«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՏԱՆԸ». ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ողջունելով ներկաներին, փաստեց, որ այսօրվա առաջին դասախոսությամբ մեկնարկում է դիվանագետ և պետական այլ պաշտոններ զբաղեցնող արևելագետների դասախոսությունների շարքը, որը պարբերական բնույթ է կրելու: Այն պայմանականորեն կոչել են «Արևելագետները արևելագիտականում»:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ այս նախաձեռնության առաջին դասախոսությունը կարդալու է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, որը մեր ֆակուլտետի շրջանավարտներից է»,- ասաց պրոֆեսոր Մելքոնյանը:
Արսեն Գասպարյանը, վերհիշելով ուսանողական տարիները, նշեց. «Բաներ կան, որոնք միշտ ինձ հետ են և երբեք չեն վերանալու: Չեմ կարող չհիշել իմ դասախոս և արևելագիտության ֆակուլտետի դեկան Մերի Քոչարին, որից շատ բան եմ սովորել: Նա շատ հետաքրքիր անձնավորություն էր: Խորհրդային Միության տարիներին՝ դասախոսության ժամանակ, նա համեմատում էր Օսմանյան Կայսրությունում թանզիմաթի բարեփոխումները գորբաչովյան «պերեստրոյկայի» հետ, թուրք սուֆիական միջնադարյան գրականությունը՝ 60-ականներին Անգլիայում հիփիների շարժման հետ»,- ասաց Արսեն Գասպարյանը և հավելեց, որ այդ թեմաներն այսօր էլ պահպանել են իրենց արդիականությունը և կարող են ուսումնասիրությունների նյութ դառնալ:
Անցնելով Հայաստան-Թուրքիա երկխոսությանը՝ Արսեն Գասպարյանը ներկայացրեց, թե ինչպես էին զարգանում հարաբերությունները Հայաստանի անկախացումից հետո:
«Թուրքիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, և 1992 թվականին, երբ ես ծավալում էի իմ գործունեությունն Արտաքին գործերի նախարարությունում, Թուրքիայի ԱԳՆ-ից նոտա ստացանք առ այն, որով վերջինս առաջարկում էր Հայաստանին հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սակայն հետագայում թուրքական կողմից դրանք այդպես էլ ընթացք չստացան: Եթե խոսենք հայ-թուրքական երկխոսության ու հարաբերությունների մասին, Հայաստանի անկախացումից հետո, պետք է դիտարկենք դրանք երկու հարթության մեջ՝ հայ-թուրքական երկկողմ երկխոսությունը և իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում»,- ներկայացրեց Գասպարյանը:
Ըստ բանախոսի՝ դրանից հետո սկսվում է շատ ակտիվ մի շրջան, որը տևում է մինչև Շուշիի ազատագրումը:
«Այդ մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ թուրք գործարարներ Հայաստան եկան: 1992 թվականին Հայաստանում հայ գործարարները չունեին բիզնես բանակցությունների փորձ, մոտեցումներ, տնտեսությունը սարսափելի վիճակի մեջ էր: Շատ հետաքրքիր փորձառություն էր այդ ժամանակաշրջանում մասնակցել, լսել թուրքական բիզնես շրջանակների մոտեցումները հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,- ասաց Գասպարյանը:
Գասպարյանը նշեց, որ Շուշիի ազատագրումից հետո այդ երկխոսությունը դանդաղում է, երբեմն նաև ընդհատվում : Նա այդ ժամանակաշրջանը համարեց երկու երկրների հարաբերությունների ամենաակտիվ շրջանը:
«Ես հակված եմ այդ գործընթացն անվանել երկխոսություն, երբ կողմերը փորձում էին պարզել դիմացինի դիրքորոշումները»,- ասաց նա:
Նա նշեց, որ ժամանակի ընթացքում փորձեր են արվել ստեղծելու երկխոսության տարբեր հարթակներ, բայց Անկարայի հստակ դիրքորոշումն այն էր, որ դիվանագիտական, առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն անմիջականորեն կապված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:
Արսեն Գասպարյանը, խոսելով արտաքին քաղաքականության մասին, ընդգծեց, որ այն ունի երկու հիմնասյուն՝ անվտանգություն և տնտեսություն:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը՝ նա փաստեց. «Կառավարության նոր ծրագրում արտաքին քաղաքականության ոլորտում շատ ուժեղացված է տնտեսական բաղադրիչը: Դա կարտահայտվի օտարերկրյա ուղիղ ներդրումների, նոր շուկաների բացահայտման, Սփյուռքի գործարար ներուժի ներգրավման, հայկական ապրանքների արտահանման ավելացման, զբոսաշրջության խթանման և միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների ակտիվացման միջոցով»:
Բանախոսն ընդգծեց, որ 21-րդ դարում անհնար է դառնում տարանջատել արտաքին քաղաքականությունն արտաքին տնտեսական քաղաքականությունից:
«Այսօրվա Հայաստանին անհրաժեշտ է արտաքին քաղաքականության ուժեղ տնտեսական բաղադրիչ: Հայաստանի դեսպանները, գտնվելով արտասահմանում, պետք է մտածեն Հայաստանի տնտեսական վիճակի մասին: Հայաստանի դեսպանությունների գործունեությունը պետք է ուղղված լինի երկրին տնտեսական շահույթ բերելուն: Եթե մենք հայտարարում ենք, որ մտնում ենք տնտեսական հեղափոխության փուլ, դա հնարավոր չէ իրականացնել առանց դեսպանությունների ներգրավման, քանի որ արտաքին քաղաքականությունը սկսվում է տանը: Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երևանում», – ասաց Արսեն Գասպարյանը:
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և «առանց նախապայմանների» ձևակերպման մասին՝ նա նշեց, որ շատ կարևոր է հանրային քննարկում ծավալելը:
Պատասխանելով ներկաների հարցերին՝ Արսեն Գասպարյանն ընդգծեց թեմային գիտնականների ներգրավման կարևորությունը:
Հանդիպման ավարտին պրոֆեսոր Մելքոնյանը վարչապետի խորհրդականին նվիրեց Թուրքիայի Հանրապետության պատմության գիրքը՝ շնորհակալություն հայտնելով անկեղծ քննարկման և դասախոսությունների շարքը սկզբնավորելու համար:
ԵՊՀ