Այսօր «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ու «Հայաստանի ժուռնալիստների միությունը» քննարկում էին կազմակերպել ՀՀ-ում մամուլի հետհեղափոխական խնդիրների մասին:
Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը, խոսելով հեղափոխությունից հետո մեդիա դաշտի խնդիրների մասին, ասաց, որ այս մեկ տարվա ընթացքում ականատես եղանք պետական ապարատի կողմից տեղեկատվության տրամադրման զգալի դանդաղման, կամ ընդհանրապես չտրամադրման միտումին: Հենց հանրային ճնշում է լինում, նոր տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը: Ըստ նրա, սա է պատճառը, որ մի շարք նախարարություններ, կառավարության աշխատակազմի ղեկավարն ընդգրկվեցին տեղեկատվության ազատության կենտրոնի 2018-ի «սեւ ցուցակում», այսինքն, խախտել են այդ իրավունքը: Այս տարի դրան ավելացավ քաղաքապետարանը, ՊԵԿ-ը:
Նա ասաց, որ այսօր փաստացի գործ ունենք ԶԼՄ-ների դերի նվազեցման եւ տեղեկատվական դաշտից նրանց դուրս մղման հետ: Քաղաքական գործիչները տարիների ընթացքում սկսեցին կիրառել սոցցանցերի էջերում ակտիվ լինելու, «լայվերի» պրակտիկան, այդպես էին պաշտպանում հանրության հետ մշտական կապը ու հարց էր առաջանում՝ էլ ինչի՞ն են պետք ԶԼՄ-ները, առաջին ձեռքից տեղեկություններ են ստանում մարդիկ. «Իրականում քաղաքական գործիչները տեղեկատվություն ստանալու պրոցեսը վերածեցին քարոզչության, երկկողմանի մոտեցում լայվը չի ենթադրում, նաեւ՝ հետեւողականություն ու պատասխանատվություն ասվածի հետ կապված: Կամայականորեն ընտրված թեմայի ընտրություն, կամայական մոտեցում, ոչ մի հարց: Այստեղ տեղեկատվության անվտանգության հետ կապված խնդիրներ ունենք, որովհետեւ ֆեյսբուքյան էջերը «կլոնավորվում» են»… Մենք տեսնում ենք վարչապետի նկարով 10 էջ ու չգիտենք որն է իրականը: Նրանք հետապնդում են տարատեսակ նպատակներ: Մեր հասարակությունը չի հասել մեդիագրագիտության այն մակարդակին, որ կարողանան տարբերել՝ որն է իրական էջը, որը՝ կեղծ: Երբ ցանկացած օգտատեր կարող է բացել բազմաթիվ էջեր գործիչների անուններով, նման վտանգները նվազեցվում են ոչ թե ԱԱԾ-ի աշխատակիցների այցելություններով ԶԼՄ-ներ, այլ պաշտոնական խողովակների պատշաճ աշխատանքի միջոցով»:
Լիկա Թումանյանն ասաց, որ իհարկե, ստեղծված իրավիճակում իրենց մեղքի բաժինն ունեն որոշ ԶԼՄ-ներ, որոնք «դիկտաֆոնի» դեր են կատարում, ուղղակի վերարտադրում են, բայց դա գլոբալ խնդիր է, կայքերը «քլիքաբերության» հետեւից են ընկնում ու լրագրողական նշաձողն իջեցնում: Այդ կայքերը աստիճանաբար ստվեր են գցում ողջ լրատվական դաշտի վրա ու ազդում հասարակության ընկալման վրա:
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ՀՀ-ում լրատվական դաշտը երբեք ֆինանսապես անկախ չի եղել. «Եզակի ԶԼՄ-ներ կան, որոնք կարող են ինչ-որ ձեւով ֆինանսական բալանսը պահել, ինչը, բնականաբար, ստեղծում է տեղեկատվական յուրահատուկ դաշտ, որտեղ ֆինանսական հոսքերն անվերահսկելի են, ֆինանսական հոսքեր ձեւավորողները նաեւ օրակարգ են թելադրում: Հեղափոխությունը բերեց ֆինանսական հոսքերի վերաձեւավորմանը, ինչը մամուլի համար ճգնաժամային էֆեկտ ստեղծեց առաջին ամիսներին, փաստացի շատ ԶԼՄ-ներ զրկվեցին ֆինանսավորումից ու հնարավորություն չունեին աշխատել նույն ձեւով, ինչ նախկինում: Հետագայում այդ տեղը դատարկ չի մնում, դաշտը սկսեց վերաձեւավորվել, նոր ԶԼՄ-ներ ստեղծվեցին»:
Ըստ նրա, ընդդիմադիր լրատվական դաշտը շատ ավելի խոշոր է ՀՀ-ում, քան իշխանականը, ուստի իշխանությունները սկսեցին ավելի ակտիվ լինել սոցցանցերում: Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այսօր լրատվական դաշտն ամենակոռումպացված դաշտերից մեկն է ՀՀ-ում, ուստի ֆինանսական հոսքերի վերահսկողությանը կգնան: Երկրորդ քայլը, որ կլինի սոցցանցերի կարգավորումն է, մեծ երկրները ունեն հնարավորություն թելադրելու ֆեյսբուքին կամ թվիթերին, որ աղբյուրները բացահայտեն. «Նախադեպ կա, Մոլդովայում ֆեյսբուքը վերացրեց հարյուրից ավելի էջեր, որոնք ենթադրվում է, որ ուղղորդված տեղեկատվություն էին տարածում, այսինքն, ֆեյսբուքի քաղաքականությունը սկսել է նաեւ ազդել փոքր երկրների վրա ու կարող է գործը նաեւ մեզ հասնել շուտով»:
ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ ԶԼՄ-ները հավասար դաշտում չեն, կան ԶԼՄ-ներ, որ հասցե անգամ չունեն, չունեն հեռախոսահամար, լրագրողներ ու էլի ԶԼՄ են կոչվում:
Աղասի Ենոքյանն ասաց, որ որոշ ԶԼՄ ներկայացուցիչներ դարձել են իշխանական պատգամավորներ, սա նշանակում է, որ գովազդային «կարկանդակի» մի զգալի մասն իրենցով են անելու ու էլի անհավասար դաշտ ստեղծվի:
Երբ խոսք գնաց իշխանությունների մտադրության մասին՝ բացահայտելու ԶԼՄ-ների իրական սեփականատերերին՝ Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ էական չէ, թե ով է սեփականատերը, իրենց «դատավորը» ընթերցողն է, եթե մի ԶԼՄ-ով բարեխիղճ տեղեկատվություն է մատուցվում, ի՞նչ կարեւոր է, թե ում է պատկանում այդ ԶԼՄ-ն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ