2018 թվականի սեպտեմբերի 30-ին հայ-թուրքական սահմանից անհետացած տրակտորը տիրոջը՝ Գոռ Կարապետյանին է վերադարձվել ամբողջովին թալանված եւ վնասված: Հիշեցնենք, որ տրակտորի հայտնաբերման մասին հայկական կողմը տեղեկացել էր դեռ փետրվարի սկզբներին:
Խոստացել էին, որ տրակտորը կվերադարձնեն, եթե գյուղացին կարողանա ապացուցել, որ այն իսկապես իրեն է պատկանում: Իսկ սա, պարզվում է, լուրջ խնդիր է, քանի որ գյուղացիական այդ տեխնիկաները սովորաբար չունեն համապատասխան փաստաթղթեր: Գոռ Կարապետյանը, սակայն, կարողացել է ապացուցել, որ մեքենան իրենն է:
«Փետրվարի 6-ին ռուսական զորամասից եկան, տեղյակ պահեցին, որ տրակտորի ու պռեսպատբոռչիկի նկարը սայթ է քցած, տեսցնենք քեզի, կճանչե՞ս, քու տրակտորն է, թե չէ: Գնացինք Ախուրիկի ուղեկալը, տեսա նկարը, տրակտորիս վրա ջարդած, փոխած բաներ կային, էլի, ես մանրամասն նկարագրեցի, հավատացին, որ հա, իմս է: Բայց տրակտորը տեսնելու ընձի չտարան: Թուրիքայի կողմեն բերին էս տրակտորը, գռուզավիկի վրա բարձած, իրանց T-150-ի հետեւից կապած, բուկսիռով, ու ոչ մի բան չկա մեջը: Էն հասարակ բոլտ ու գայկեքից բռնած, կլյուչներից բռնած, խոտհնձիչի պահեստամաս ունեի, որը դրված էր կաբինկի մեջ, ամեն բան թալանած է, նույնիսկ հայլիները, սաղ ջարդած, փչացրած է, շարժիչն էլ տեղն է, բայց տրաքած է, պիտանի չէ, բդի հանեմ, շպրտեմ»,-պատմեց Կարապետյանը:
Դեպքով Հայաստանի կայազորային քննչական բաժնում նոյեմբերի 5-ին քրեական գործ է հարուցվել անհայտ անձի կողմից ուրիշին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առիթով: Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել էր անհայտ անձի կողմից ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու մասով: Այնուհետ քրեական գործը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավված անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում