Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի խաշի աման էր պակասում, որ դա որակվեր իբրեւ շաբաթօրյա առավոտյան ազգականների ճաշկերույթ». Գեւորգ Պետրոսյան

Փետրվար 15,2019 13:22

«Քաղաքական իրադրության փոփոխության շնորհիվ՝ մենք ականատես չեղանք այնպիսի տեսարանների, ինչպես նախորդ ընտրություններում, որ, ասենք, թաղի անգրագետներից բաղկացած, սեւ վերնաշապիկներով, սիգարետներով կանգնում էին տեղամասերի առաջ եւ հոգեհանգիստ հիշեցնող երեւույթներով վերահսկում էին ընտրողների վարքագիծը»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, այսօր ԿԸՀ նախագահը հանձնաժողովականներին էր ներկայացնում արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ի գործունեության հաշվետվությունը:

Ընտրական գործընթացի նկատմամբ ԲՀԿ-ական պատգամավորի գովեստը, ինչպես պարզվեց, չի ենթադրում, որ այս ընտրություններում չկային անցանկալի տեսարաններ. «Նույն անգրագետներից կամ կիսագրագետներից բաղկացած, ջունգլիական հակումներով եւ վանդալիզմով օժտված ինչ-որ երիտասարդ խմբակներ շրջում էին՝ պաստառները պոկելու նպատակով: Նրանց չի կարելի մեղադրել, քանի որ նրանց ինքնաիրացման միակ նպատակը կյանքում պաստառ պոկելն է»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը`ԿԸՀ նախագահից հետաքրքրվելով`չարժե արդյոք այնպիսի վայրերում էլ թույլ տրվի պաստառներ փակցնել, որ դրանք հասանելի չեն լինի նման խմբակներին:

Պատգամավորը հորդորեց նաեւ սահմանափակումներ մտցնել հանձնաժողովների անդամների, մասնավորաբար տեղամասային հանձնաժողովների անդամների` համայնքի ղեկավարի ազգական լինել-չլինելու մասով, քանի որ այս ընտրություններում ևս եղել են երեւույթներ, որ հանձնաժողովները բաղկացած էին մարզպետի հորաքույր, հորաքրոջ ամուսին, քույր, քրոջ տղաներից կամ գյուղապետի մերձավոր ազգականներից. «Մի խաշի աման էր պակասում, որ դա որակվեր իբրեւ շաբաթօրյա առավոտյան ազգականների ճաշկերույթ»: Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ գուցե ԲՀԿ-ն նախաձեռնությամբ հանդես գա, որ տեղամասային հանձնաժողովները, որտեղ «հորով-մորով» են արվում ընտրությունները, «չպաշարվեն» տեղական չինովնիկների ազգականների կողմից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728