Աբովյան քաղաքի բնակիչ Քրիստինե Խաչատրյանը Aarvot.am-ին որոշ մանրամասներ հաղորդեց «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված հարձակման դեպքից:
Ըստ նրա՝ այս միջադեպում ներգրավված են Վահրամ եւ Վարդան Գրիգորյան եղբայրները, որոնք թեեւ միգուցե պաշտոնապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում չլինեն, բայց փաստացի նրա անվտանգությունը պաշտպանողներից են: Ի դեպ, այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից, վերջինս խոստացավ ճշտել տեղեկությունն ու նորություն իմանալու դեպքում փոխանցել մեր լրատվամիջոցին:
Թե արդյոք «Պարտեզ» համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպում ներգրավվա՞ծ են Ծառուկյանի թիկնազորից՝ մեր հարցին քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այս գործով անցնող անձանց աշխատանքի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդում:
Քրիստինե Խաչատրյանը նաեւ պատմեց, որ Գրիգորյան եղբայրները հայտնի մարզիկներ են եւ Աբովյանում այլ միջադեպերից էլ են հայտնի:
Ըստ նրա՝ Գրիգորյան եղբայրները 2012 թվականի սեպտեմբերի 15-ին Աբովյան քաղաքում գործող ու իր հորը՝ Մկրտիչ Խաչատրյանին պատկանող «Մա Պլազա» համալիրի դիմաց դաժան ծեծի են ենթարկել իր հորը, ինչի արդյունքում ստացած գլխուղեղային կոտրվածքներով ու գանգուղեղային վնասվածքներով նա տեղափոխվել է Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոն, վիրահատվել է, ու մի քանի շաբաթ կոմայից դուրս չգալով՝ մահացել է:
Քրիստինե Խաչատրյանի խոսքով, Վահրամ Գրիգորյանը տարիներ առաջ էլ դանակահարել էր 18 տարեկան տղայի, որը դանակահարության արդյունքում կրկին մահացել է: Մեր զրուցակցի խոսքով, կատարած հանցագործությունների համար Գրիգորյան եղբայրները պատիժը չեն կրել, մի քանի ամիս անազատության մեջ մնալուց հետո հայտնվել են ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ :
«Մենք չունենք մեր մեջքին Ծառուկյան ու մականունավոր պաշտոնյաներ, մենք տուժող կողմն էինք, բայց գումարներ էինք ծախսում, որ հանցագործը կրի իր պատիժը, ինչին չհասանք, հիասթափված հեռացել ենք Հայաստանից: Հեղափոխությունից հետո հույս ունենք, որ մականունավորները չեն օգնի, որ հանցագործները ազատության մեջ մնան»,- Aravot.am-ին ասաց Քրիստինե Խաչատրյանը: Ի դեպ, Իվետա Տոնոյանը խոստացավ Գագիկ Ծառուկյանից ճշտել նաեւ Գրիգորյան եղբայրներին հովանավորելու վերաբերյալ մեր զրուցակցի տրամադրած տեղեկությունը:
«Պարտեզ» համալիրի մոտ տեղի ունեցած դեպքով ոչ մի տեղ Վահրամի անունը չի շոշափվում, որ ինքն էլի է եղել հանցագործության մասնակից, որ չի կրել իր՝ ավելի վաղ կատարած հանցագործությունների պատիժը: Թող բոլորն իմանան, որ ինքը երկու սպանություն գործել է, որ այս անգամ Ծառուկյան Գագոն իր գործը չկոծկի»,- ասաց Քրիստինե Խաչատրյանը:
Նա ասաց նաեւ, որ իր տեղեկություններով՝ Վահրամ Գրիգորյանը «Պարտեզ» համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպից նույնպես տուժել է ու այս պահին գտնվում է 1-ին հիվանդանոցում՝ ծանր վիճակում:
Ի դեպ, Քրիստինե Խաչատրյանն ասաց նաեւ, որ ուզում են հոր սպանության գործը վերաբացել: