Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղմուկի քարտեզի» հեղինակը դեռ դատարանում է

Փետրվար 16,2019 13:00

Օրեր առաջ իր ՖԲ էջում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում էր կատարել. «Մենք արդեն ունենք Երեւան քաղաքի Փոքր Կենտրոնի աղմուկի քարտեզը, որը կազմվել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային կենտրոնի կողմից»:

Նախարարի գրառմանը հետեւեց հետեւյալը. «Հաշվի առնելով այդ հանգամանքը, համաձայն առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների՝ Երեւան քաղաքում ձեւավորվել է աղմուկի դեմ պայքարի ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել եւ վերլուծել քաղաքի առավել աղմկոտ տարածքներում շրջակա միջավայրի վրա ազդող աղմուկը, հայտնաբերել հիմնական աղբյուրները՝ տեսակները, ստեղծել աղմուկի քարտեզ, որը բնակավայրերում կտա հստակ պատկերացում աղմուկի մակարդակի վերաբերյալ:

Քանի որ Երեւան քաղաքը բավականին մեծ է, եւ աղմուկի քարտեզը հիմնականում ներառում է տրանսպորտային հոսքերի աղմուկը, առաջին փուլում՝ 2018թ. ընթացքում, չափումներն իրականացվել են Երեւան քաղաքի Փոքր Կենտրոնի առավել աղմկոտ տարածքներում, սակայն նախատեսվում է 2021թ. ներառյալ քարտեզագրել բոլոր համայնքները: Իրականացված չափումների ընթացքում պարզվել է, որ աղմուկի մակարդակը փոխվում է՝ ինչպես կախված ժամից, այնպես էլ տեղից եւ օրից: Աղմուկի մակարդակի բարձրացմանը հիմնականում նպաստում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ ոչ ճիշտ վայրերում տեղակայված եւ սխալ դասավորվածություն ունեցող շենքերը, որոնք նպաստում են աղմուկի ուժգնացմանը եւ տարածմանը: Քաղաքը բաժանված չէ բնակելի եւ բիզնես հատվածների, շինությունների նշանակությունը ի սկզբանե որոշված չէ, այն նույնպես նպաստում է ոչ բարենպաստ պայմանների: Շինարարական աշխատանքների ծավալի աճը, որտեղ հաշվի չի առնվում նորմերը, եւս հանգեցրել է նրան, որը շրջակա միջավայրում աղմուկի մակարդակը գերազանցում է թույլատրելի մակարդակը 25-30 դեցիբելով։ Երեւան քաղաքի աղմուկի դեմ պայքարի ծրագիրը իր տեսակով եզակի է եւ ներառում է բավականին թվով մեծ ինֆորմացիա, քանի որ վերջին անգամ աղմուկի քարտեզը կազմվել է 1976թ.»:

«Առավոտը» դեռ լուսաբանում է Ակուստիկայի կենտրոնի հիմնադիր Աշոտ Առաքելյանի դատական գործը: Հիշեցնեմ, որ մենք «Տարածաշրջանի միակ գերխլացված տարածքը բարձրաձայնում է» (05.12.2017) հրապարակմամբ անդրադարձել էինք Երեւան քաղաքի աղմուկի քարտեզի հեղինակ Աշոտ Առաքելյանին:

Ըստ էության, պետական գաղտնիքներ ամփոփող տարածքի նկատմամբ իրականում ոտնձգություն է տեղի ունեցել: Հիվանդանոց կառուցելու նպատակով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող «Ակուստիկայի հանրապետական գիտական կենտրոն» այլեւս գոյություն չունի:

Ակուստիկայի կենտրոնի հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Աշոտ Առաքելյանը «Առավոտին» էր տրամադրել բազմաթիվ պատմական նկարներ, իրենց գործունեության մասին. «Աղմուկի քարտեզ պատրաստվում է այն դեպքում, երբ քաղաքը մեկ միլիոնից ավելի բնակչություն ունի»:

«Առավոտի» հարցին, այդ դեպքում ինչո՞ւ է վերջին անգամ 1976թ.-ին պատրաստվել Ձեր հեղինակած «Աղմուկի» քարտեզը, նա պատասխանում է՝ գումար չէին տրամադրում: Սակայն դա չի խանգարել, եւ մեծ քաղաքներում դեռ իրենց պատրաստած աղմուկի քարտեզներն են՝ Գյումրի, Կապան, Հրազդան, Վանաձոր:

Ի դեպ, կենտրոնը հիմնադրվել էր 1980թ.-ին՝ Հայաստանի կառավարության թիվ 240 որոշմամբ, իսկ տասնութ տարի հետո այն վերակազմավորվել է բաժնետիրական ընկերության: Կենտրոնը նախագծել է եւ կառուցել Ազգային ռադիոյի 6-րդ համերգային ստուդիան, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի դահլիճը, Մ. Սեբաստացու անվան կրթահամալիրի ձայնագրման ստուդիան, «Արմենիա» հյուրանոցի ջազ-բարի տարածքը, «ԱրմենԱկոբ» մշակութային կենտրոնի ձայնագրման մեծ եւ հեռարձակման փոքր ստուդիան:

Նախկինում կառավարությանն առընթեր Հատուկ ծրագրերի պետական վարչությունը, պաշտպանության եւ առողջապահության նախարարությունները դիմել են կենտրոնի գիտաշխատողներին:

Այս կենտրոնի գործը նաեւ վերաքննիչ դատարանում է, նրանք դատի են տվել քաղաքապետարանին, իսկ բացառիկ մասնագետներն էլ սպասում են կենտրոնի հարցի լուծմանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ 70-ականների արխիվի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728