Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ «Սարի թաղի» գործի կասեցման դեմ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հ/կ աջակցությամբ պատրաստված՝ լրագրողների բողոքի գործով հերթական դատական նիստն էր: ԽԱՊԿ-ը ներկայացնում է տուժած լրագրողներ Մարիամ Գրիգորյանի եւ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանի շահերը դատարանում:
Հիշեցնենք, որ 2018թ.-ին ՀՔԾ-ն որոշեց կասեցնել Սարի թաղի դեպքերի (2016թ. հուլիսի 29-ի բողոքի երթերը լուսաբանող լրագրողները ոստիկանական հատուկ գործողությունների հետեւանքով ստացել էին նյութական եւ ֆիզիկական վնաս) գործով քրեական գործի վարույթը՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ, դատախազությունն էլ իր հերթին մերժեց տուժող-լրագրողների պաշտպանների բողոքը, այդ պատճառով էլ տուժողները ՀՔԾ-ի եւ դատախազության դեմ բողոք ներկայացրին դատարան:
Այս գործով դատախազ Վարդգես Սարգսյանն այսօր դատարանին միջնորդեց բողոքի քննությունն անցկացնել դռնփակ՝ այն պատճառաբանությամբ, որ նախաքննությունն ընթացքի մեջ է. «Կարող են ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք նախաքննական գաղտնիք են պարունակում: Արդարադատության շահից ելնելով՝ ճիշտ կլինի, որպեսզի բողոքի քննությունն անցնի դռնփակ: Դատախազությունն ու ՀՔԾ-ն թաքցնելու ոչինչ չունեն, պարզապես արդարադատության շահն ենք ուզում հաշվի առնել»:
Լրագրողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանը դատախազի միջնորդության դեմ առարկեց. «Հաշվի առնելով այն փաստը, որ գործը հասարակական հնչեղություն ունի, հանրության պահանջն է՝ գործի ամեն դետալի հանդեպ մանրամասն քննություն իրականացնել: Այս գործը պետք է լինի դռնբաց, որպեսզի հանրային վերահսկողություն լինի»:
Վարդգես Սարգսյանը չհամաձայնեց. «Չենք առարկում, որպեսզի գործով անցնող տուժող-լրագրողները մասնակցեն նիստերին, բայց ԶԼՄ-ների կողմից բողոքի քննությունը լուսաբանելու դեմ առարկում ենք՝ արդեն իսկ նշված պատճառաբանությամբ: ՀՔԾ-ի կողմից այս գործով մոտ հիսուն լրագրող տուժող է ճանաչվել, նրանց ֆիզիկական ներկայությանը չենք առարկում, բայց դեմ ենք լուսաբանմանը»:
Կարեն Տոնոյանն էլ իր հերթին չհամաձայնեց. «Այսպես թե այնպես, տուժող-լրագրողները կարող են նիստին մասնակցել, բայց պնդում եմ, որ հանրային վերահսկողությունը գործի իր բոլոր մեխանիզմներով հանդերձ»:
Դատարանը, այնուամենայնիվ, որոշեց իրականացնել դռնփակ դատական նիստ, քանի որ սույն քրեական գործն ավարտված չէ՝ նախաքննության փուլում է: «Այստեղ կարող են հրապարակվել եւ հետազոտվել այնպիսի նյութեր, որոնք նախաքննական գաղտնիք են պարունակում: Միաժամանակ արձանագրենք, որ տուժող-լրագրողները կարող են ներկա լինել նիստերին՝ առանց այն լուսաբանելու»,-նկատեց դատավոր Հարություն Մանուկյանը: Ապա նա հայցեց նիստին ներկա ԶԼՄ-ների ներողամտությունը եւ խնդրեց լքել նիստերի դահլիճը:
Իսկ թե ինչ նախաքննություն նկատի ուներ դատախազը, լրագրողների շահերի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Քանի որ գործի վարույթը կասեցված է, և ոչ թե կարճված, գործը դեռ գտնվում է քննության փուլում, և յուրաքանչյուր պահի կարող է վերսկսվել: Այսինքն, գործը ավարտված չէ, որպեսզի դրանում առկա փաստաթղթերը բոլորին հասու լինեն»: Մեր զրուցակիցը նշեց, որ դռնփակ նիստի ժամանակ քննիչի կողմից ներկայացվել են փաստաթղթեր, որոնց ծանոթանալու համար դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 7-ը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ