Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում տեղադրված տեսախցիկների, գրանցված հանցագործությունների ու այլ հարցերի մասին խոսում է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը

Փետրվար 15,2019 20:45

2018 թվականին  ՀՀ  ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ ենթակա  ստորաբաժանումների կողմից սպասարկվող վարչական տարածքներում գրանցվել է հանցագործության 1.861 դեպք, որից բացահայտվել է 1.308-ը: Բացահայտման ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ մինչեւ 2018 թվականի հուլիս ամիսը ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում հանցագործությունների բացահայտման աշխատանքներում այլ սկզբունքներ ու չափանիշներ են կիրառվել, տարվա երկրորդ կեսից դրանք փոփոխվել են. «Եթե 2017 թվականին,երբ որ հայտնի էր հանցագործություն կատարող անձը, ինչպես նաեւ որեւիցե քաղաքացի հայտնում էր արդեն իսկ բացահայտված հանցագործության մասին, այդ հանցագործությունները ինֆորմացիոն կենտրոնում հաշվառում էին, որպես բացահայտված հանցագործություններ: Իսկ 2018 թվականի հուլիս ամսից սկսած՝ մինչեւ անձին մեղադրանք չի առաջադրվում, հանցագործությունները համարվում են դեռեւս չբացահայտված: Մեղադրանք առաջադրվելուց հետո, երբ մեղադրանքի քարտերն ուղարկվում են ինֆորմացիոն կենտրոն, նոր միայն հանցագործությունը համարվում է բացահայտված»,- պարզաբանեց  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանը:

2018 թվականին մարզում գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ: 2017 թվականի 425-ի դեպքի համեմատությամբ 2018-ին գրանցվել է նշված հանցագործության 600 դեպք: Պետական իշխանության կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները եւս ավելացել են 134-ով, կազմելով՝ 314: Իսկ բնակարանային գողությունները 2017 թվականի 54 դեպքի փոխարեն 2018 թվականին կազմել է՝ 88: Փոխարենը մարզում նվազել են հրազենով կատարված հանցագործությունները, կողոպուտի դեպքերը , ինչպես նաեւ մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերը. «Կխնդրեմ թվերով չառաջնորդվեք, որովհետեւ 2017 թվականին հնարավոր է եղել են բնակարանային գողություններ, որոնցով լինեն քաղաքացիներ, ովքեր, որ չեն դիմել ինչ-ինչ պատճառներով: Կան քաղաքացիներ, որոնց մոտ մտածելակերպն է այդպիսին, որպեսզի չդիմեն: Կան քաղաքացիներ, որոնք միգուցե նախկինում այդքան էլ չեն վստահել, հիմա ավելի են վստահում եւ դրա հետեւանքով ավելացել են դիմողները: Դա պայմանավորված է մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությամբ: Քաղաքացիները սկսել են ակտիվանալ ու վստահել ոստիկանությանը», -ասաց Արամ Ղազարյանը:

Վարչության պետը տեղեկացրեց, որ 2018 թվականի երկրորդ կիսամյակից, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Լոռու մարզում լուրջ պայքար է  տարվել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման առումով. «Եթե 2017 թվականին 44  դեպք է հայտնաբերվել, ապա 2018 թվականին՝ 217 դեպք, այսինքն 173 դեպքով ավել հանցագործության դեպք է  հայտնաբերվել: Աճը պայմանավորված է եւ՛ կոռուպցիոն հանցագործություններով, եւ՛քաղաքացիների վստահությամբ ոստիկանության ու իրավապահ  համակարգի նկատմամբ: Ամեն օր բավականին ահազանգեր ենք ստանում: Ինչպես նաեւ ակտիվ  փոխհամագործակցության արդյունքում՝ եւ՛ դատախազության, եւ՛ քննչական մարմինների, եւ՛ ԱԱԾ-ի աշխատակիցների հետ: Իհարկե, ունենք նաեւ մտահոգություն սեփականության դեմ ուղղված հանցագործություններով, որոնք որ ամենօրյա հսկողության տակ է, եւ ուսումնասիրում ենք»:

Վերջին շրջանում հաճախ ենք լսում, որ քաղաքի այս կամ այն հատվածում գիշերային ժամերին կատարվել են մեքենաների պահեստամասերի գողություններ: Այն հարցին, թե արդյո՞ք համաներումը նպաստել է հանցագործությունների թվի ավելացմանը, Արամ Ղազարյանը պատասխանեց. «Ես չէի ասի, որ դա միայն պայմանավորված է համաներումով: Ուղղակի նման դեպքերի աճը տեղի ունեցավ նոյեմբերի եւ դեկտեմբեր ամիսներին: Նախատոնական օրերին մշտապես բոլոր տարիներին աճի միտում եղել է, դա միայն այս տարի չէ: Իհարկե, մեկը մյուսին զուգընթաց ունեցել ենք մի քիչ ավելի մտահոգիչ դեպքեր: Հասկանալի է, որ հասարակության մոտ նման տպավորությունը կա, սակայն մենք պայքարում ենք: Ուզում եմ հավաստիացնել, որ ամեն ինչ կանենք, եւ որեւիցե բնակիչ մտահոգություն չի ունենա: Մենք մեր առջեւ դրված խնդիրներն իրականացնում ենք, օպերատիվ իրավիճակը մեր հսկողության տակ է: Այնպես, որ համաներումով ազատվածները չեն կարող որեւէ խնդիր ստեղծել, կամ մտահոգվելու տեղիք տալ»:

Խոսելով Վանաձորում տեղադրված տեսախցիկների մասին, Արամ Ղազարյանն ասաց, որ դրանց շնորհիվ կնվազեն հանցագործությունների թիվը, ինչպես նաեւ հնարավոր կլինի ավելի վաղ բացահայտել դրանք. «Եվ՛ Լոռու մարզում, եւ՛ ՀՀ-ի մյուս բնակավայրերում տեսախցիկներ տեղադրվում են: Վերահսկողության առումով, օպերատիվության նկատառումներից ելնելով թույլ տվեք ամբողջությամբ չներկայացնեմ, հնարավորինս արվում է այնպես, որպեսզի առավել խոցելի չլինեն մեր քաղաքացիների սեփականությունը, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռվի իրականացնել  անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունները բացահայտելու եւ քաղաքացիների գնահատականին արժանանալու համար»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728