Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի «պատգամը» հայ ժողովրդին

Փետրվար 16,2019 14:00

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԳՄ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը

– Ադրբեջանական Real TV հեռուստաալիքի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է. «Այսօր աշխարհում գերիշխում է «ով ուժեղ է, նա ճիշտ է» սկզբունքը: Ուստի ուժային գործոնը միշտ եղել է եւ կմնա օրակարգում»: Արցախի հարցի կարգավորման գործընթացում Ադրբեջանի ղեկավարը երբեք էլ չի թաքցրել իր ռազմական նկրտումները, սակայն ՀՀ նոր իշխանությունների հետ ընթացող «բանակցային գործընթացի» ֆոնին նման հայտարարությունը ի՞նչ է փաստում:

– Ես կարծում եմ, որ սա շատ խիստ եւ յուրահատուկ պատգամ էր՝ ոչ միայն ՀՀ իշխանություններին, ոչ միայն Արցախի իշխանություններին, այլեւ ողջ հայ ժողովրդին: Ինչպես եւ 30 տարի առաջ, Արցախի հիմնահարցի հետ կապված Ադրբեջանն այլ դիրքորոշումներ չի որդեգրել: Ուժային մեթոդով հարցը հանգուցալուծելու դիրքորոշումներն Ադրբեջանի ղեկավարության մոտ երեւան եկան 1990-ականներին, երբ խորհրդային պետության փլուզման շեմին հնարավոր էր ամեն ինչ կարգավորել սահմանադրական իրավունքի նորմերից ելնելով: Ադրբեջանը որդեգրեց ռազմական ագրեսիան եւ ստացավ այն, ինչ ունի: Եվ այն, որ զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը շարունակում էր նույն այդ հռետորաբանությամբ իր քաղաքականությունը ոչ միայն սեփական ժողովրդին, ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում ավելի լսելի դարձնել, այսօր էլ նույն ոճն է շարունակում: Զարմանալի, ինձ համար գոնե, ոչինչ չկա: Սա հատուկ պատգամ էր, որից պետք է մենք հետեւություններ անենք՝ ոչ միայն առօրյա, այլ նաեւ ապագա քաղաքականությանը միտված:

Ադրբեջանի կողմից նման դիրքորոշման հետեւանքն է նաեւ Ադրբեջանի շարունակական սպառազինումը, աշխարհաքաղաքական գործընթացներում եւ տարբեր երկրների հետ երկուստեք հարաբերությունների զարգացումը:

– Իլհամ Ալիեւը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Արցախի հակամարտության լուծման բանակցություններին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը, եւ հայտարարել, որ ի սկզբանե թե՛ ինքը, թե՛ միջնորդները մերժել են Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այն թեզը, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ոչ թե Հայաստանի, այլ Արցախի հետ: Նա հավելել է, որ կայացել է բանակցությունների մի քանի փուլ, ինչը ցույց է տալիս, որ սկզբնական փուլում Հայաստանի նոր ղեկավարության կողմից առաջ քաշված սկզբունքները բացարձակապես անընդունելի են: Ըստ Ձեզ՝ սրանք զուտ եւ հերթական մանիպուլյացիանե՞ր են Ադրբեջանի կողմից:

– Կներեք, բայց հարցին հարցով պետք է պատասխանեմ. իսկ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, կա՞:

– Ամեն դեպքում, երկու երկրների արտգործնախարարները արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել, մի քանի հանդիպումներ էլ նախագահներն են ունեցել, անգամ 1,5 ժամ տեւողությամբ, թեպետ ՀՀ վարչապետը դրանք որակում է ոչ պաշտոնական հանդիպումներ:

– Այո, իրավացի եք: Բայց խնդիրը նաեւ այն է, որ Հայաստանի պաշտոնական շրջանակները փորձում են ներկայացնել, որ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա, եւ այդ հանդիպումները որեւէ պաշտոնական բանակցային գործընթաց չեն: Այդ իսկ առումով թույլ տվեք շրջանցել հարցը:

– Իսկ Ձեր կարծիքով՝ բանակցային գործընթաց կա՞, թե՞ ոչ:

– Այո, իմ կարծիքով՝ կա: Երբ կան հարաբերություններ, երբ կան ճշգրտված ձեւաչափեր, չեն կարող բանակցություններ չլինել: Բանակցությունները քաղաքականության մեջ չեն լինում միայն հրապարակային հանդիպումներով եւ առաջին դեմքերի մակարդակով: Բանակցային գործընթացը, պաշտոնականից զատ, ունի նաեւ ոչ պաշտոնական մաս: Ես կարծում եմ՝ այդ գործընթացն առկա է, եւ այդ գործընթացի մասին պետք է ավելի թափանցիկ եւ հստակ տեղեկատվություն ներկայացնել հանրությանը:

– Կռահո՞ւմ եք՝ ինչի շուրջ են բանակցությունները:

– Ավելի շատ մտահոգություններ ունեմ:

– Որո՞նք են դրանք:

– Այս պահին չեմ ցանկանում մանրամասնել:

– Իսկ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, կարծում եք, դեռ կենսունա՞կ են, թե՞ արդեն սպառված են եւ անցյալ:

– Գիտեք, քաղաքական այս կամ այն իրավիճակներում կամ իրադարձությունների բերումով միշտ էլ հնարավոր է նոր մոտեցումներ ցուցաբերել, եւ ողջունելի է պարոն Փաշինյանի կողմից օգտագործված այդ պահը՝ նոր ձեւաչափ որդեգրելու եւ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու: Մեզ մնում է միայն հուսալ:

– Վերջերս ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մեղադրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որ 2017-ին նա պատրաստ է եղել տարածքները վերադարձնելու ծրագրին, ինչի մասին իրազեկել է նաեւ Արցախի էլիտային…

– Ներող եղեք, պիտի ընդհատեմ ձեզ. այդ հայտարարությունների եւ գործընթացների հետ կապված մենք որեւէ մեկնաբանություն չենք տվել, ձեր հարցին էլ մեկնաբանություն չեմ տալու:

– Պատճառը ո՞րն է:

– Մեկնաբանություններ տվողներ եղել են: Մենք ունենք մեր գիծը եւ հավատարիմ ենք մեր որդեգրած գծին:

– 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, Ձեր կարծիքով, հայկական պետություններում անհրաժեշտ դասեր քաղե՞լ են, պատրա՞ստ ենք Ադրբեջանի հետ պատերազմի:

– Միանշանակ պետք է ասել՝ դասեր քաղել ենք, եւ այն փոփոխությունները, ինչ որ տեսել ենք, տեսնում ենք եւ լինելով առաջնագծին շատ մոտ` շոշափում ենք, դա են փաստում: Որքանո՞վ ենք պատրաստ պատերազմի, ես կարծում եմ՝ մենք մեր պաշտպանության եւ անվտանգության համակարգը հզորացնելու, զինանոցը համալրելու տեղ ունենք: Այդ առումով բացարձակ պատրաստվածության մասին չենք կարող խոսել: Բայց որ լուրջ դասեր քաղել ենք՝ միանշանակ է:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

15.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728