Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության վճարած հարկերը կտրուկ կրճատվել են․ «168 ժամ»

Փետրվար 16,2019 10:25

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Այս ցանկը հետաքրքիր է նրանով, որ իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունը պատերազմ հայտարարեց օլիգարխներին և ստվերային տնտեսությանը։ Ենթադրվում էր, որ դա բերելու է՝ ինչպես ընդհանրապես, այնպես էլ՝ խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարվող գումարների կտրուկ ավելացման։ Առավել ևս, որ կառավարության ու Պետեկամուտների կոմիտեի ղեկավարները խոստանում էին էապես ավելի շատ հարկ հավաքել։

Իրականում ի՞նչ տեղի ունեցավ։ Բյուջեն թերակատարվեց։ Նախատեսվածի համեմատ՝ գրեթե 4 մլրդ դրամով պակաս հարկային եկամուտ հավաքվեց։

Իհարկե, հարկային եկամուտները գերազանցեցին նախորդ տարվա ցուցանիշը, բայց դրանք այն չէին, ինչի մասին տարիներ շարունակ խոսում էր ընդդիմությունը, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ իշխանության գալը նա խոստանում էր բյուջեի մուտքերն ավելացնել տարեկան առնվազն 800 մլն դոլարով։ Վարչապետի պաշտոնում նրան ոչ միայն չհաջողվեց կատարել այդ խոստումը, այլև նույնիսկ մոտենալ դրան։

Նախկինում մշտապես թիրախում պահելով որոշ հայտնի օլիգարխներին՝ այժմ արդեն Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարում խոսել նրանց կողմից վճարվող հարկերի մասին։ Ժամանակին այդպիսի օլիգարխներից էր, թերևս, Սամվել Ալեքսանյանը, որը մշտապես համարվել է իշխանությանը սպասարկող խոշոր գործարարներից մեկը՝ ունենալով ստվերում գործելու արտոնյալ պայմաններ։

Իշխանափոխությունից հետո, երբ հայտարարվեց նախկին հարաբերությունների վերացման մասին, թվում էր, թե դա պիտի հանգեցներ Սամվել Ալեքսանյանի կողմից պետական բյուջեի վճարվող հարկերի ավելացմանը։ Սակայն հակառակն է եղել։

Գործարարին պատկանող հայտնի «Ալեքս Հոլդինգըե» նոր իշխանությունների օրոք անհամեմատ ավելի քիչ հարկ է վճարել։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ ընկերության կատարած հարկային պարտավորությունները նախորդ տարվանից պակաս են եղել 24,5 տոկոսով։ Տարբերությունը կազմել է 5 մլրդ 279 մլն դրամ։ Եթե 2017թ. «Ալեքս Հոլդինգը» պետական բյուջե էր վճարել 21 մլրդ 470 մլն դրամ, ապա 2018թ.` 16 մլրդ 191 մլն դրամ։

Թե ինչո՞վ է պայմանավորվել Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերության կողմից պետական բյուջե վճարված հարկերի կրճատումը, հավանաբար շատերին է հետաքրքրում։ Հատկապես որ իշխանափոխությունից անմիջապես հետո Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց մեծածախ առևտրային ցանցերում, որոնցից ամենախոշորը պատկանում է, թերևս, հայտնի գործարարին, «անհավանական» սխեմաներ և հարկային պարտավորությունները թաքցնելու դեպքերի բացահայտման մասին։

Հետագայում, իհարկե, այդ բացահայտումները նույն արագությամբ մոռացության մատնվեցին։ Իսկ ավելի ուշ սկսեցին խոսակցություններ պտտվել, որ հայտնի օլիգարխը ոչ միայն այլևս Նիկոլ Փաշինյանի վաղեմի հակառակորդը չէ, այլև խորհրդարանի ընտրություններում իր բոլոր լծակներով պայքարում է նրա իշխանության ամրապնդման և ձայներ ապահովելու համար։

Այդպես էր, թե ոչ, այնքան էլ կարևոր չէ։ Բայց որ իշխանափոխությունից հետո Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության մոտ տեղի է ունեցել վճարած հարկերի նման կտրուկ կրճատում, որոշակի հարցերի տեղիք է տալիս։ Հազիվ թե կարելի է կարծել, որ մենաշնորհներն ամրատախիլ անելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո գործարարը կորցրել է դիրքերը։ Որ ինչպես՝ մինչև իշխանափոխությունը, այնպես էլ՝ իշխանափոխությունից հետո Սամվել Աելքսանյանին պատկանող ընկերությունը գերիշխող դիրք ունի բազմաթիվ ապրանքային շուկաներում, փաստ է։ Ավելին, որոշ ոլորտներում այդ դիրքերը նույնիսկ ամրապնդվել են։

 

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728