Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանում էլ մեծահասակ ամուսինները չեն կարողանում իրենցից հափշտակած գույքը վերադարձնել

Փետրվար 16,2019 13:30

Նախորդ իշխանությունների օրոք մի քանի կառուցապատողներ հարյուրավոր քաղաքացիներից գումարներ հավաքեցին` նորակառույց շենքերում բնակարան տալու պայմանով, սակայն մարդիկ ո՛չ բնակարանը տեսան, ոչ էլ կարողացան իրենց գումարները հետ ստանալ: Որոշ կառուցապատողներ մի բնակարանն անգամ մի քանի հոգու էին վաճառել, եւ մեկը մյուսից անտեղյակ գնորդները միայն քննչական մարմիններում էին պարզել, որ իրենց բնակարանը այլ սեփականատերեր էլ ունի: Բնակարան կար, որ 5-6 մարդու էր վերավաճառվել: Կառուցապատողներից բարձրաստիճան պաշտոնյաներ էլ էին խաբվել, սակայն երբ հերթը հասնում էր դատ ու դատաստանի, այդ պաշտոնյաները կարողանում էին իրենց հարցերը լուծել եւ տվյալ բնակարանի տուժած սեփականատեր հենց իրենք ճանաչվել` անկախ այն բանից, որ այդ բնակարանի վրա, իրենցից բացի, տարբեր առուվաճառքի պայմանագրերով մի երեք սեփականատեր էլ կար:

Լիպարիտ Մանուկյանն ու Նատալյա Ավագյանը նույնպես հայտնվել են Գագիկ Պապոյան կառուցապատողի ծուղակում: Նրանք էլ Արամի փողոցի 72-80 հասցեի 16 հարկանի շենքի 4-րդ հարկում 9-10 տարի առաջ բնակարան են ձեռք բերել: Մեծահասակ ամուսինները այդ բնակարանի համար բավականին մեծ գումար են վճարել` 130 հազար դոլարից ավելի, սակայն այսօր ոչ բնակարանն է իրենցը, ոչ էլ գումարներն են կարողացել հետ ստանալ: Երիտասարդ տարիներին խնայած գումարի կամ բնակարանի փոխարեն՝ ամուսիններին այս 8-9 տարիներին պետական ատյաններին գրած դիմումների պատասխաններն են մնացել, որոնք արդեն կիլոգրամներով են չափվում: Ամուսինները հայտնվել են դատական-քննչական-քաղաքապետարան-արդարադատության նախարարություն շրջապտույտի մեջ: Գործով Հատուկ քննչական ծառայությունն էլ է զբաղվել:

Քննիչ Ա. Բունիաթյանը դեռ 7 տարի առաջ արձանագրել է, որ ամուսինների գույքը Գագիկ Պապոյան կառուցապատողը խարդախությամբ հափշտակել է: Քննչական խմբի ղեկավարը նշել է նաեւ, որ Կենտրոն վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքերից բնակարաններ հատկացնելու պատրվակով մի շարք անձանց հետ կնքել է նախնական առուվաճառքի պայմանագրեր, ու նրանցից ստացած գումարները նույնպես հափշտակվել է:

Քննիչի կողմից գործ է հարուցվել, Լիպարիտ Մանուկյանն էլ տուժող է ճանաչվել:

Քաղաքացու գործը դատական մի քանի ատյաններով է անցել, հօգուտ Լիպարիտ Մանուկյանի վճիռներ են կայացվել, սակայն հարկադիր կատարման ծառայությունը երկար տարիներ իր պարտականությունը չի կատարել եւ գույքը չի բռնագանձել:

Ըստ Լիպարիտ Մանուկյանի՝ «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը, որը դատապարտվել է 10 միլիարդ դրամ հափշտակելու մեղադրանքով, նաեւ իրավաբան Գեւորգ Աթոյանը հայտարարել են, որ Մանուկյանների գումարները ծախսվել են 16 հարկանի շենքի կառուցման համար. «Իրավաբանը ժամանակ խնդրեց, որ գումարը բերի եւ տա: Նրանց կողմից ունենք փաստաթուղթ, որ մեր տված գումարը շենքի կառուցման մեջ է ներդրվել, բայց ո՛չ գումարը տվեցին, ո՛չ բնակարանը»:

Քրեական գործից տեղեկանում ենք, որ Արամի 72-80 հասցեներում 21000 քառակուսի մետր մակերեսի դիմաց 2005-2011 թվականների ընթացքում 16 հարկանի շենքի կառուցապատող «Գապբնակշին» ՍՊԸ-ն վաճառել էր 53000 քառակուսի մետր: Արամի 72-80 հասցեներում մեկ բնակարանը վաճառվել էր անգամ 7-8 քաղաքացու:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Լիպարիտ Մանուկյանը, Գագիկ Պապոյանը առաջարկել է բնակարանը ստանալ, վաճառել եւ գումարը վերցնել: Սակայն ամուսինները ոչ էլ բնակարանի երեսն են տեսել, ուր մնաց` վաճառեն:

Դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. «Մի քանի դատական վճիռներ ունեմ հօգուտ ինձ, բայց այդ վճիռները չեն կատարվել»:

Վճիռներից մեկով, օրինակ, բռնագանձում է տարածվել շենքի վրա, որպեսզի վերադարձնեն քաղաքացիների ներդրած գումարը:

Գագիկ Պապոյանի փաստաբանն ասել է, որ իրենց ժամանակ տրամադրեն, իրենք այդ գումարը կփոխհատուցեն մեզ: «Սակայն նորից խաբեցին եւ մեր գումարները չտվեցին»,- ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ Վարչական դատարանը նույնպես բռնագանձում է դրել շենքի վրա, սակայն կրկին արդյունքի չեն հասել: Դատարանի վճիռները պարզապես ի կատար չեն ածվել:

Լիպարիտ Մանուկյանը տասնյակ նամակներ է գրել երկրի վարչապետներին, արդարադատության նախարարներին, իրավապահ այլ մարմիններին` տրամադրելով ապացույցներ, փաստեր ու դատական վճիռներ: Վարչապետներին ուղղված դիմումներում գրել է, որ «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը, ԴԱՀԿ-ի աշխատակիցներ Գագիկ Սախոյանը, ԴԱՀԿ պետի տեղակալ Դավիթ Բեգինյանը պլանավորված խլել են իմ բնակարանը, եւ այս ամենի մասին տեղյակ է եղել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը»՝ պահանջելով իր գումարը, բայց քաղաքացու դիմումները ոչ մի արդյունք չեն տվել:

Եթե նախկին իշխանությունների օրոք հարցին ընթացք չտալը Լիպարիտ Մանուկյանը բացատրում էր յուրայիններին հովանավորելով, ապա հիմա, երբ իշխանափոխություն է փոխվել, եւ ներկայիս կառավարությունը, քաղաքապետարանը, նրանց պաշտոնյաները կապված չեն այս գործընթացների հետ, Լիպարիտ Մանուկյանի համար անհասկանալի է` ինչո՞ւ հիմա իր հարցը չի լուծվում, գործին ընթացք չի տրվում:

Լիպարիտ Մանուկյանը դիմել է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, պատմել է ողջ անօրինական գործընթացը, նաեւ ասել, թե ինչպես տարբեր տարիների դատական վճիռները չեն կատարվել: Տրամադրել է նաեւ հափշտակության վերաբերյալ փաստաթղթերը: Գործը մակագրվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Դատախազությունից պատասխանել են, որ դիմումներում բարձրացված մի շարք հարցեր արդեն իսկ իրենց գնահատականն են ստացել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ավարտված վարույթի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում նույն դեպքի առթիվ նախաքննություն կատարելու դատավարական կարգ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1 հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել ՀՀ Վերաքննիչ դատարանի, իսկ ՀՀ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` միայն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից` նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով:

«Դիմումների ուսումնասիրությամբ նաեւ պարզ է դառնում, որ խնդրո առարկա դատական ակտերը վերանայելու վարույթ նախաձեռնելու համար դրանք առերեւույթ փաստական հիմքեր չեն բովանդակում»,- ասված է դատախազ Ա. Մնացականյանի` Լիպարիտ Մանուկյանին ուղղված պատասխանում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

15.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728