծ ներուժը:

Զոհրաբ Մնացականյանն ու Ֆիլիպպե Էտիենն անդրադարձ կատարեցին նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը՝ այդ առումով մասնավորապես կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ կարևորելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերն այս ուղղությամբ:

 

ՀՀ ԱԳՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728