Առաջիկայում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բացառիկ համերգներ են սպասվում: Ինչպես «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում տեղեկացրեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը, դրանց մեկնարկները կտրվեն փետրվարի 20-ին եւ 28-ին:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ փետրվարի 20-ին Կամերային երաժշտության տանը կկայանա Կոմիտասի ստեղծագործությունների երեկո: «Մեծ նպատակ կա հնարավորինս բոլոր ժանրերով ներկայացնել Կոմիտասին: Դրա համար էլ փորձել ենք մեր ուժերով եւ խմբերգեր երգել, եւ մեներգեր, եւ դաշնամուրային ստեղծագործություններ կատարել…Փորձելու ենք Կոմիտասի նկարագիրը տալ այդ երեկոյի ընթացքում»,-ասաց Ռոբերտ Մլքեյանը:
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանը խոսեց փետրվարի 27-ին Կոմիտասին նվիրված համերգաշարի մեկնարկից: Ասաց, որ այդ օրը կհնչի 21 կոմիտասյան ստեղծագործություն, իսկ ընդհանրապես առաջիկա 7 համերգներին հնչեցնելու են Կոմիտասի 147 խմբերգերը: «Այս թիվն ինձ համար որոշակի է…Հիշում եմ, որ երբ ժամանակին Վեհափառ տիրոջ հետ ծրագիրս էի քննարկում, իր ունեցած տվյալներով Կոմիտասն ամբողջովին կատարված էր, մինչդեռ Խորհրդային տարիներին Կոմիտասյան շատ-շատ մանրապատումներ դուրս են մնացել ու միայն նոտաների մեջ էին: Հիմա նպատակ ունենք նորից հնչեցնել ակադեմիական հատորներում զետեղված Կոմիտասի բոլոր ստեղծագործությունները»,-ասաց Հարություն Թոփիկյանը:
Նրա խոսքերով, ունենալով Կոմիտասի նման մեծ ուսուցիչ, այդպես էլ խմբավարական մեր մտածողության մեջ այդպես էլ չստեղծվեց Կոմիտասյան դպրոց, ինչպես օրինակ Բախի կատարողական դպրոցը կամ Շոպենյան դպրոցը, որտեղ «կարելի»-ների ու «չի կարելի»-ների սահմանները կան: «Եթե Կոմիտասին կատարենք այնպես, ինչպես ավանդել է ինքը` մեծ ուսուցիչը, դա բավարար կլինի, որ ունենանք դպրոց»,-համոզված է խմբավարը: Հարություն Թոփիկյանը նշեց, որ իրենց 7 համերգները կկայանան` «Կոմիտասը եւ մենք» խորագրի ներքո:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լավ համերգային ծրագրեր էն,
Գալով Կոմիտասյան դպրոցի հարցին,
իմ կարծիքով դա կոնսերվատորիայի ծրագրային նախագիծ պետք է լինի խմբավարական ամբյոնում,
բայց եթե այդ համոզման եք եկել, որ բոլորովին ուրիշ հարդակ եք ուզում ստեղծել,
շնորհավորելի է,
Ժողովրդական առածը ասումէ ”Լավ է ուշ, քան երբեք ”
Հաջողություն