Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ համար շոկ էր». Շուշան Դոյդոյանը պարզել է, որ իր տվյալներով մեկը վարկ է վերցրել ու «անհուսալի հաճախորդ» դարձրել իրեն

Փետրվար 15,2019 17:50

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանն այսօր ՀՀ-ում մամուլի հետհեղափոխական խնդիրների մասին քննարկման ժամանակ ասաց, որ աշխարհում ընդունված մոդելներ կան տեղեկատվության ազատության խնդիրները լուծելու համար: Առաջին մոդելն այն է, որ կառավարությունն ունենա տեղեկատվության ազատության հանձնաժողովներ կամ հանձնակատարներ: Սա հիմա ՀՀ-ում իրատեսական չէ: Երկրորդ մոդելն այն է, որ գործող անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը տալ նաեւ տեղեկատվության ազատության համար լիազորությունները, բայց այն պետք է ԱՆ-ից դուրս լինի: Եվ երրորդ մոդելը օմբուդսմենի հովանու ներքո առանձին ստորաբաժանման ստեղծումն է: Բայց այստեղ խնդիր կա՝ օմբուդսմենի խորհուրդները պարտադիր չեն պետական մարմնի համար:

Շուշան Դոյդոյանը նաեւ խոսեց այն «բարեփոխման» մասին, որի հետ կապված ֆեյսբուքում գրառում էր արել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, գրելով, որ նախագիծ են դնում շրջանառության մեջ՝ հօգուտ ԶԼՄ-ների: Խնդիրն այն է, որ Կադաստրը, պետռեգիստրը, ազգային արխիվը տեղեկատվություն տրամադրելու համար վճար են պահանջում, ընդ որում, նույնիսկ մեկ տող տեղեկատվությունը կարող է տրամադրեն 3000-10 հազար դրամի սահմանում ու լրագրողները, որոնց պետք է այդ տեղեկատվությունը նույնպես ստիպված են վճարել: Իսկ երբ մի քանի էջից բաղկացած տեղեկատվություն է պետք լինում, դա արդեն խնդրահարույց է դառնում լրագրողի համար: Շուշան Դոյդոյանն ասաց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ասում է, որ մինչեւ 10 էջը պետք է լինի անվճար: Ու ԱՆ-ն նոր նախագիծ է մշակել, որով ասվում է, որ արտոնություն է տրվում լրագրողներին, որ մինչեւ 10 էջ մեկ ամսվա ընթացքում կարող են անվճար ստանալ պետռեգիստրից: Դոյդոյանը նման կարգավորմանը դեմ է. «Ոնց որ բացես կաթսայի կափարիչը, բայց չթողնես, որ լրագրողն իմանա, թե ինչ ճաշ է եփվում»: Հիմնականում հետաքննող լրագրողներին է պետք նման տեղեկատվությունը, իսկ հետաքննելու համար սովորաբար բավականին մեծ քանակությամբ տեղեկատվություն է պետք լինում:

Նա խոսեց նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից: Ըստ Դոյդոյանի, բավականին կարեւոր ոլորտ է կարգավորվում սրանով, բայց պրակտիկայում ամեն պաշտոնյա սուբյեկտիվ է մեկնաբանում այդ օրենքը:

Politik.am-ից Բորիս Մուրադյանը հարցրեց՝ եղել են դեպքեր, երբ լրագրողները հարցումներ են ուղարկել կառավարության անդամի, ու հարցումը հրապարակվել է լրագրողի անձնական տվյալներով, սրան ինչպե՞ս եք վերաբերվում: Նա նաեւ հիշեցրեց, որ վարչապետը հայտարարել է՝ յուրաքանչյուր ամիս 100 հազար վարկեր սպասարկող քաղաքացիների՝ նպաստառուների անունները պետք է հրապարակվեն, սա խնդիր չի՞ առաջացնում անձնական տվյալների պաշտպանության առումով: Շուշան Դոյդոյանը, ի պատասխան, ասաց, որ դա առաջին հայացքից խախտում կլինի, եթե մարդը չի ցանկանում այն հրապարակել: Բայց մյուս կողմից էլ` Դոյդոյանն ասաց, որ այդ իրավունքը խախտվում է նաեւ, երբ elections.am-ում հրապարակվում են ընտրության մասնակիցների անձնական տվյալները. «Հասանելի է նաեւ ձեր ստորագրությունը, որը համարվում է բիոմետրիկ տվյալ: Այն մարդիկ, ովքեր ունեն յուրահատուկ անուն-ազգանուն, այդ տվյալները կարող են նույնականացվել, օրինակ, Շուշան Դոյդոյան միայն ես եմ, ես կարող եմ թիրախավորվել, օրինակ, քրեածին տարրերի կողմից, ինձ միանգամից կարող են գտնել: Հասցես, տվյալներս, ստորագրությունը, վարկ կարող են ստանալ»:

Դոյդոյանը ուշագրավ դրվագ ներկայացրեց՝ անձամբ իր հետ պատահած. «Ինձ համար շոկ էր, երբ ես անձնական տվյալների պաշտպանության համար քայլեր եմ անում, պարզում եմ, որ 5 տարի է՝ ինչ-որ բանկում իմ անունով ինչ-որ վարկ է ձեւակերպված եղել, որը 3 տարի է՝ տանջանքներով վճարում եմ, որի մասին ես իմանում եմ մոտ 10 օր առաջ: Այն փակվել է 2017-ին: Ես շոկի մեջ էի, որովհետեւ ես երբեք վարկերի համար չեմ դիմել բանկեր, բայց պարզվում է՝ անհուսալի հաճախորդ եմ: Դա նրա հետեւանքն է, որ elections.am-ում կան իմ տվյալները ու ես նույնականացվում եմ: Ցանկացած մարդ, ում ազգանունը մի քիչ եզակիություն ունի, կարող է բախվել նման խնդրի»:

Դոյդոյանն ասաց, որ հետո ջանք է թափել, մաքրել է իր վարկային պատմությունը, բայց ինչի՞ համար պետք է նման պատմությունների մեջ ընկներ: Նա հորդորեց. «Գնացեք, ստուգեք նաեւ ձեր պատմությունները, որովհետեւ կարող է դուք էլ նման շոկային վիճակում հայտնվեք, երբ բանկերը դիտավորյալ, կամ անփութությամբ ձեր անունով վարկեր ձեւակերպեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728