Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ. Սարի թաղի դեպքերի ժամանակ մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժած լրագրող Մարիամ Գրիգորյանի եւ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանի բողոքն արդեն քննվում է դատարանում: Հիշեցնենք, որ տուժող-լրագրողների բողոքն ուղղված է Հատուկ քննչական ծառայության կողմից 2018թ.-ին գործի վարույթը կասեցնելու դեմ: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ փաստին՝ գործով տուժող-ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանն ասաց. «Հասկանալի է, որ գործը նախկինում եւ հիմա քննում են նույն մարդիկ՝ նույն կառույցում: Ինչպես ասում են՝ երկրում իրավիճակ է փոխվել, բայց այդ կառույցում, ըստ էության, ոչինչ չի փոխվել»:
Գեւորգ Ղազարյանի բնորոշմամբ՝ հետհեղափոխական ՀՀ-ում փորձեցին շատ արագ հասկանալ, թե նախորդ իշխանությունից «ժառանգություն» մնացած գործերից որոնք կարող են փակել ու մի կողմ դնել. «Նման մարտավարությամբ էլ հանդես եկան մեր գործի դեպքում»:
Մեր զրուցակցին խնդրեցինք նաեւ ներկայացնել, թե ինչ էր տեղի ունեցել Սարի թաղում հայտնի միջադեպի ժամանակ: «Ոստիկանության ներկայացուցիչները կոտրել են տեսախցիկս, որով աշխատում էի, իսկ նրանց հետ գործող քաղաքացիական հագուստով անձինք վերցրել են ֆոտոխցիկս: Ոչ մեկը, ոչ մյուսը չկան մինչ այսօր»,-պատմեց Գեւորգ Ղազարյանը:
Նրա խոսքով. «Դեպքի վայրում քաղաքացիական հագուստով անձանցից հնչում էին սպառնալիքներ: Նրանք քարերով հարվածում էին, որպեսզի դեպքի վայրում հնարավորություն չունենայինք աշխատել: Նրանք ոստիկանության հետ համատեղ էին գործում: Վնասվածքներս այնպիսին չէին, որ տեղափոխվեի հիվանդանոց, բայց դատաբժշկական փորձաքննությունն արձանագրել է այտուցները, վնասվածքները, գործի նյութերում այդ մասին համապատասխան փաստաթուղթը կա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(լուսանկարը՝ զրուցակցի սոցցանցի էջից)