Այսօր «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ու «Հայաստանի ժուռնալիստների միությունը» քննարկում էին կազմակերպել ՀՀ-ում մամուլի հետհեղափոխական խնդիրների մասին:
Նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտրոսյանին հարցրեց՝ «ԶԼՄ-ն ո՞ր սեփականատիրոջ տակ է ավելի վտանգավոր՝ ինչ-որ արտասահմանյան ֆոնդի՞, մի չաղ ու բախտավոր օլիգարխի՞, կուսակցական գործիչի՞, ո՞ր»:
Ի պատասխան՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ժամացույցը, որը կանգնած է, օրը երկու անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս, ժամացույցը, որը հետ է ընկնում, տարին երկու անգամ է ճիշտ ժամը ցույց տալիս: Հիմա հարց՝ այս երկու ժամացույցներից ո՞րն է լավը, պատասխան՝ ոչ մեկն էլ լավը չեն: ԶԼՄ-ն պետք է լինի անկախ բոլորից, թելադրողից»:
Ըստ Նարեկ Մալյանի, այն ԶԼՄ-ները, որոնք արտասահմանյան ֆոնդերից են ֆինանսավորվում, նորմալ ընդունվում են, իսկ «այն, որը, օրինակ, Ծառուկյանի տակ է՝ ծախված է»: Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ եթե ԶԼՄ-ն թափանցիկ գրում է, թե ում է պատկանում, դրանից երեւում է, թե ում տրամաբանության մեջ է ինքը աշխատում. «Եթե դու «Ազատությունն» ես նայում, գիտես, որ Պետդեպարտամենտի փողերով է ֆինանսավորվում, բայց եթե դու նայես «bumburleo.am» կայքը, դու չգիտես ում է պատկանում, կարող է միանգամից 3 …-ի մեջ է մտած»:
«Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի ղեկավար Արամ Անտինյանն ասաց. «Բոլոր լրատվամիջոցները պետք է լինեն անկախ ձեւակերպումը նման է՝ բոլոր մանուկները պետք է լինեն երջանիկ ձեւակերպմանը,կամ բոլոր մանուկները պարտավոր են մեծանալ: Անկախ ԶԼՄ-ներ չեն կարող լինել: Եթե քեզ ֆոնդն է ֆինանսավորում, դու կախված ես ֆոնդից, եթե դու «Աշտարակ կաթից» ես ֆինանսավորվում, մի բան գրես իրենց դեմ, կարող է քեզ հետ «թեմա անի», դուրս գա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ