Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհասկանալի է, թե ՀՀ-ն ինչու պետք է միայն ԱՄՆ-ի հետ բանակցի տարածաշրջանում կայունության պահպանման գծով. Կիրո Մանոյան

Փետրվար 15,2019 21:03

«Նախ՝ ծրագրում չկա Արցախի Հանրապետություն եզրույթը: Նախորդ կառավարությունների ծրագրերում ևս չկար, այս կառավարության ծրագրի մեջ էլ չկա, բայց անհրաժեշտ է, որ դա լինի: Անհրաժեշտ է նաև, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մի մասը ուղղված, միտված լինի  Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը, որը ևս բացակայում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ խոսելով կառավարության ծրագրի մեջ արտաքին քաղաքական բաղադրիչի մասին: Ըստ բանախոսի՝ Հայաստանն իր կեցվածքով, իր աշխատանքներով պետք է աջակցի ու նպաստի, որ տարբեր պետություններ ճանաչեն Արցախը, և Արցախի ու Հայաստանի միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը կնպաստի այդ աշխատանքներին:

«Արտաքին ճակատում մենք, ընդհանուր առմամբ՝ իրականում նույն մոտեցումներն ունենք, ինչ նախորդ կառավարությունների դեպքում էր, մի քանի շեշտադրումների անհրաժեշտություն կա, որոնք նախկինում կրկին չեն եղել: Մեկը ցեղասպանության ճանաչման հարցն է: Այս կառավարության ծրագրերում «Ցեղասպանության ճանաչում, դատապարտում և հետևանքների վերացում» եզրույթը չի մտել: Մեկ բան է, որ նախագահը հայտարարել էր թեկուզ դեռ այն ժամանակ, մեկ այլ բան է, որ կառավարության ծրագրում լինի»,- նշեց պարոն Մանոյանը:

Վերջինիս խոսքով՝ այս կառավարության ծրագրում՝ ի տարբերություն ոչ փաշինյանական կառավարության ծրագրերի, չկա ոչ մի ակնարկ Թուրքիայի հետ հարաբերությունների ծրագրերի մասին: Ըստ նրա՝ պետք է ասել՝ կառավարությունը պատրաստ է  Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոն անցման՝ առանց որևէ նախապայմանի. «Սա նորություն չէ, այնպես չէ, որ այս կառավարության կեցվածքը տարբեր է, բայց թե ինչու չկա ծրագրում՝ պարզ չէ»: Պարոն Մանոյանն ընդգծեց նաև, որ այս ծրագրում իրենց համար տարօրինակ մի կետ կա. դա ԱՄՆ-ի հետ հարաբերության բաժնում է: Ըստ նրա՝ եթե նախկինում ասում էին, որ պետք է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները սերտացնենք, ապա հիմա ասվում է, որ շարունակվելու է երկխոսությունը տարածաշրջանում կայունության պահպանման գծով:

«Անհասկանալի է, թե ինչու պետք է միայն ԱՄՆ-ի հետ Հայաստանի Հանրապետությունը բանակցի կամ քննարկումներ իրականացնի տարածաշրջանում կայունության պահպանման գծով, մանավանդ, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում չէ: Դա պետք է արվի կամ կառավարության մնացած ուժերի հետ, կամ էլ նման երկխոսություն պետք է տարվի տարածաշրջանում  ավելի ազդեցիկ ներկայություն ունեցող այլ պետությունների հետ: Ընդհանուր մեկ ակնարկ կա. Հայաստանը պիտի աշխատանք տանի խաղաղության պահպանման գծով: Եթե ուզում են, անպայման, ամրագրել տարածաշրջանում կայունության պահպանման խնդիրը, դա չի կարող լինել միայն ԱՄՆ-ն: Հասկանալի է՝ սա ինչու է այսպես, որովհետև կա Բոլթոնը, որը գալով Հայաստան, փաստորեն, հայտնել էր իր մտահոգությունները: Մենք արդեն երկու–երեք օր առաջ էլ տեղեկացանք ԱՄՆ-ի մեկ այլ մտահոգության մասին՝ Հայաստանի կողմից  Սիրիա մարդասիրական առաքելության ուղարկվածների շուրջ, ինչը ևս ինչ-որ իմաստով անհասկանալի է, որովհետև պարզ է, որ Հայաստանը առաջին անգամ չէ մասնակցում նման մարդասիրական նախաձեռնությունների»,- հավելեց բանախոսը:

Վերջինիս խոսքով՝ մեկ բան ակնհայտ է. ԱՄՆ-ն շատ ոգևորված չէ Հայաստանի դիրքորոշումներով Իրանի նկատմամբ, Սիրիայի հետ կապված հարցերում և ընդհանրապես Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններով: Իսկ այն, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները առանձնացված են կառավարության ծրագրում հասկանալի չէ, մանավանդ, որ առանձնված հատված չկա՝ կապված ԵՄ-ի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի հետ հարաբերությունների հետ»:

Պարոն Մանոյանը մտահոգություն հայտնեց այն մասով, որ կառավարության կողմից սփյուռքը ներկայացնող կառույց է ձևավորվելու, քանի որ ըստ նրա՝ դա պետք է նախաձեռնվի սփյուռքի կողմից. «Կառավարության ծրագրում կա, որ այն պիտի նախաձեռնի սփյուռքը ներկայացնող ինչ-որ կառույցի ձևավորում: Մենք գտնում ենք, որ դա պետք է պետությունը չանի, որովհետև այդ դեպքում այդ կառույցը մյուս պետություններում կհամարվի հինգերորդ շարասյուն: Պետությունը կարող է և պետք է աջակցի,  որ նման բան լինի, բայց նախաձեռնությունը պետք է սփյուռքից գա: Եթե պետությունը նախաձեռնի, սա այլ իմաստ և ձև կստանա»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728