Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր կառավարությունում, նիստից հետո հայտնեց, որ ներկայումս բավական խորը ուսումնասիրությունների փուլում են: Ըստ նրա, երկար ժամանակ է ուսումնասիրություններ են իրականացնում ջրօգտագործման ընկերություններում, մարտի 15-ը վերջնաժամկետն է եւ արդյունքների մասին կհայտարարեն:
Ըստ Սանասարյանի, ջրօգտագործման ընկերությունները գյուղացիներից գումարը վերցրել են, բայց պետական բյուջե չեն փոխանցել. «Նրանք արդեն խոստովանական են գրել, որ նման բան են արել»:
Դավիթ Սանասարյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ինչ ընթացքում են ՏԻՄ-երում ստուգումները, ասաց,որ ՏԻՄ-երում ուսումնասիրությունների արդյունքով հարուցվել են քրեական գործեր: Այս պահին նման գործեր կան Անի, Նոր Գեղի, Ազատամուտ համայնքների վերաբերյալ:
Ըստ պարոն Սանասարյանի, նաեւ պետական գնումների ոլորտում է ծառայությունը մշտադիտարկում իրականացնում եւ որոշ դեպքերում ոչ այնքան չարաշահումներ են, որքան օրենքի հետ կապված խնդիրներ եւ մի քանի տասնյակ գնումներ ուղղակի կասեցվել են կամ տեխնիկական բնութագրերը փոխել են:
Որքանով են պարգեւավճարները օրինական դաշտում եղել այս հարցին էլ Դավիթ Սանասարյանն ասաց, որ ՊԵԿ-ում, ֆիննախում եւ էկոնոմիկայի նախարարությունում այդ թեմայի վերաբերյալ ուսումնասիրություններ են անում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ