Հայաստանի քաղաքացիները հոգնել են փոփոխության սպասումից` նրանք իրական փոփոխություններ են ուզում: Այնպես որ` եթե նոր կառավարության ծրագիրը սպիտակ ու դատարկ թուղթ էլ լիներ, մարդիկ հակված են դրանով անգամ նոր կառավարությանը փոփոխությունների, «տնտեսական հեղափոխության» խոստումն իրականություն դարձնելու հնարավորությունը տալ:
Քանի որ դա ժողովրդի քվեով ընտրված քաղաքական մեծամասնության կառավարութան սպիտակ թուղթն է, ու այդ թուղթը ժողովրդին չի հետաքրքրում բոլորովին, նրան հետաքրքրում է, որ վերջապես նոր կառավարությունն աշխատի ի՛ր ծրագրով, պատճառ չբռնի, որ ստիպված իներցիոն հին բյուջեն է իրականացնում, ոչ մի ուրիշ պատճառից էլ չկառչի, թե ինչու չստացվեց արդյունավետ աշխատել, այլ ընդհակառակը` ցանկալի արդյունք ցույց տա: Որ վերջապես ժողովուրդն էլ իրավունք ստանա` կա՛մ գոհանալու ու գովելու կառավարությանը, եթե արդյունք ստացվի, կա՛մ` խիստ քննադատի ու իր կյանքը փոխելու նոր պահանջներ ձեւավորի, եթե չստացվի:
Տարբեր տրամաչափի տնտեսագետներն ու ոլորտային մասնագետները դեմքի խելացի արտահայտությամբ որ քնադատում են կառավարության նոր ծրագիրը, խոսում թվերի, թիրախների, գործիքների բացակայությունից` միգուցե ճիշտ են, իրոք, բայց արժե նրանց հիշեցնել, որ հենց մոտիկ անցյալում իրենց սարքած թվախեղդ, թիրախախեղդ ու գործիքախեղդ բյուջեներով են, չէ՞, հասցրել ժողովրդին աղքատության այս վիճակին, ռեսուրսների փոշիացմանը, պետության հսկա արտաքին պարտքին, ու ժողովուրդն առանց նրանց գրած գեղեցիկ թվերի մեջ խորանալու` տուն ուղարկեց այդ խելացիներին ու նրանց թվային բյուջեների պատասխանատուներին:
Այնպես որ`սովորական մարդիկ դեռ հակված են այս պահին ընդունել լեգիտիմ, հանրության վստահության ռեսուրսը դեռեւս տիրապետող կառավարության նոր խաղի կանոնները` ոչ թե մանրամասն, այլ ընդամենը մոդելավորում պարունակող ծրագրով «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու մտադրությամբ:
Ուրիշ բան, որ հենց նույն կառավարությունն առանց մանրամասնված թվերի մթության մեջ ափլփելով շարժվողի պես է աշխատելու, անընդհատ հետ է գնալու եւ նայելու է նախորդ տարիների բյուջեները, որպեսզի կարողանա կողմնորոշվել` ինչն-ինչպես, մանավանդ` նախարարությունների թիվը կառավարության կառուցվածքի մասին օրենքի նոր նախագծով 17-ից դառնում է 12, եւ նախօրոք պատրաստված մանրակրկիտ ցուցանիշներ այս առումով էլ չէին կարող լինել: Սակայն դա հենց նույն կառավարության պրոբլեմն է, եւ ոչ թե ՀՀ քաղաքացու:
Կամ քաղաքացու պրոբլեմն է այնքանով, որքանով որ նրան վարչապետ Նիկոլ Փաշինյանը «քաղաքական հեղափոխություն» անելու գործիքակազմով ուզում է մասնակից դարձնել, ներառել իր հայտարարած «տնտեսական հեղափոխության» մեջ, ու անգամ այս պարագայում Փաշինյանն ինքը, եւ ոչ թե ժողովուրդն է պատասխանատու ծրագրի իրականացման համար մեծ հաշվով: Հայաստանի քաղաքացուն ընդամենը պետք է, որ իր համար որեւէ ծրագիր ուղենիշ համարող կառավարությունը շուտ անցնի իր ծրագրի կատարմանը:
Նոր կառավարությունն ինչքան շուտ աշխատի` այնքան շուտ ժողովուրդը կհասկանա` սխալվե՞լ է, թե ոչ. սխալված լինելու դեպքում այնքան շուտ կսկսի ելքեր որոնել իրավիճակից: Իսկ հիմա ավելի լավ է թողնենք, որ կառավարությունն իսկապես ու վերջապես սկսի աշխատել, ու մենք տեսնենք, թե ինչ բան է վարչապետ Փաշինյանի ասած «տնտեսական հեղափոխությունը», որը նախ, ըստ Փաշինյանի, բոլորիս գլխում պետք է տեղի ունենա` սկսած ՀԴՄ կտրոնը պահանջելու իմպերատիվ պարտավորությունից մինչեւ սեփական խեղճությունը հաղթահարելու բարդույթից ազատման համատարած ջանք` Հրանտ Մաթեոոսյանի բանաձեւով:
Վերջին դեպքում պետությունը նախատեսում է տնտեսության ներառականություն, այսինքն` տնտեսական գործունեության մասնակիցների շրջանակի կտրուկ ընդլայնում` սովորական մարդու հաշվին, որի համար մինչեւ 24 մլն դրամ շրջանառության պարագայում հարկման շատ թեթեւ մեխանիզմներ է առաջարկում կառավարությունը:
Առայժմ այդ հեղափոխությունը սկսվում է թանկացումների նոր ալիքով` թանկացել են հացը, ալյուրը, բանանը, կարտոֆիլը, տեղական արտադրության կաթնամթերքը եւ այլն:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» օրաթերթի այս համարում