Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 16 հոգուց բաղկացած կազմն արցախյան քառօրյա պատերազմի մասին պատմող, մեծ աղմուկ հանած «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ հյուրախաղերով գտնվում էր ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում։ Այն ներկայացվել է «Լանթերման Աուդիտորիում» սրահում, ԱՄՆ-ում կազմակերպչական հարցերով զբաղվել է «Գլոբալ Արթս» ընկերության տնօրեն Կարպիզ Թիթիզյանը։
Հյուրախաղերից վերադարձած անձնակազմն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ կիսվելով իրենց տպավորություններով։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր ու տնօրենի ժ/պ Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ շրջագայությունը տևել է 18 օր, 4 ներկայացում են ունեցել։ ԱՄՆ-ում այնպես են տպավորվել, որ առաջարկել են ևս մեկ ներկայացում խաղալ՝ մեկ շաբաթով հետաձգելով հայրենիք վերադարձը, սակայն թատրոնի անձնակազմը չի կարողացել մնալ, քանի որ հայրենիքում արդեն իսկ պլանավորված ներկայացումներ կային։
«Հյուրախաղերն անցան բարձր մակարդակով, առաջին իսկ ներկայացմանը դահլիճում էր Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, գլխավոր հյուպատոսը։ Երբ որ մենք ներկայացումը խաղում էինք Գյումրիում, Երևանում, Էջմիածնում, հանդիսատեսի շարքերում լինում էին քառօրյա պատերազմին մասնակցած հերոսներ, Լոս Անջելեսում ևս քառօրյա պատերազմին մասնակցած հերոս կար՝ Արման Ավետիսյանը, երեք ներկայացմանը ինքը ներկա գտնվեց։ Վիրահատություն է տարել ու հենց դրա համար էր տեղափոխվել ԱՄՆ։
Երբ մենք մեկնում էինք, մեզ հետաքրքրում էր, թե ինչպես կդիտի ներկայացումը 18-19 տարի Հայաստանից բացակայած հայը։ Ի ուրախություն մեզ՝ իրենց հուզմունքը, տպավորությունները մեծ էին, բոլոր չորս ներկայացումների ժամանակ դահլիճը լեփ-լեցուն է եղել, բայց առանձնահատուկը մեզ համար երրորդ ներկայացումն էր, որովհետև դպրոցական երեխաներն էին ներկա։ Գիտեք, վարժարաններ կան այնտեղ, 800 պատանի հանդիսատես ներկայացումը դիտել է։ Լիբանանում ևս, երբ խաղում էինք, նորից այդպիսի խնդիր կար․ մեկ ներկայացման դպրոցականներ պիտի գային, մի քիչ անհանգստություն ունեինք, թե գուցե չլսեն, չդիտեն, իրենց հետաքրքիր չլինի, բայց ասեմ, որ 800 երեխա, ինչպես Գյումրիում, Երևանում նայեցին, հուզվեցին, ներկայացումից հետո էլ հարցեր ունեին տալու։ Դերասանների հետ ուզեցին հանդիպել ու խոսել իրենց տպավորությունների մասին»,- պատմեց Լյուդվիգ Հարությունյանը։
Հյուրախաղերի մեկնած դերասաններին միացել են տարիներ առաջ հայրենիքից ԱՄՆ բնակության մեկնած աճեմյանցիները։
Լյուդվիգ Հարությունյաննն ասաց, որ հյուրախաղերը շարունակվելու են, իհարկե, ոչ «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ, արդեն երկու հրավեր ունեն ԱՄՆ-ից։
«Հյուրախաղերը շատ են ոգևորում, ես ինքս ու մեր ամբողջ ստեղծագործական կազմը շատ ոգևորված ենք վերադարձել, ուժ է տվել մեզ։ Ասեմ նաև, որ չորս ներկայացման ժամանակ էլ գյումրեցիները գերակշռում էին, երբ որ մենք շրջում էին Գլենդելում, Հոլիվուդում, Հայաստան էր մեզ համար ու ամենուրեք հայեր էին։ Իսկ գյումրեցիները ոչ միայն ներկա էին դահլիճում, այլ բոլորիս առանձին-առանձին հրավիրում էին։ Նույնիսկ վերջին օրը, վերջին վայրկյանին գալիս էին, թե ուզում ենք ձեզ տեղ հրավիրել։ Ստեղծագործական խումբը մի քանի մասի բաժանվեց, որպեսզի տարբեր հանդիպումներ ունենա», -ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանն էլ ասաց․ «Այն միտքը, որ գնում ենք մի երկիր, որտեղ ամենաշատն են մեր հայրենակիցները և շատ վաղուց, շատ երկար ժամանակ են այնտեղ, կոնկրետ ինձ թվում էր, թե կարոտի զգացողությունը սառած կլինի, քչացած կլինի, իրենք արդեն հաշտվել են, հարմարվել են այնտեղ, բայց զգացի, որ այդպես չէր։ Ընդհառակը 18-19, 20-30 տարիների կարոտն այնպես էր կուտակված նրանց մեջ, որ առիթ էր պետք հրաբխի նման ժայթքեր։ Ու այս ներկայացումն եղավ այդ առիթը, միացավ և՛ ներկայացման թեման, և՛ հանդիպումը հայրենակիցների հետ, Հայաստանի, հայ թատրոնի հետ։ Ու դա մեր մեջ նույնիսկ այնպիսի զգացողություն առաջացրեց, որ մենք ոչ թե եկել էինք ներկայացում խաղալու, այլ մի խորան ենք մտել»։
Սուսաննա Բաղդասարյանին մի դրվագ է զարմացրել ու հիացրել։ «Մենք այսքան խաղացել ենք ներկայացումները տարբեր տեղեր, ոչ մի տեղ այդ տեքստի վրա ծափահարություն չի եղել դահլիճում, երբ որ Նարեկն ասում է․ «Ինչո՞ւ կկռվինք, երթանք Ղարաբաղ կռվինք», դահլիճը պայթեց ծափերից, զարմանալի բան, ինչո՞ւ հենց էդտեղ էդ ռեակցիան։ Էն աստիճանի կարոտ կար, էն աստիճանի մի ցավ կար հայրենիքի նկատմամբ, որ նրա այդ խոսքերը նրանց ոգևորեց, որ, այո՛, եթե պետք է, կգնանք, Ղարաբաղ կկռվենք», -պատմեց դերասանուհին։
Դերասանուհի Նառա Սանթոյանն էլ պատմեց, որ հանդիսատեսը ներկայացումից հետո գալիս, կուլիսներում զրույց էր բռնվում, իրենց հուզմունքն ու շնորհակալական խոսքը հայտնում, որը նշանակում էր Գյումրու թատրոնն իր առաքելությունը կատարել է, թատրոնի անունը կարողացել են բարձր պահել։
Թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանն էլ ասաց, որ ներկայացումը դիտելու են եկել ոչ միայն Կալիֆոռնիայի բնակիչները, ընդ որում ոչ միայն հայեր, այլ նույնիսկ Նյու Յորքից, Բոստոնից են տոմս ճարել ու եկել։ Ներկայացումը դիտելու եկած դպրոցականներից շատերի մի ծնողն է ազգությամբ հայ եղել։
Դերասան Տիգրան Գաբոյանն էլ ասաց, որ ներկայացումը դիտելու եկած մեր հայրենակիցները մարմնի ամբողջ բջիջներով զգացել ու հասկացել են այն։
«Շատ հուզիչ էր մեզ համար, որ դահլիճում նստած են երեխաներ, նրանք, ցավոք սրտի, շատ վատ գիտեն հայերեն, չնայած նրանք հայկական վարժարանի սաներ են, մենք փորձում էինք շատ դանդաղ, շեշտադրված խոսել, որպեսզի ներկայացման բովանդակությունը հասկանային։ Ի զարմանս՝ քար լռություն էր, ռեակցիան շատ նուրբ էր, նրանք լսում էին, ընկալում էին, մարսում էին, և երբ, վերջ պատկերն էր․ բեմ մտավ զինվորական հագուստով հերոսն արցախյան պատերազմից հետո, իրենք չդիմացան, մոռացան, որ ապրում են Ամերիկայում, մոռացան, որ ունեն այլ աշխարհընկալումներ, և այնպիսի մի ծափ պայթեց․․․ Էներգիան այնքան էր, որ մենք այդ պահին իսկապես արտասվեցինք, բոլոր բեմում գտնվողներս։ Նրանք չլքեցին դահլիճը ներկայացումից հետո, ստիպեցին մեզ, որ մենք դուրս գանք ու մեզ հարցեր տան։ Դահլիճում սպասում էին, թե երբ պիտի դերասանները մոտենան ու երկու խոսք ասեն, սա շատ հուզիչ պահ էր, սա երկրորդ դեպքն էր Բեյրութից հետո։
Երբ մենք գնացինք այնտեղ, ես մի բան հասկացա․ ես ուզում եմ, որ Սփյուռքի կազմակերպիչներն իսկապես ներկայացնեն հայապահպանության գործին նպաստող մշակութային բարձրաճաշակ միջոցառումներ, որովհետև Սփյուռքի մարդիկ ծարավ են, նրանք սնունդի կարիք են զգում, և երբ որ ցածրաճաշակ միջոցառում են մատուցում, գուցե զուտ հայերեն խոսքի համար գնան, բայց ճաշակը կընկնի, իրենք կմտածեն՝ հայրենիքում այ այսպես է․․․ Ո՛չ, հարկավոր է, որ կազմակերպիչները բարձր ճաշակի և բարձ արվեստի բաներ տան, և ապացույցը մեր ներկայացումն էր։ Նրանք կասկածում էին, որ այս ներկայացումը հանդիսատես կունենա, մեծ ռիսկի էին գնացել՝ մեզ հրավիրելով, բայց տեսան, որ չորս ներկայացում լեփ-լեցուն էր, և շատ մարդիկ զանգում էին և արդեն տոմս էլ չկար։ Մեր ղեկավարները միայն չպիտի ասեն, թե հայրենիքում եկեք, ներդրումներ արեք, մենք էլ մեր ներդրումը պետք է անենք հայապահպանության գործում։ Բարձր արժեքով մշակույթ մատուցել է պետք, որպեսզի մարդիկ կարողանան հայեցի մեծանան, հայապահպանության գործը միայն այնտեղ գտնվող վարժարանների վրա չէ, այլ մեր վրա, որ դասական Սփյուռքը, նոր սերունդը, որ մեծանում է, մեծանա հայեցի»,-ասաց Տիգրան Գաբոյանը։
Լյուդվիգ Հարությունյանն էլ հավելեց, որ չի կարելի թերագնահատել Հայաստանից դուրս ապրող հայերին։ «Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայ հայի թիկունքն է, ու այս ներկայացումն իրենց մասին էր, և ես մի ճշտում իմ մեջ կատարեցի․ չպետք է թերագնահատել դրսում ապրող հայերին, որ ինքը չի ապրում հայրենիքում։ Մենք միշտ մտածում ենք՝ ով հայրենիքում է, ով քառօրյային է մասնակցել․․․ Իրենք էլ իրենց կռիվն են տվել, եթե իրենք այնտեղ ապրում են ու ազգանպաստ գործ են անում հայապահպանության համար, սա էլ է կռիվ։ Փառք ու պատիվ իրենց, ու ասեմ՝ այնպես չէ, որ բարեկեցիկ կյանքը շատ բան է փոխում»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ