Արտակ Մարկոսյան
Ժողովրդագրության, միգրացիայի ու սոցիալ-տնտեսական հարցերով
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, պ.գ.թ.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Պետությունների քաղաքական և տնտեսական ինտեգրման կարևորագույն բաղադրիչներից մեկը մարդկանց, կապիտալի և տեխնոլոգիաների ազատ տեղաշարժի իրավունքն է այդ միասնական շուկայում: Եվրոպական Միության երկրները վաղուց են հասել այդ մակարդակին և ներկայումս փորձում են այդ տարածքին ինտեգրել նաև նախկին Խորհրդային Միության երկրներին: Սառը պատերազմի դարաշրջանում փակ սահմանների առկայությունն ու նախկին Խորհրդային Միության երկրներից Եվրոպա կամ այլ երկրներ մեկնելու անմատչելիությունը նրանց դարձնում էին երազանքի երկիր:
«Երկաթյա վարագույրի» անկումն ու սահմանների բացման քաղաքականությունը նպաստեցին նախկին խորհրդային երկրների քաղաքացիների ավելի ազատ տեղաշարժին, իսկ սկզբնական շրջանում դա նաև արտահայտվեց դեպի եվրոպական երկրներ բարձր որակավորում և նաև ֆինանսական կարողություններ ունեցող մարդկանց տեղաշարժով: Սակայն չունենալով միասնական քաղաքականություն նախկին Խորհրդային երկրների նկատմամբ և զբաղված լինելով սոցիալիստական ճամբարի արևելաեվրոպական երկրների ինտեգրման գործերով՝ ԵՄ-ն չէր դիտարկում նրանց Շենգենյան վիզայի գոտում ընդգրկելու հարցը:
2000-ականների սկզբից համաեվրոպական արժույթի ներդրմանը, ինչպես նաև ԵՄ քաղաքական և տնտեսական դերի բարձրացմանը զուգահեռ օրակարգում հայտնվեց նաև նախկին Խորհրդային հանրապետությունների հետ քաղաքական, տնտեսական և այլ հարցերով համագործակցության սերտացման ու խորացման հրամայականը: Մասնավորապես Արևելյան Գործընկերության ծրագիրն ուղղված էր ԵՄ հարավ-արևելյան հարևան 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ կապերի զարգացմանը և խորացմանը: Այն նաև նախատեսում էր տուրիստական, գործնական կապերի հաստատման համար առանց վիզային ռեժիմի այդ երկրների քաղաքացիների ելումուտը Շենգենյան գոտի:
Քաղաքական և այլ դրդապատճառներից ելնելով՝ վերոնշյալ 6 երկրներից 3-ը՝ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան են օգտվում ԵՄ-ի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմից: Այդ ռեժիմն այս երեք երկրների քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում 180 օր ժամանակահատվածում 90 օր գտնվել ԵՄ 22 երկրներում, ինչպես նաև դեռևս Շենգենյան գոտում չընդգրկված Բուլղարիայում, Խորվաթիայում, Կիպրոսում, Ռումինիայում: Դրանց են գումարվում նաև ԵՄ անդամ չհանդիսացող Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան: Ազատ վիզային ռեժիմը հնարավորություն է ընձեռում աշխատանք փնտրել, սակայն չի թույլատրում աշխատել, կարճաժամկետ ուսուցում անցնել, հանգստանալ և գործնական կապեր հաստատել:
Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Պոլի կարծիքով՝ առանց վիզաների ելումուտն Արևելյան Գործընկերության երկրների համար հենց այդ մտածելակերպի “երկաթյա վարագույրի” ընկնելով է պայմանավորված, և դա այս պայմանագրի գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Ազատ վիզային ռեժիմը ոչ միայն հեշտացրել է երիտասարդների և միջին տարիքի մարդկանց՝ ավելի հեշտացված տարբերակով ԵՄ տարածքում գտնվելը, այլև մեծահասակներին հնարավորություն է ընձեռել կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել իրենց երկրներից դուրս:
- ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԱԶԱՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է հաջորդ տարի առաջընթացի հասնել Միությունից դուրս երկրներից բարձր որակավորում ունեցող կադրերի համար ԵՄ-ում բնակության և աշխատանքի նպատակով “կապույտ քարտերի” տրամադրման համակարգի բարենորոգման ուղղությամբ: Դա կապված է միգրացիայի կանոնակարգման հետ և պետք է համապատասխանեցվի այն պահանջներին, որոնք ներկայումս ունի ԵՄ աշխատանքային շուկան, այդ թվում նաև կադրերի պակասը: Այսպիսով, ԵՄ-ի “կապույտ քարտի” վերանայված սխեման պետք է ավելի դյուրացնի և գրավիչ դարձնի աշխատանքը ԵՄ-ում երրորդ երկրների բարձր որակավորում ունեցող քաղաքացիների համար և նպաստի ԵՄ տնտեսական աճին:[1]
2020թ. ԵՄ-ում կսկսի գործել European Travel Information and Authorization System՝ ETIAS-ը (ԵՄ մուտքի տեղեկատվության և նույնականացման համակարգ): Բնականաբար այս նորամուծությունը չի վերաբերում միայն ԱլԳ երկրներին: Ընդհանուր առմամբ գոյություն ունեն 62 երկրներ, որոնք չեն մտնում ԵՄ-ի մեջ, սակայն նրանց քաղաքացիներն ազատված են վիզաներից: ԵՄ մուտք գործող անձանց հետևելու և կառավարելու մեխանիզմը ներդրվում է այն պատճառով, քանի որ սրվել են ԵՄ երկրների անվտանգության խնդիրները՝ կապված ահաբեկչության և անօրինական ներգաղթյալների հետ: ԵՄ-ն այս քայլով փորձում է իր տարածքներում իրականացվող այցելություններն ավելի անվտանգ դարձնել: ETIAS-ի շրջանակներում դիմումատուն պետք է անցնի անվտանգության ստուգում, որը թույլ կտա պարզել, թե արդյոք նա կարող է մուտք գործել շենգենյան տարածք: ԱլԳ, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիները պետք է լրացնեն հայտարարության տեքստեր, որոնք կպարունակեն նրանց անձնական տվյալները: Բացի այդ պետք է ներկայացնել այլ կենսագրական տվյալներ, որոնք կարող են վերաբերել անձի առողջական վիճակին, այլ երկրներ այցելություններին, որտեղ պատերազմ է, կամ նշել այն երկիրը, որտեղից արտաքսվել է կամ մերժել են վիզայի տրամադրումը: ԵՄ քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամները պետք է ներկայացնեն ապացույցներ հարաբերությունների իսկության մասին:[2]
Այնուհետև պետք է վճարել 7 եվրո, ուղարկել այդ ամբողջ տեղեկատվությունն էլեկտրոնային հասցեին և սպասել պատասխանի: Այն կարող է տևել մի քանի րոպեից մինչև երկու շաբաթ: Մերժման դեպքում այս ծրագրի հեղինակները խոստանում են հայտնել մերժման պատճառը: Հաստատման պարագայում ETIAS-ի նույնականացման քարտը կարող է տրամադրվել 3 տարով:
- ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՄ-Ի ՀԵՏ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻՆ ԳՈՏԻ ԵՎ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
2014թ. ապրիլի 28-ին Մոլդովայի Հանրապետությունը դարձավ առաջին ԱՊՀ երկիրը, որի քաղաքացիների համար 90 օրվա ընթացքում չէր պահանջվում վիզա ԵՄ երկրներում գտնվելու ընթացքում:[3]
Ըստ Մոլդովայի սահմանային ոստիկանության տվյալների՝ առանց վիզային ռեժիմի հաստատումից 4 տարի անց այդ արտոնությունից օգտվել են Մոլդովայի Հանրապետության 1 մլն 469 հազար քաղաքացիներ: ԵՄ երկրների տարածք մուտքի թույլտվություն չի ստացել 14 հազար մարդ, իսկ 300 հազար մոլդովացի (այսինքն` մոտ 20 տոկոսը) ընդհանրապես չի վերադարձել Մոլդովա:
Սակայն մոլդովացիներից շատերը նույնիսկ առանց վիզային ռեժիմի մեկնում են ԵՄ՝շրջանցելով գործող կանոնակարգերը: Խնդիրն այն է՝ ԵՄ շատ երկրներ աչք են փակում այն հանգամանքի վրա, որ մոլդովացիները, ճանապարհորդելով առանց աշխատանքային վիզայի, տեղավորվում են երկարաժամկետ աշխատանքի: Այդ ժամանակահատվածում ստանում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք աշխատելու հնարավորություն են ընձեռում՝ ունենալով միայն տուրիստի կարգավիճակ: Առանց վիզայի ռեժիմի ընթացակարգերի համաձայն՝ Մոլդովայի քաղաքացին ԵՄ-ում ճանապարհորդելու 90-օրվա ընթացքում կարող է աշխատանք գտնել, սակայն այդ պարագայում նա պետք է վերադառնա Մոլդովա և դիմի աշխատանքային վիզայի համար: Սակայն այս ընթացակարգը պահպանում է միայն Գերմանիան: ԵՄ այլ երկրներ իրենց աշխատուժի պակասուրդի խնդիրը լուծում են՝ շրջանցելով այդ կանոնակարգերը:[4]
Մոլդովայում առանց վիզային ռեժիմի այցելությունների խնդիրները միայն դրանցով չեն ավարտվել: Դեռևս 2017թ. դեկտեմբերին Եվրահանձնաժողովը պատրաստեց զեկույց, որտեղ նշված էր, որ եթե Մոլդովան ցանկանում է շարունակել առանց վիզայի ռեժիմը ԵՄ-ի հետ, պետք է անհապաղ միջոցներ ձեռք առնի կոռուպցիայի դեմ պայքարում և փողերի լվացման դեմ:[5]
Խնդրահարույց էր նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխումը, ինչպես նաև Ասոցացման պայմանագրի և ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքների արագությունը:[6]
Եվրահանձնաժողովը նաև նախազգուշացրել է, որ պահանջների չկատարման դեպքում կարող է քննարկել Մոլդովայի հետ Ասոցացման պայմանագրի դադարեցման հարցը: Միաժամանակ, Մոլդովային ԵՄ-ի կողմից միկրոֆինանսավորումը կարող է դադարեցվել մինչև 2019թ. խորհրդարանական ընտրությունները:[7]
- ՎՐԱՍՏԱՆ-ԵՄ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ ՌԵԺԻՄ. ՎՐԱՍՏԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻՑ
Նախկին խորհրդային հանրապետություններից Մոլդովայից հետո Վրաստանին հաջողվեց ԵՄ-ի հետ գնալ առանց վիզային ռեժիմի գործարկմանը: 2017թ. փետրվարի 2-ին այդ որոշման օգտին քվեարկեց Եվրոպական խորհրդարանը, իսկ նույն թվականի փետրվարի 27-ին այն հաստատեց ԵՄ-ի խորհուրդը: Մարտի 8-ին Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի դրույթն ընդունվեց ԵՄ նախարարների խորհրդի կողմից, և ամսի 28-ին այն ուժի մեջ մտավ:[8]
ԵՄ-ի և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի գործարկումից հետո՝ վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ, ՌԴ-ը վրացիների համար որպես եկամտի աղբյուր երկիր իր դիրքերը զիջել է ԵՄ-ին: 2018թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում աշխատող վրացիները Վրաստան են փոխանցել 41 մլն դոլարով ավելի գումար, քան Ռուսաստանում աշխատող վրացիները: Թեև ամեն ինչ այդքան հարթ չէ, որքան թվում է:[9]
Ազատ վիզային ռեժիմի գործարկումից հետո Վրաստանից դեպի ԵՄ երկրներ մեկնող վրացիների թիվն աճեց միանգամից 2,5 անգամ: Արդյունքում ԵՄ-ում միաժամանակ ավելացավ այն վրացիների թիվը, որոնք չհիմնավորված ապաստան էին խնդրում: Գերմանիայի Դաշնության համապատասխան մարմիների տվյալների համաձայն՝ 2018թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 անգամ աճել է Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստան խնդրելու հայցերի թիվը: Վրացիների հետ կապված նույն պատկերն էր նաև Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում: Մինչ այդ էլ 2016-2017թթ. Վրաստանից ԵՄ-ում ապաստան փնտրող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել էր 50 տոկոսով:[10]
Խնդրի լուծման համար Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսեց համագործակցել ԵՄ խնդրահարույց երկրների հետ: Առաջին հերթին Գերմանիայի Դաշնության հետ կնքվեց պայմանագիր, որով Վրաստանի քաղաքացիներն օրինական հիմունքներով աշխատելու հնարավորություն կարող են ստանալ: Իսկ Գերմանիայի Դաշնությունն իր շուկայում առկա որոշ մասնագիտությունների պահանջարկին համապատասխան Վրաստանին և Բալկանյան երկրներին որոշակի աշխատանքային քվոտաներ է տրամադրել: Գերմանիան ձգտում է, որպեսզի Վրաստանի բարձր աշխատանքային որակավորում ունեցող քաղաքացիներն աշխատեն օրինական դաշտում:
Այդպիսի կապեր են ստեղծվում նաև Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Շվեդիայի, Դանիայի և Պորտուգալիայի հետ: Ըստ մասնագետների՝ օրինական աշխատանքային միգրացիան ամենաճիշտ ճանապարհն է միգրացիոն հոսքերի կառավարման տեսանկյունից: Մասնավորապես Վրաստանի կառավարությունը Լեհաստանի հետ համաձայնություն է ձեռք բերել որոշ մասնագիտությունների գծով՝ եռակցող, շինարար, վարորդ, պայմանագրային հիմունքներով իր քաղաքացիների աշխատելու վերաբերյալ:[11]
Մոտ ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիներին կթույլատրվի օրինական կերպով աշխատել նաև Ֆրանսիայում: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ համապատասխան փաստաթուղթը Ֆրանսիայի նախագահն արդեն իսկ ստորագրել է:
Ըստ Զալկալիանիի՝ սա Վրաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև ակտիվ համագործակցության արդյունքն է: Նախարարը նշել է, որ Վրաստանը համապատասխան համաձայնություն է ունեցել Ֆրանսիայի կառավարության հետ, որն էլ Ֆրանսիայի խորհրդարանը վավերացրել է:
Այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երիտասարդ մասնագետները, այդ թվում` Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ստացածները, կարող են այդ երկրում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալ և օրինական աշխատել:[12]
Դավիթ Զալկալիանին հավելել է նաև, որ Վրաստանի կառավարությունը և Արտաքին գործերի նախարարությունն ակտիվորեն աշխատում են գործընկեր երկրների հետ` Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատանքի վերաբերյալ համաձայնության հասնելու համար: Վրաստանի քաղաքացիներին օրինական աշխատանք տրամադրելու մասին համաձայնության պատրաստակամություն են հայտնել նաև Բուլղարիան և Գերմանիան:
Օրինական աշխատուժի արտահանումը դեպի ԵՄ երկրներ Վրաստանի համար բացառիկ հնարավորություն է պահպանելու առանց վիզայի ռեժիմը, քանի որ դա իր այլ քաղաքացիների համար նույնքան բացառիկ հնարավորություն է ստեղծում ազատ տեղաշարժվելու ԵՄ երկրներում: Մյուս կողմից, կանոնակարգված աշխատուժի արտահանումը Վրաստանին հնարավորություն է ընձեռում իջեցնել գործազրկության մակարդակը, ավելացնել երկիր մտնող դրամական հոսքերը, որն էլ բարենպաստ ազդեցություն է ունենում տնտեսության վրա:[13]
- ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԵՄ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
2010թ. նոյեմբերին ԵՄ-ի և Ուկրաինայի միջև համաձայնեցվեց առանց վիզային ռեժիմի անցման կարգը, իսկ դրա տրամադրման մասին սկսեցին խոսել Համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումից հետո՝ 2014թ. մարտին: 2015թ. դեկտեմբերին ԵՄ-ն ընդունեց, որ Ուկրաինան կատարել է բոլոր բազային պայմաններն առանց վիզային ռեժիմին անցնելու համար: 2017թ. փետրվարի 28-ին Եվրոպական հանձնաժողովը սկզբունքորեն համաձայնություն տվեց Ուկրաինայի հարցում վիզաների ազատականացման հարցին: Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդարանը պաշտպանեց այդ որոշումը, իսկ մայիսի 11-ին դրա օգտին քվեարկեց ԵՄ նախարարական խորհուրդը:
2017թ. մայիսի 17-ին Ստրասբուրգում Ուկրաինայի և ԵՄ-ի ղեկավարությունը ստորագրեցին ուկրաինացիների համար առանց վիզայի դեպի ԵՄ մուտքի համաձայնագիրը:[14]
Պետք է նշել, որ դեռևս ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի համաձայնագրի ստորագրումից առաջ էլ արտագաղթն Ուկրաինայից վտանգավոր չափերի էր հասել: Եթե նախորդ դարի 90-ականներից երկրից տարեկան արտագաղթում էր տարեկան 200 հազար մարդ, ապա 2015թ. հետո՝ ավելի քան 300 հազար: 2015թ. ԵՄ-ում ժամանակավոր կացության իրավունք ստացած ուկրաինացիների թիվը կազմում էր 500 հազար մարդ: 2015-2017թթ. Ուկրաինայից արտագաղթողների թիվն աճել էր 1,5 անգամ և հասել 5 մլն մարդու:
2015թ.-ից հետո փոխվել էին նաև ուկրաինացիների արտագաղթի ուղղությունները: Եթե մինչև 2015թ. ուկրաինացիների նախընտրելի երկիրը ՌԴ-ն էր, ապա ներկայումս Լեհաստանն է:[15]
Լեհաստանի ԿԲ նախագահ Ադամ Գալինսկին հայտարարել էր, որ իր երկրին պարզապես օդի և ջրի նման անհրաժեշտ է ուկրաինական աշխատուժը: Իսկ Չեխիայի Հանրապետությունն արդեն իսկ պատրաստ էր վիզային ռեժիմի վավերացումից հետո մեծացնել աշխատանքային թույլտվությունների թիվն Ուկրաինայի քաղաքացիների համար:[16]
2016-2017թթ. աշխատելու նպատակով տարեկան Լեհաստան էր մեկնում 200-300 հազար ուկրաինացի, և Լեհաստանը մինչ վիզային ռեժիմի ազատականացումն իր լոյալ միգրացիոն քաղաքականությամբ նպաստում էր Ուկրաինայից ուկրաինացիների արտահոսքին:[17]
Սակայն 2018թ. նոյեմբերի տվյալներով՝ աշխատանքային արտագաղթի տեմպերը դեպի Լեհաստան նվազում են: Դա կապված է նաև լեհական տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման և նոր աշխատատեղերի պակասով: 2018թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Լեհաստանի կողմից ուկրաինացիներին տրամադրվող աշխատանքային վիզաների քանակը 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20 տոկոսով: Նույնը նկատվում է նաև ուկրաինացիների կողմից աշխատանքային թույլտվության դիմումների կապակցությամբ, որոնք նվազել են 23 տոկոսով: Լեհաստանում աշխատող ուկրաինացիներն ամսական միջինը ստանում են 660-925 դոլար աշխատավարձ, և դա մոտ 2-3 անգամ գերազանցում է Ուկրաինայում առկա գործող միջին աշխատավարձերին:
Լեհաստանում աշխատող ուկրաինացիների 74 տոկոսն այդ երկիրը դիտարկում են որպես ժամանակավոր աշխատանքի վայր և չեն ցանկանում հիմնավորվել այնտեղ: Լեհաստանում աշխատում է ավելի քան 1 մլն ուկրաինացի:
2019թ. կարող է տեղի ունենալ ուկրաինացի աշխատողների արտահոսք դեպի Գերմանիա: 2019թ. Գերմանիան պատրաստվում է բացել իր աշխատաշուկան ԵՄ կազմից դուրս գտնվող երկրների աշխատողների համար: Ըստ կանխատեսումների՝ այս պարագայում Լեհաստանում գտնվող ուկրաինացիների 60 տոկոսը կարող է տեղափոխվել Գերմանիա:[18]
Գերմանիայում աշխատանքի թույլտվություն ստանալու պայմանների մեղմացումը կարող է հանգեցնել նրան, որ հենց Գերմանիան կարող է դառնալ ուկրաինական աշխատանքային միգրանտների հիմնական աշխատավայրը: Գերմանիայում միջին աշխատավարձը 2-3 անգամ ավելի բարձր է, քան Լեհաստանում, իսկ առկա թափուր աշխատատեղերը՝ մոտ 7 անգամ: Այսպիսով` Գերմանիան կարող է դառնալ ուկրաինական աշխատանքային միգրանտների ընդունման վայրը:[19]
Եվ իսկապես պատահական չէ, որ 2017թ. տվյալներով՝ հիմնական օրինական աշխատանքային միգրացիայի թույլտվություն ստացած օտարերկրացիների 21 տոկոսը կազմել են ուկրաինական անձնագրեր ունեցողները: Բացարձակ թվով 3 մլն 100 հազար ԵՄ-ում աշխատանքային թույլտվություն ստացածներից 662 հազարն ուկրաինացիներ են, և ըստ կանխատեսումների՝ նաև հաշվի առնելով առանց վիզային ռեժիմի ընթացակարգը՝ նրանց թիվն էլ ավելի կարող է ավելանալ: Հատկանշական է, որ ԵՄ-ից ուկրաինացիների կողմից ուղարկվող դրամային փոխանցումները սկսել են գերակշռել ՌԴ-ից իրականացված փոխանցումներին:[20]
ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով, կարելի է փաստել, որ ԱլԳ երկրներից Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ ԵՄ առանց վիզաների մուտքի հնարավորությունն ավելի շատ նպաստել է այդ երկրներից դեպի ԵՄ աշխատանքային արտագաղթի մեծացմանը: Եվ արդեն իսկ ԵՄ երկրների կողմից իրականացվող ավելի մեղմ քաղաքականության պայմաններում այն ավելի մեծ չափեր կարող է ընդունել: Քաղաքական լուրջ բաղադրիչ կարելի է համարել այն, որ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան աստիճանաբար ձերբազատվում են Ռուսաստանի Դաշնության աշխատանքային շուկայի ազդեցությունից և փորձ ու գիտելիքներ ձեռք բերելով ԵՄ տարածքում՝ հետագայում այն կարող են հետագայում ներդնել իրենց երկրներում: ԵՄ աշխատանքային շուկայում օրինական հիմունքներով ներգրավումը նաև կանխում է Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից մշտական արտագաղթը, քանի որ այլևս դրդապատճառ չկա զարտուղի ճանապարհներով մեկնել և բնակություն հաստատել ԵՄ երկրներում: Այս գործընթացը նաև մեղմում է տվյալ երկրներում գործազրկության ցուցանիշների նվազումը, ապահովում հավելյալ դրամական հոսքեր:
Իսկ ազատ վիզային ռեժիմի պահպանման համար Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի իշխանությունները փաստացի առավելագույն ջանքեր պետք է գործադրեն այն օրինականության սահմաններում պահելու, ինչպես նաև այս պայմանագրով նախատեսված բարեփոխումների իրականացման գործընթացը պատշաճ իրականացնելու համար:
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] ԵՄ-ն մտադիր Է դյուրացնել կանոնները բարձր որակավորում ունեցող աշխատանքային միգրանտների համար, Արմենպրես,12.11.2018
[2] Молдова и ЕС: легкий холодок в отношениях?, noi.md, 20.06 2018
[3]Евросоюз – Молдавия: безвизовый режим с оговорками, DW.com, 26.04.2014
[4] Молдова и ЕС: легкий холодок в отношениях?, noi.md, 20.06 2018
[5] ЕС может приостановить безвиз для Молдовы в случае невыполнения обязательств, www.eurointegration.com.ua, 12.11.2018
[6]Молдавия может лишиться безвизового режима с Евросоюзом, Eadaily.com, 13.11.2018
[7] ЕС может приостановить безвиз для Молдовы в случае невыполнения обязательств, www.eurointegration.com.ua, 12.11.2018
[8] Безвизовый режим ЕС с Грузией начнет действовать с 28 марта, DW.com, 08.03.2017
[9] Грузия и ЕС: легальное сближение, Sova.news, 29.09.2018
[10] В ЕС после введения безвиза с Грузией выросло число необоснованных запросов на убежище, DW.com, 30.04.2018
[11] Грузия и ЕС: легальное сближение, Sova.news, 29.08.2018
[12] Վրաստանի քաղաքացիներին իրավունք կտրվի օրինականորեն աշխատել Ֆրանսիայում, Armtimes.com, 12.19.2018
[13] Грузия и ЕС: легальное сближение, Sova.news, 29.08.2018
[14] Подписано соглашение о безвизовом режиме между ЕС и Украиной, Delfi.lv, 17.05.2017
[15] Массовая эмиграция. Куда бегут украинцы, Vesti-ukr.com, 22.05.2018
[16] Великое переселение народа: куда и почему уезжают украинцы из Украины, Newsone.ua, 01.02.2018
[17] Массовая эмиграция. Куда бегут украинцы, Vesti-ukr.com, 22.05.2018
[18] Эмиграция украинцев в Польшу идет на спад, Delo.ua, 04.12.2018
[19] Эмиграция украинцев в Германию может стать массовой, Etcetera.media, 05.11.2018
[20] Мигранты в ЕС: украинцы лидируют с большим отрывом, DW.com, 28.10.2018