Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը, որն իր գործընկերների հետ հյուրախաղերով գտնվում էր Գլենդելում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե՞ կան մարդիկ, որոնք հեղափոխությունից հետո հայրենիք վերադառնալու ցանկություն ունեն, ասաց․ «Վերադառնալու մասին խոսք չկար, որովհետև դեռ կոնկրետ բաներ չկան Հայաստանում կատարված, որ առիթ հանդիսանան նրանց մտածելու վերադարձի մասին, բայց անհանգստացած էին, անընդհատ հարցնում են՝ ի՞նչ փոփոխություն կա, ի՞նչ հույսեր կան, որ երկիրը երկիր կդառնա»։
Թատրոնի գլխավոր ռեժիսոր, տնօրենի ժ/պ Լյուդվիգ Հարությունյանն էլ ասաց․ «Բոլորի հետ խոսելուց զգացի, որ հավատն է մեծացել իրենց մոտ, որ վաղն էլ ավելի լավ է լինելու և սպասում են, համոզված են, որ լավ է լինելու։ Ասում են՝ մենք հետևում ենք այստեղ, այնպես չէ, որ կտրված են, Հայաստանում ինչ-որ կատարվում է, իրենք և՛ անմիջական մասնակցություն ունեն, և՛ հետևում են, և՛ իրենց ազդեցությունն ունեն։
Մի կարևոր բան կա․ բոլորն էլ ապրում են բարեկեցիկ կյանքով, բայց բոլորը մեծ ցանկություն ունեն վերադառնալ իրենց երկիր։ Դա նկատել եմ մոտ 80 տոկոսի մոտ, առավել ևս գյումրեցիների մոտ եմ նկատել, ինչքան գյումրեցու եմ հանդիպել, ասել են՝ մեր Գյումրին գուցե մի քիչ քարուքանդ է , բայց կարոտել ենք։ Սերը, ձգողական ուժը Գյումրու հանդեպ կա։ Հետաքրքիրն այն է , որ գյումրեցին բոլոր տեղերում մնում է գյումրեցի, չեմ ուզում հայի մեջ առանձնացնել գյումրեցուն, բայց պիտի ասեմ, որովհետև իրենց հատկանիշները ոչ մի տեղ չեն կորցնում, նույնիսկ հանդիսատեսի մեջ դու զգում էիր գյումրեցուն, որովհետև նստած տեղը վերաբերմունք ուներ․ նրանց մոտ կար և՛ զայրույթ, և՛ վրդովմունք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ