Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը` Սերժ Սարգսյանից ստացած պարգեւի մասին

Փետրվար 15,2019 14:40

«Ես հասկանում եմ հարցի համատեքստը, բայց ես կփորձեի հարցին այլ տեսանկյունից նայել. նախ պետք է մի փոքր նայել իմ կենսագրությունը`այդ կենսագրության ընթացքում ո՞ր կառույցներում եմ աշխատել, եւ ի՞նչ է արձանագրվել իմ աշխատանքի ընթացքում եւ հնչեցված հարցի պատասխանն այդ համատեքստում փորձել գտնել»,- խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որեւէ ուժի կողմից չեն վիճարկվել որեւէ ատյանում`դա համարելով բացառիկ դեպք: Նիստից հետո լրագրողներից մեկը Տիգրան Մուկուչյանին հիշեցրեց, որ երբ նախորդ բոլոր ընտրությունների արդյունքներն ընդդիմության կողմից վիճարկվում էին ՍԴ-ում, հրապարակներում, ինքը դարձյալ ԿԸՀ նախագահ էր, ավելին, Սերժ Սարգսյանի կողմից արժանացել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

Ինչ վերաբերվում է նախորդ ընտրությունների վիճարկումներին, Տիգրան Մուկուչյանն ասաց`չի փորձի նախորդ տարիների հետ կապված ինչ-որ գնահատականներ հնչեցնել, որովհետեւ դրանք քանիցս հնչեցրել են: Հիշեցրեց իր նախկինում արտահայտած մոտեցումները, մասնավորաբար, ՍԴ դիմելու դեպքում ոչ միշտ է, որ ապացուցողական բազա է եղել: Ասաց նաեւ, որ կարծես մի տեսակ նաեւ ավանդույթ էր դարձել ընտրության արդյունքների բողոքարկումը: Բայց այն, որ հիմա այդ ավանդույթից դուրս ենք եկել, փաստում է ընտրական գործընթացի թափանցիկության մասին, ինչը կարեւորագույն մշակույթ է եւ լրջագույն ձեռքբերում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728