«Կարծում եմ` ոչ միայն ժողովուրդն է շփոթված, թե ինչ է տեղի ունենում, բայց նաև մենք՝ քաղաքական շրջանակները ևս չենք հասկանում, թե որ փուլում է հիմա Արցախի խնդրի հարցը: Ըստ երևույթին՝ հանդիպումները, որոնք տեղի են ունենում, բանակցություն չեն համարվում մեր իշխանությունների կողմից, բայց այդ խոսակցությունների ընթացքում հասել ենք մի փուլի, որ Մադրիդյան սկզբունքները այլևս գոյություն չունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Հղում անելով վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ Sputnik Armenia-ին տված հարցազրույցին, բանախոսը նշեց, որ վերջինս, խոսելով մադրիդյան սկզբունքների մասին, ասում է, որ ոչ հայկական կողմն է այդ մասին խոսում, ոչ ադրբեջանական, ոչ էլ միջնորդները. «եզրակացությունները թողնում եմ Ձեզ: Կարծես այս անորոշությունը, որ իրական բանակցությունները դեռ չեն սկսվել, հիմնական հարցերից մեկն է: Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ դեռ կարելի է շարունակել առնվազն խոսել, եթե ոչ բանակցել Հայաստանի հետ, բայց սա շարունակություն չի կարող ունենալ, որովհետև ինչպես մեր վարչապետն է հայտարարել՝ Ադրբեջանը այնպիսի մոտեցումներ է ցուցաբերում, որ պարզ չէ ,թե իսկապես համաձայն կլինի՝ ձևաչափը փոխվի, այսինքն՝ Արցախի իշխանությունները ևս մասնակցեն այդ բանակցություններին»:
Ըստ պարոն Մանոյանի՝ կարևոր է Արցախի Հանրապետության ճանաչումը Հայաստանի կողմից, թեկուզ որոշ չափով, եթե ոչ ամբողջությամբ: Բանախոսի խոսքով՝ սա կարելի է անել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև համագործակցության պայմանագրի ստորագրությամբ:
«Նման պայմանագրի անհրաժեշտության մասին մենք արդեն 10-12 տարի է, որ բարձրաձայնում ենք, հիմա առավել ևս դա կարևոր է: Հայաստանի վարչապետը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, ՀՀ-ն չի կարող բանակցություններում փոխարինել Արցախին և այլն. սրանք պետք է չլինեն պարզ քաղաքական հայտարարություններ, որ վարչապետերը որոշեն՝ ինչ կարելի է անել, ինչ կարելի է չանել, սրանք պետք է լինեն օրենքով ամրագրված: Այս և բազմաթիվ հարցերի լուծման համար արդեն հիմա անհրաժեշտ է պայմանագրի ստորագրումը: Պարզ է՝ դա կարող է Ադրբեջանի և ուրիշների դժգոհությունը առաջացնել, բայց դա կլինի ինչ-որ տեղաշարժի խթան այս ամբողջ գործընթացի մեջ»,- իր խոսքում նշեց պարոն Մանոյանը:
Խոսելով այն մասին՝ առանց ԵԱՀԿ միջնորդների հանդիպումները ինչ արդյունքի կարող են բերել, բանախոսն ասաց, որ դա կախված է, թե ինչքան երկար երկու կողմերը կխոսեն առանց միջնորդների: Ըստ պարոն Մանոյանի՝ միջնորդների դերակատարությունը կարևոր է, հատկապես երկու-երեք կողմերի կարծիքների հիման վրա ինչ-որ բանաձև առաջարկելու հարցում. «Ես չեմ պատկերացնում, որ եթե երկուսով կամ երեքով նստեն բանակցելու, ինչ-որ բանաձև առաջ կգա: Միջնորդների դերը կարևոր է: Մենք չպետք է անտեսենք նաև այն փաստը, որ առնվազն արտգործնախարարները միջնորդների մասնակցությամբ են հանդիպում, իսկ մնացածի մասին էլ Փաշինյանն ասում, որ ոչ թե բանակցություններ են, այլ խոսակցություններ: Ձևավորվում է արդեն ինչ-որ գաղափար, որ երկու կողմերը կարող են խոսել, պետք չէ խանգարել. սա մտահոգիչ կլինի, ոչ թե որ համանախագահների բոլոր առաջարկները փայլուն են, այլ նրա համար, որ առանց միջնորդների նոր առաջարկ սեղանին չի դրվի»:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ