ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարելիք այցի նախօրյակին ԶԼՄ-ներում շատ է քննարկվում նաև իրանական ապրանքաշրջանառության համար Հայաստանի տարածքը ևս որպես միջանցք օգտագործելու հարցը: Խոսվում է, որ մեր Հյուսիս-Հարավ մայրուղին, մասամբ նաև երկաթգիծը կարող են օգտագործվել Սև ծովը Պարսից ծոցին միացնելու մեծ ճանապարհին: Այս օրերին Երևանում է ԻԻՀ-ի տրանսպորտի նախարարության Կովկասի հաղորդակցական ճանապարհների գծով փորձագետ Ջավադ Անսարին: Առիթից օգտվելով հանդիպեցի նրան, որպեսզի մասնագետից լսեմ մեր երկրի հնարավորությունների գնահատականը: Պրն Անսարին իրանցի գործարար է` միջազգային տրանսպորտային ընկերության հիմնադիր և Իրան-Հայաստան առևտրի պալատի անդամ: Նրա ընկերության մասնաճյուղը 1993 թվականից գործում է Հայաստանում:
Գործարարի կարծիքով՝ Հայաստանը Իրանի համար տարանցիկ այլընտրանք դիտելու համար պետք է բարելավել ճանապարհների որակը, ապահովել մայրուղիների մշտական սպասարկումը և զեղչել կամ նվազագույնի իջեցնել տրանզիտ բեռնատար ավտոներից գանձվող ճանապարհային և բնապահպանական վճարումները: Այդ վճարների ընդհանուր գումարը ներկայիս մոտ չորս հարյուր ԱՄՆ դոլար է կազմում: Իրանցի գործարարներն իրենց բեռները Փոթի նավահանգիստ հասցնելու կամ այնտեղից ստանալու համար հիմնականում օգտվում են Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքից: Ռուսաստան կամ Թբիլիսի մեկնող իրանական բեռնատարներն ընտրում են Ադրբեջանի տարածքը, իսկ Ուկրաինա և Փոթի մեկնողներն ընտրում են Թուրքիայի ճանապարհները:
Հիշեցնենք, որ Պարսից ծոցի իրանական հիմնական նավամատույց Բանդար Աբասից ցամաքային ճանապարհով Վրաստանի Փոթի նավահանգիստ հասնելու համար Հայաստանի տարածքով պետք է կտրել 2900 կմ ճամփա` Ադրբեջանով 2690 կմ, իսկ Թուրքիայով 2640 կմ: Վերջին երկու ուղղությունները գնային առումով ավելի մրցունակ են, իսկ ճանապարհները մոտ են և մատչելի: Իրանցի գործարարները գոհ են Հայաստանի մաքսային և հարկային ծառայությունների որակից և վերաբերմունքից: Փորձագետի ասելով՝ գործարարը Թեհրանի մաքսային կետից քսան տոննա բեռը Թուրքիայի կամ Ադրբեջանի ցամաքային ճանապարհներով Փոթի հասցնելու համար վճարում է 1100$: Նույն բեռը Հայաստանի տարածքով փոխադրելու համար պետք է ծախսել երկու հազար դոլար, որից մոտ 400$ ճանապարհային տուրք է:
Պրն Անսարիի կարծիքով՝ Հայաստանի տարածքից տարանցիկ բեռնաքանակ փոխադրելու համար կարելի է համակցել ցամաքային ճանապարհը և Երասխ-Փոթի երկաթգիծը: Երասխը երկաթգծի մեր վերջին կայանն է և դրանից հետո մենք դեպի Իրանի սահման երկաթգիծ չունենք:
Իրանցի գործարարը ԻԻՀ-ի նախագահ պրն Ռոհանիի Հայաստան կատարած այցելության ժամանակ եղել է պետական պատվիրակության անդամ և ՀՀ տրանսպորտի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ բանակցության համար այցելել է նաև Թբիլիսի. նա մոտիկից ուսումնասիրել է Իրանն ու Վրաստանն Երասխի երկաթգծի կայարանով միմյանց կապելու և այնուհետև բեռնատար ավտոներով ընթացքը դեպի Իրան շարունակելու հնարավորությունը: Քննարկումներին որպես շահագրգիռ կողմ մասնակցել են նաև Ղազախստանի ներկայացուցիչները: Նույն կազմով քննարկումներ են եղել նաև Թեհրանում և Երևանում: Երևանյան հանդիպումների ընթացքում իրանցի գործարարներն առաջարկել են իջեցնել ՀՀ ճանապարհային տուրքը, բայց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից պատշաճ արձագանք չի եղել:
Նրա նախաձեռնությամբ փորձնական կերպով իրանցի մի գործարարի երկու կոնտեյներ բեռը Գերմանիայի Համբուրգ նավահանգստից Փոթիի ճանապարհով, երկաթգծով հասցվել է Երասխ կայարան, այնուհետև իրանական բեռնատարներով հասցվել է պատվիրատուին: Այս ընթացքը տևել է երեք շաբաթ: Ջավադ Անսարիի կարծիքով՝ այս տարբերակն ավելի գործնական է, բայց ունի լուրջ մրցակիցներ: Տարածաշրջանում կա մրցակցություն և Ադրբեջանն այս շուկան իր ձեռքում պահելու համար վերջերս հանել է տարանցիկ բեռնափոխադրողներից գանձվող ճանապարհային վճարը: Սկսած անցյալ տարվանից, Իրանի թույլտվությամբ ադրբեջանական բեռնատար գնացքն Արաքսն անցնելով հանգրվանում է իրանական Աստարա մաքսային կետում, որը հեշտացնում է բեռնումը կամ բեռնաթափումը:
Որպես եզրակացություն՝ իրանցի գործարարը կարծում է, որ պետք է արագացնել Հայաստանի Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը և հատկապես հիմնական լուծում գտնել Սյունիքի մարզի լեռնային և դժվարանցանելի ճանապարհների բարեկարգման համար, իջեցնել տարանցիկ բեռնափոխադրումից գանձվող վճարները և ճանապարհների մշտական սպասարկում կազմակերպել: Իրանցի գործարարի կարծիքով՝ իր պետությունը ցանկանում է Թուրքիայի և Ադրբեջանի միջանցքներից բացի, ունենալ նաև երրորդ այլընտրանք, որն ունի քաղաքական և տնտեսական նշանակություն: Պետք է զարգացնել ու իրագործել այդ գաղափարը:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ