Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. Բժշկականում ստուգումներն ավարտել են

Փետրվար 15,2019 16:25

Հայաստանի ագրարային համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պետբյուջե է վերադարձել 350 միլիոն դրամ: Չարաշահումները տեղի են ունեցել նախկին ղեկավարության օրոք: Այսօր կառավարության նիստից հետո ասաց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ 2018-19 թթ․ գործունեության արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ:

Ըստ պարոն Սանասարյանի, այս պահին ուսումնասիրում են Բժշկական համալսարանն ու նրան կից առողջապահական հիմնարկներ. «Տարբեր արդյունքներ կան, բայց իմ կողմից ճիշտ չէ դրանց մասին այս պահին խոսելը։ Երբ ավարտենք, կհրապարակենք։ Ենթադրում եմ՝ կավարտենք մարտի վերջին»:

Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեցին՝ նախատեսվո՞ւմ են ուսումնասիրություններ ուժային կառույցներում, ի պատասխան ասաց, որ պետք է վարչապետի հետ այդ ամենը համաձայնեցվի: Նա նաեւ ասաց, որ կաշկանդված չեն այդ ոլորտներում ստուգումներ անել, պարզապես՝ «Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ ուժային կառույցների դեպքում պետք է վարչապետի հետ քննարկել։ Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է»:

ՊՎԾ ղեկավարը նաեւ հայտնեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում էլ ուսումնասիրությունները ավարտվել են:

«Ինչպես գիտեք, քրեական գործ կար հիմնադրամի վերաբերյալ, մենք արել ենք մնացածը. պարզել ենք՝ ինչպես են ծախսվել հիմնադրամի գումարները։ Այս պահին, սակայն, չեմ կարող խոսել ուսումնասիրությունների արդյունքների մասին»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի այն սպառնալիքների առնչությամբ էլ, թե դատի է տալու Սանասարյանին, ՊՎԾ ղեկավարն ասաց, որ ինքը մարտահրավերն ընդունում է եւ պատրաստ է, եթե ռեկտորը նման ցանկություն ունի. «Ես խրախուսում եմ, որ գնա ու ինձ դատի տա»:  Նա ասաց, որ իրենց ընթացակարգերը չեն խախտել եւ գործել են օրենքի շրջանակներում:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ պարբերաբար շրջանառվում է, որ վերահսկողականը դանդաղ է աշխատում, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ կան ընթացակարգեր եւ որ պետական վերահսկողական ծառայությունը հետախուզական մարմին չէ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728