ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հոսեին Սամիի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելությանը։ Հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի քննարկումն էր։
ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքրվել են կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման մարտահրավերներում ՀՀ կառավարության տեսլականով և այդ ոլորտներում նախարարությունների գործառութային բաժանման հարցով:
Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամը հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը ծրագրում ընդգրկված տնտեսական աճի ներառականության ապահովման գործում։
Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է իրենց հետաքրքրող հարցերի շրջանակը, մասնավորապես՝ հստակեցրել նախարարության կոնկրետ անելիքները վերը նշված ոլորտներում, անդրադարձել նաև գործարար միջավայրի բարելավմանը միտված առաջիկա քայլերին:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ըստ ՀՀ կառավարության կողմից մշակվելիք առաջնահերթությունների ցանկի:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն