«Զարգացած ԶԼՄ-ներում չի խրախուսվում, որ իրենք կարծիք հայտնեն նույնիսկ սոցցանցերում: BBC-ում եթե իրենց լրագրողը լայքի իրենց Նիկոլին կամ իրենց Աշոտյանին, գործից կհանեն, այ որ սրտիկի՝ կարող է մի հատ էլ ծեծեն»,- այսօր ՀՀ-ում մամուլի հետհեղափոխական խնդիրների մասին քննարկման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Քննարկումը կազմակերպել էին «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ու Հայաստանի ժուռնալիստների միությունը:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը խոսեց այն մասին, որ լրագրողները դառնում են պատգամավորներ: Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ դրա մեջ վատ բան չկա. «Բայց երբ պատգամավոր, կուսակցական լինելուց հետո նորից վերադառնա ու դառնա լրագրող, ես կասեմ՝ հա-հա հա…Եթե դու լրագրող ես՝ պատասխանատվություն ունես լինել անկաշկանդ քո հայացքներում: Նիկոլ Փաշինյանը չի կարող այլեւս լինել լրագրող…Եթե մարդը հստակ քաղաքական հայացքներ ունի, հելել է Ազգային ժողովում «կիլդիմ» է արել, կոշիկ է տվել դիմացինի ճակատին, կարո՞ղ է հետո անաչառ լրագրող լինել: Ինքը կարող է սյունակագիր լինել, բայց ոչ լրագրող»:
ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանն անդրադարձավ իշխանավորների «լայվերի» պրակտիկային: Նա ասաց, որ այդ միջոցով խոսքը չի մնում, չի արխիվացվում, տպագրվելու դեպքում կարողանում ես հղում տալ, չի ջնջվում. «Լայվով կարող են հանել, խմբագրել, խառնաշփոթ է դառնում»:
Աղասի Ենոքյանն անդրադարձավ ոստիկանության, ԱԱԾ-ի այցելություններին՝ ԶԼՄ-ների խմբագրություններ:
Արամ Անտինյանը հարցրեց՝ գույները շատ չե՞նք խտացնում, մեր ոստիկանության, ԱԱԾ-ի օրենքների կատարումը երբեք կատարյալ չի եղել, այսինքն, այդ խնդիրները գալիս են ոչ պրոֆեսիոնալիզմից, արհեստավարժության պակասից: Նա մի օրինակ բերեց. «Երբ կայքերիցս մեկի վրա DDOS հարձակում էր եղել, առաջարկեցին դիմել ոստիկանություն, ու երբ այնտեղ ինձ մի հարց տվեցին, ես հասկացա, որ ավելի լավ է մնայի տանը, նա հարցրեց՝ դանակներո՞վ են հարձակվել, ասեցի՝ OK, ցտեսություն: Ինչի՞ մենք չենք մտածում, որ այդ խնդիրները միշտ են եղել՝ բոլոր նախագահների ժամանակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ