Լրահոս
Օրվա լրահոսը

Հռետորաբանությունը բաժանել բովանդակությունից

Փետրվար 16,2019 10:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կարելի է պայմանականորեն բաժանել հռետորաբանական եւ բովանդակային մասերի: Ասում եմ՝ «պայմանականորեն», որովհետեւ հռետորական հնարքները, հուզական շեղումները, ընդդիմախոսներին ուղղված ակնարկներն ու հուժկու հակահարվածները միահյուսված էին բովանդակությանը, կոչված էին այն ավելի համոզիչ դարձնելուն:

Վստահ եմ, որ ունկնդիրների մեծ մասին այդ հռետորաբանությունը համոզում է, վարչապետի խոսքը դարձնում է ավելի ցայտուն եւ «ժողովրդական»: Ես նման կռվազան, մեղադրական, «սպառնալից» ոճի երկրպագուն չեմ՝ չնայած հասկանում եմ, որ դա ճաշակի խնդիր է: Ընդդիմադիրներն էլ, եթե նեղվում են, ուրեմն պարզապես դեռ ծանոթ չեն Նիկոլ Փաշինյանի բնավորությանը:
Բայց եթե պատկերացնենք, որ նույն բաներն ասվել են հանգիստ, հավասարակշռված տոնայնությամբ, ապա կկարողանանք ծանոթանալ վարչապետի ասածների բովանդակությանը, որն անձամբ ինձ սրտամոտ է:

Բուն գաղափարն այն է, որ ինչպես քաղաքական հեղափոխությունը չի կարող իրականացվել մեկ մարդու կամ մարդկանց խմբի կամքով, այլ պահանջում է հասարակության մեծամասնության համաձայնությունը եւ համակարգված ջանքերը, այնպես էլ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է հասարակության նույն «կոնսենսուսը» եւ նպատակասլացությունը: Ընդ որում, երկրորդ դեպքում ջանքերը չեն կարող տեւել մի քանի օր կամ մի քանի շաբաթ՝ դա որոշակի արժեքների վրա հիմնված երկարատեւ եւ անշեղ գործընթաց է:

Եթե քաղաքացին իրեն պատասխանատու չզգա պետության համար, ո՛չ պետության, ո՛չ էլ քաղաքացու կյանքում դրական տեղաշարժեր չեն նկատվի: Այդպես է բոլոր՝ մանր ու մեծ գործերում: Եթե դուք չպահանջեք, որ փակ տարածքներում մարդիկ չծխեն, ապա դատապարտված եք խեղդվել ծխի մեջ: Եթե սպասում եք, թե «երբ է էս ժողովրդի վիճակը լավանալու», նկատի ունենալով, թե երբ են ձեզ վերեւից ինչ-որ բան հրամցնելու՝ աշխատանք, աշխատավարձ եւ այլն, ապա վիճակը չի լավանալու: Եթե ամեն օր արթնանալիս ասում եք՝ ես խեղճ եմ, ես քյասիբ եմ, ես ապրում եմ ուժեղների ողորմությամբ, ապա դատապարտված եք ապրել հենց այդպիսի կյանքով:

Համաձայն եմ նաեւ, որ պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ՝ չի կարելի երկարատեւ հեռանկարում հույս դնել պարկեշտ մարդկանց նվիրվածության վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ «հին Հայաստանում» նախարարների, մարզպետների, անգամ ռեկտորների մեծ մասը նույնիսկ չգիտեր, թե որքան է իրենց աշխատավարձը, անգամ բացառված չէ, որ նրանք չէին վերցնում այն, որովհետեւ այդ մարդկանց իրական եկամուտը (ենթադրաբար՝ անօրինական) 10, 20 անգամ ավելի բարձր էր, քան պետության կողմից տրվող մի քանի հարյուր հազար դրամը:

Եթե մարդիկ սկսել են խոսել պաշտոնյաների աշխատավարձերից եւ պարգեւավճարներից, դա լավ է՝ ուրեմն, ենթադրվում է, որ պաշտոնյաները հենց դրանցով են ապրելու:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ի. Ղուլինյան-Գերց says:

    Պարոն Աբրահամյան, շատ դիպուկ դիտարկում է: Թեեւ նորություն ասած չեմ լինի, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հավելել, որ երեւույթներն ու իրադարձությունները մետամակարդակում համառոտ վերլուծելու մեծ ձիրք ունեք: Նման կառուցվածքով եւ բովանդակային հստակ շեշտադրմամբ խոսքի հայկական լրատվական դաշտում, որքան որ հասցնում եմ դրանց Հայաստանից դուրս հետեւել, հազվադեպ եմ հանդիպում:
    Լավագույն ողջույններով՝ Իրինա Ղուլինյան-Գերց

  2. gib.gibindus says:

    Ավելի հասկանալի է ձև և բովանդակություն տերմինաբանությունը: Բովանդակության թերի լինելը հաճախ կոծկվում է ձևի ՛՛ջղաձգումներով՛՛: Դրան ականատես եղանք: Տպավորություն էր, թե միակ մարդը, ով չգիտի ինչպես պետք է գրել կառավարության, այն էլ հեղափոխական ծրագիրը՝ ես եմ: Ես իսկապես չգիտեմ, տարօրինակ է որ մենակ եմ: Իսկ ինչ վերաբերում է ՛՛քաղաքական հեղափոխությունը չի կարող իրականացվել մեկ մարդու կամ մարդկանց խմբի կամքով՛՛ մտքին, ինչի շուրջը դուք կառուցում եք ձեր վերլուծությունը՝ ակնհայտ սխալ է: Հայտնի է, որ 2-4 տոկոսի համաձայնությունը բավական է, որ փոքր խմբով հեղափոխություն անեն: Դա առկա է որպես փաստ բոլոր հայտնի և նկարագրված հեղափոխությունների պատմության ու տեսության մեջ: Ինչ վերաբերում է աշխատավարձ չվերցնելուն՝ նորից սխալվում եք: Վերցնում էին կանխիկ աշխատավարձի ժամանակ, իսկ վերջին 10-15 տարում պարզապես փոխանցում են անձնական հաշվին: Ձև և բովանդակություն՝ արդեն դժվար են իրարից բաժանվում: Պատճառները շատ են, եթե սկսեմ շարադրել՝ կնեղացնեմ շատերին: Ի՞նչ գործ ունեմ, շառից հեռու…

  3. Լավատես says:

    Մենք դեռ նոր առաջին քայլերն ենք անում ինքնիշխանության, դեռ ժամանակը չի դասական իշխանություն ընդդիմություն խաղալու, այսօր երկրի կառավարման համակարգային հիմնասյուններն ենք կառուցում եւ դա վերկուսակցակցական խնդիր է, բոլոր ազգային մտահոգ խելոք կուսակցականներն ու անկուսակցականները պետք է միասին ստեղծեն մի ազգային տնտեսական սպայակույտ ու մշակեն մեկ ընդհանուր տնտեսական ազգային ռազմավարություն, որ ով էլ գա իշխանության, սրբորեն շարունակի իր նախորդի ռազմավարությունը: Եթե մենք մնանք մարտավարական տուրուդմփոցի մեջ, ոչ մի ազգային ռազմավարություն չենք ունենա ու էլի օրհնելու ենք էն սհաթը, բա դա մեզ պետք ա՞:

  4. Հ.Շ. says:

    «Ենթադրվում է»ն լաւապէս ամփոփում է ընդհանուր կացութիւնը: Այժմ ու տակաւին, ենթադրութիւններու հանգրուանի մէջ կը գտնուի, ամէն բան: Տարոսը՝ փաստացի հաստատումներուն, անվիճելի իրագործումներուն:

    Այո, հանրային պաշտօնէութեան աշխատավարձը բարձրացնելը միջոց մըն է, պայքարելու համար կաշառակերութեան դէմ: Սակայն լաւագոյն վարկածով անգամ, բաւարար չէ: Քանզի միայն աղքատութիւնը չէ, որ գլուխներուն մէջ է:

    Ամէն դէպքում, ներքին ճակատի վրայ, Իշխանութեան միակ էական խնդիրը՝ ներազգային պառակտումն է: Ծայրագոյն աստիճանի: Ենթադրենք որ այդ ալ կը ջանան դարմանել:

    https://haytougchamlian.blog/

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728