Բրամսի կրկնակի կոնցերտից մինչեւ աշխարհահռչակ անունների հետ համագործակցություն
Մեր անդրադարձը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգին ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի եւ թավջութակահարուհի Անաստասիա Կոբեկինայի (Ռուսաստան) մատուցմամբ Բրամսի կրկնակի կոնցերտի մեկնաբանությանը մի քանի պատճառ ունի: Այս ստեղծագործությունը մեր հայ ջութակահարուհին ժամանակին կատարել է Ալեքսանդր Բուզլովի (Ռուսաստան) ընկերակցությամբ, դարձյալ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Լիտվայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Հիշյալ երկը ֆիլհարմոնիկի ընթացիկ համերգաշրջանի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ընթացող ամենամյա միջազգային փառատոնին ներկայացրել են Կլարա Յումի Քանգը եւ Թիմ Պարկը: Ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ մինչ այսօր այս ստեղծագործության մեկնաբանման առիթով հիշատակվում է ճանաչված երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանի եւ Նարեկ Հախնազարյանի անունները: Թե ինչու է Բրամսի կրկնակի կոնցերտը դարձել ֆիլհարմոնիկի նախընտրած ստեղծագործություններից մեկը, զրուցեցինք Էդուարդ Թոփչյանի տիկնոջ՝ Անուշ Նիկողոսյանի հետ:
«Կրկնակի կոնցերտը Բրամսի լավագույն գործերից է եւ կոմպոզիտորի վերջին նվագախմբային ստեղծագործությունը: Ընդ որում, այս կոնցերտը Բրամսը նախատեսել էր գրել միայն թավջութակի համար, քանի որ ստեղծագործական վեճ էր ունեցել իր ժամանակի անվանի ջութակահար Յոզեֆ Յուահիմի հետ, բայց կարճ ժամանակ անց հարթվել էր ամեն ինչ: Արդյունքում ծնվեց կրկնակի կոնցերտը եւ այն որակվեց իբրեւ «հաշտության» ստեղծագործություն»,- հայտնեց Անուշ Նիկողոսյանը: Հավելեց նաեւ, որ Բրամսը, որը ռոմանտիզմի շրջանի ստեղծագործող էր, իրեն համարում էր Բեթհովենի գործի շարունակողը եւ իր առաջին սիմֆոնիան քննադատները անվանեցին ոչ ավել-ոչ պակաս՝ Բեթհովենյան սիմֆոնիա: «Եվ մի բան էլ. համաշխարհային երաժշտական գրականությունում այնքան շատ չեն նվագախմբի հետ ջութակի եւ թավջութակի կրկնակի կոնցերտները»,- նշեց մեր զրուցակիցը:
Կրկնակի կոնցերտի կատարումը ենթադրում է երկու երաժիշտների, այս դեպքում՝ ջութակահարուհու եւ թավջութակահարուհու, հնարավորինս նույն մտածողություն: Երաժիշտներից ստացանք նույնաբովանդակ պատասխան՝ միջազգային պրակտիկայում ոչ թե մեկ-երկու, այլ բազմաթիվ կրկնակի կոնցերտի ժանրում գրված գուցե թվով ոչ շատ, բայց նման ստեղծագործությունների հիանալի կատարումներ կան: Անաստասիա Կոբեկինան հայտնեց, որ կոնկրետ իր եւ Անուշ Նիկողոսյանի դեպքում նույնիսկ առաջին փորձից լեզու են գտել:
Թերեւս, դրվատանքի խոսքեր կարելի է ուղղել Էդուարդ Թոփչյանին, որը վստահելով երկու երաժիշտներին, գուցե նկատի է ունեցել նրանց անցած համարյա նույն ստեղծագործական ճանապարհը: Այսպես՝ Անուշ Նիկողոսյանը հանդիսացել է Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակառու, սովորել է անվանի մանկավարժ Պետրոս Հայկազյանի, այնուհետեւ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, այնուհետեւ ուսումը շարունակել Մյունխենի համալսարանում՝ պրոֆեսոր Քրիստոֆ Պոպպենի դասարանում: Անաստասիա Կոբեկինան ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցում, հետո շարունակել դարձյալ Գերմանիայում՝ Բեռլինի արվեստների համալսարանում: Այստեղ մեկ տարբերություն կա՝ եթե ներկայումս թավջութակահարուհին կատարելագործվում է Փարիզի կոնսերվատորիայում, ապա մեր ջութակահարուհին ավարտել է ուսումը: Բայց քանի որ նա Թոփչյանի տիկինն է, հավանաբար շարունակում է եթե ոչ դասեր, գոնե խորհուրդներ ստանալ ամուսնուց:
Երաժիշտների առաջին բեմելը կայացել է դարձյալ վաղ հասակում. Անաստասիան 7-8 տարեկանում առաջին անգամ հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի, այնուհետեւ Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» անսամբլի հետ: Նույն տարիքում աչքի է ընկել նաեւ Անուշ Նիկողոսյանը:
Հասկանալի պատճառով չենք կարող հիշատակել նրանց մասնակցությունը մի շարք միջազգային մրցույթներին ու փառատոներին, ինչպես նաեւ համագործակցությունը տարբեր ճանաչված կոլեկտիվների հետ: Նույն «վիճակում» է նաեւ հայ եւ ռուս երիտասարդ արվեստագետների հյուրախաղային գրաֆիկի աշխարհագրությունը՝ Երեւանից, Մոսկվայից մինչեւ Եվրոպա եւ ԱՄՆ: Ոչ պակաս կարեւոր մի հանգամանք եւս. Անուշը նվագում է Ժան-Բատիստ Գվադանինիի կերտած ջութակով (1753թ.), իսկ Անաստասիան՝ Ջովանի Բատիստա Գվադանինիի թավջութակով (1743թ.): Էլ չենք խոսում երաժիշտների ելույթների մասին, որոնք կայացել են ճանաչված համերգասրահներում, այդ թվում՝ Ֆրանկֆուրտի, Վարշավայի, Կլագենֆուրտի եւ այլն:
Կարեւոր ենք համարում նշել երաժիշտների մասնակցությունը կամերային կազմերում, օրինակ՝ Անուշը համագործակցել է աշխարհահռչակ անուններ Ջուլիա Ֆիշերի, Քիմ Քաշքաշյանի, Ֆրանսու-Ֆրեդերիկ Գիի, Ռադովան Վլադկովիչի, Մարիո Բրունելլոյի, Բենջամին Նիֆֆենեգերի եւ այլոց հետ, իսկ Անաստասիան՝ Յուրի Բաշմետի, Գիդոն Կրեմերի, Անդրաշ Շիֆի, Դենիս Մացուեւի եւ մյուսների հետ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
15.02.2019