Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր եւ որդի ներկայացան «Երկու հայացք» ցուցահանդեսով

Փետրվար 15,2019 16:17

«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվել է հայր եւ որդի Էդվարդ եւ Մհեր Պետրոսյանների «Երկու հայացք» խորագրով ցուցահանդեսը: Հեղինակներից տեղեկացանք, որ ցուցադրված է շուրջ 40 աշխատանք:

Էդվարդ Պետրոսյանը բացմանն ասաց, որ ուղղակի հրավիրել է զրուցելու ու սրտի խոսք են ասելու հանդեսի առիթով, ու յուրաքանչյուրը ինքն է որոշելու, թե ինչ հույզ ու գույն կտանի իր հետ այս ցուցահանդեսից: Ինչ վերաբերում է որդուն` Մհերին, որն ավարտել է Գեղարվեստի ակադեմիան, Էդվարդ Պետրոսյանի ձեւակերպմամբ, ցուցահանդեսը երախտագիտության յուրատեսակ դրսեւրում է ակադեմիայի ու այնտեղ դասավանդած մարդկանց հանդեպ:

«Առանց գեղեցիկի, առանց նման բաներով հաղորդակցվելու, յոլա գնալ չենք կարող, ինչքան էլ նյութապաշտ ենք դարձել»,-ասաց նկարիչը: Միջոցառմանը, ի թիվս այլոց, ներկա էր նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էդուարդ Վարդանյանը, որն անչափ կարեւորեց նման ցուցահանդեսների անցկացումը:

Մանրամասն` տեսանյութում:

Ներկաներից Դավիթ Վանյանը, որ ընտանիքի վաղեմի բարեկամն է, Պետրոսյանների նկարները որակեց կյանքով ու լույսով լեցուն. «Այս գույների խաղը հենց այն է, որ մեզ պակասում է: Կարծես Երեւանում մի տեսակ հիասթափության նոտաներ եմ զգում, կարծես ժամանակը կանգ առած լինի, ու լավ է , որ նման ցուցահանդեսներ են բացվում»:

ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանն էլ փաստեց, որ ներկա են բոլորին համար սիրելի վայրում, քանի որ շատերը հենց այս բուհի շրջանավարտ են:

«Ժամանակ կար, որ այս ինստիտուտը հարազատ տան պես էր, մինչեւ գիշերվա 11-ն այստեղ էինք: Ուրախ եմ, որ մարզերից ու հանրապետության ուրիշ քաղաքներից էլ են նկարիչներ գալիս ու ցուցահանդեսներ անում, որովհետեւ մենք ցավալիորեն ամեն ինչը կուտակել ենք Երեւանում, իսկ մարզերը կյանքի կարիք ունեն»,- ասաց նկարիչը: Եվ շեշտեց, թե քիչ է պատահում, որ հայր ու որդի համատեղ ցուցահանդես անեն:

Մանրամասն` տեսանյութում:

Aravot.am-ի հետ զրույցում Էդվարդ Պետրոսյանը նշեց, որ ցուցադրվելը գեղեցիկի զգացողությունը որոշ մարդկանց մոտ ուղղակի կենսակերպ է. «Ուզեր-չուզեր պետք է այս ցուցահանդեսը ծնվեր, սակայն այն բացելու մեջ մեծ դերակատարություն է ունեցել որդիս` Մհերը: Եթե Մհերը չնկարեր, ես գուցե ուրիշ գործով զբաղվեի, նկարելուց էլ հրաժարված լինեի»: Նա շեշտեց, որ երբեք փոքր ժամանակ չի ուղղորդել նկարչության հանդեպ սեր ունեցող որդուն, որովհետեւ մտածել է, որ եթե ձիրք ունի, ինքնուրույն կտեսնի այն, ինչ նկարիչներին է հասու:

Նա դրվագ պատմեց, երբ որդին 3 տարեկան էր, մի նկար էր նկարել, որը փակցված էր պատին, հետագայում ինքն այդ անվարժ մանկական նկարը «ներհյուսել» է իր նատյուրմորտում: Այժմ այդ նատյուրմորտն անավարտ է, բայց իր սիրելի գործերից է համարում:

Էդվարդ Պետրոսյանն ասում է, որ ամեն տարի իրենք համատեղ կամ առանձին ցուցահանդեսներ են ունենում, ի դեպ հարսը` Արմինե Սամսոնյանն էլ արվեստաբան է:

Մհեր Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ցուցահանդեսը վաղուց էր ծրագրված, ուզում էին «Երկու հայացք» խորագրով ցուցադրվել ու ներկայացնել իրենց տարբերությունները, որոնք միայն տարիքային չեն: Հարցրինք` մտածողության տարբերության պատճառով ստեղծագործական բանավեճեր ունենո՞ւմ են, Մհերը չհերքեց. «Հաճախ ենք ունենում անհամաձայնություն, դա գալիս է մեր միջեւ եղած ժամանակային կտրվածքից, տարբեր ժամանակների ազդեցություններից»:

Հարցրինք, թե դասախոսներից հատկապես ում է հիշում: Մհեր Պետրոսյանն ասաց, որ ոչ մի րոպե չի մոռանում Մկրտիչ Սեդրակյանին, Անատոլի Պապյանին, Գրիգոր Աղասյանին ու մյուսներին: Հավելեց նաեւ, որ բախտը բերել է, որ արվեստաբանի հետ է ամուսնացել, թեեւ չթաքցրեց, որ նրա հետ էլ է ստեղծագործական վեճեր ունենում, ինչը բնական է:

Մհերն ասում է, որ վրձնով էլ կարելի է տուն պահել, նաեւ ընդգծում է, որ հատուկ պատվերով չի նկարում, քանի որ չի կարող նկարել այնպես, ինչպես պատվիրատուն կցանկանար. «Ոչ ոք չի կարող ինձ պարտադրել այլ կերպ տեսնել այն ամենը, ինչ հայացքով ես եմ տեսնում»: Ասում է` իր դասախոսները սովորեցրել են ոչ միայն նկարել, այլ առհասարակ ապրել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728