Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանում հլը ոչ մի շարժ չենք տեսնում». սևազգեստ մայրերն առանձնապես հույսեր չեն կապում իրենց որդիների գործերի վերաբացման հետ

Փետրվար 15,2019 20:25

«Նոր Հայաստանում հլը ոչ մի շարժ չենք տեսնում: Մի քայլ է առաջ գնացել. դատավորը կասեցումից հանեց, բայց իմ տղայի գործն արդեն երրորդ անգամ է կասեցումից հանվում: Արդյունքում ոչինչ չկա, նույն տաշտակն է: Ես միայն այն ժամանակ կհավատամ, երբ գործողություն տեսնեմ, երբ դա արվի»,-Aravot.am-ի հարցին՝ հույս ունե՞ն, որ իրենց որդիների գործերով արդարացի որոշում կկայացվի, այսպես պատասխանեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը:

Հիշեցնենք՝ բանակում տարիներ առաջ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան աղմկահարույց քրեական գործերի մի մասը կվերաբացվի, դրանք կուսումնասիրվեն հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ օրերս համաձայնագիր են կնքել:

Այս առիթով Նանա Մուրադյանը հիշեցրեց՝ արդեն երրորդ անգամ է իր որդու գործը վերաբացվում, բոլորն էլ սրտացավորեն են մոտեցել, բայց գործը տեղից չի շարժվում: Սևազգեստ մայրն ասաց, որ  իր որդու սպանության իններորդ տարին է լրանում: Այնուհետև պատմեց՝ իրեն հրավիրել են քննչական կոմիտե. քննիչն է փոխվել. «Չէի ուզում պատմել, բայց պատմեցի: Քննիչն ասաց՝ ըստ ձեր պատմածի՝ զգում եմ, որ սա լրիվ ոնց որ սպանություն լինի: Բայց ասաց կներեք ինձ. չեմ կարող գործը քննել միայն սպանության վարկածով՝ ինքնասպանության և սպանության վարկածով պիտի քննեմ: Արդեն ինը տարի է մեզ խաբել են, ասել են կանենք, կանենք ու ոչինչ էլ չեն արել: Ժաննա Ալեքսանյանը շատ լավ տեղյակ է մեր գործերին, հենց Ժաննա Ալեքսանյանին ենք խնդրել, որ մեզ հետ գա դատախազի ընդունելությանը: Ես պահանջեցի, որ քննիչին իրավական պատասխանատվության ենթարկեն: Ժաննա Ալեքսանյանը, որը հիմա այդ խմբի մեջ է, հարց տվեց դատախազին, իսկ քննիչին դատ հասնո՞ւմ է օրենքով: Արթուր Դավթյանն ասաց, որ եթե պարզվի՝ որ ամենը քննիչի ձեռքով է արվել, գործը կոծկվել քրեական պատասխանատվության կենթարկվի: Իսկ էն օրը, որ ինձ կանչել էին քննչական, ասացին՝ մենք քննիչին  իրավասու չենք դատի տալ, քանի որ այն ժամանակ դատավորն այդ բողոքն՝ ընդդեմ քննիչի, մերժել է: Հույսս այն ժամանակ կարդարացվի, եթե ինչ-որ բան տեսնեմ, քանի որ մեր երեխաներին հարյուր տոկոսով սպանել են: Բոլորիս տղաների սպանություններն էլ խմբակային սպանություններ են»:

Խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը ևս առանձնապես սպասելիքներ չունի, մանավանդ, եթե նրա ձևակերպմամբ, այդ գործերում պետք է կրկին ներգրավված լինեն Հայկ Գրիգորյանը, Յուրա Բադալյանը. «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մտածում են՝ ոնց անեն, որ մարդկանց փակուղի գցեն, իբրև ամեն ինչ արել են, բայց չի բացահայտվում: Եթե մի տեղ Բադալյան Յուրայի մատը խառն է, ի՞նչ բացահայտում:  Նրա հրամանով բոլոր զինվորների գործերը կոծկվում են, ի՞նչ եք կարծում մի հատ զինվորի գործ կբացվի՞: Շոու են անում. դա իմ կարծիքն է, ես չեմ հավատում»:

Իրինա Ղազարյանի կարծիքով՝ կրկին ուզում են ժողովրդի աչքին թոզ փչել: Մեր հիշեցմանը՝ ժամանակին հենց գործերի վերաբացման համար էին պայքարում, հիմա նման որոշում է կայացվել, ինչո՞ւ կրկին վստահություն չկա, Իրինա Ղազարյանն ասաց. «Ես միայն հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին, որ Նիկոլը հեղափոխությունից հետո լսեց, իմ տղայի գործը վերաբացեց: Բայց ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանն  այդ հոտած, փչացած համակարգը՝ քննչական, դատախազություն ցրի, Աղվան Հովսեփյանին, Գևորգ Կոստանյանին, Հայկ Գրիգորյանին դատի տա, լավ, ջահել կադրեր բերի ու դնի, և հետո զինվորի գործեր վերաբացեն: Քանի դեռ նույն փչացած համակարգը կա, ոչ մի բան էլ չի լինի, քանի որ բոլորը մի մարդու նման  զինվորից փող են լափել, որ այդ գործերը կարճեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728