Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն «ֆեյք-դիտորդների» դեմ կդիմի կառավարություն

Փետրվար 15,2019 13:15

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքում արձանագրվել է ընդամենը 4706 անվավեր քվեաթերթիկ: Հանրապետության 915 ընտրատեղամասում որեւէ անվավեր քվեաթերթիկ չի եղել: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` ներկայացնելով ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի գործունեության հաշվետվությունը: «Չնայած ԱԺ քվեակարգի բարդությունների, անվավեր քվեաթերթիկների ցածր թվերը թույլ են տալիս ուղղակիորեն պնդել, որ թե հանձնաժողովի, թե իրազեկման աշխատանքները եղել են ամբողջական ծավալով»,- ասաց Տիգրան Մուկուչյանը`հավելելով, որ իրազեկման աշխատանքների հետ կապված իսկապես մեծ աշխատանք է տարվել:

Ըստ Տիգրան Մուկուչյանի, ընտրությունների կարեւորագույն խնդիրներից մեկը պայմանավորված էր ժամկետներով: Կար հանձնաժողովների անդամների ուսուցման կազմակերպման խնդիր: Հանձնաժողովներում ԱԺ խմբակցությունները կարող էին նշանակումներ իրականացնել բացառապես այն քաղաքացիներից, ովքեր անցել էին դասընթացներ եւ ունեին որակավորում: Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ ընդամենը տասներկու օրվա ընթացքում կազմակերպվեցին շուրջ 16500 հանձնաժողովի անդամների ուսուցում:

Չնայած սուղ ժամկետներին, ընտրական գործընթացի կազմակերպման որեւէ ժամկետային խախտում չի եղել:

Տիգրան Մուկուչյանն առանձնացրեց նաեւ, որ այս ընտրություններում առաջին անգամ ընտրակաշառքի դեմ պայքարող պաստառներ են եղել:

Վերահաշվարկի 13 դիմում է եղել, որից մեկն է ներկայացված եղել իրավասու սուբյեկտի կողմից, այնուհանդերձ, ՏԸՀ-ներն իրենց նախաձեռնությամբ 56-ում եւ մեկ տեղամասերում ըստ կարգի, վերահաշվարկ են իրականացրել: Վերահաշվարկների արդյունքում ոչ մի փոփոխություն չի եղել: Քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու վերաբերյալ որեւէ ատյան`դատարաններ, ԿԸՀ, ՍԴ, որեւէ դիմում չի եղել: «Սա աննախադեպ է»,- ասաց Տիգրան Մուկուչյանը` հավելելով, որ սա նաեւ արդյունք է ընտրական գործընթացի թափանցիկության:

Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ին թույլ է տալիս ԸՕ-ի փոփոխությունների հարցով առաջարկություններ անել Ազգային ժողովին եւ կառավարությանը: Սակայն այսքան ժամանակ ԿԸՀ-ն իր այս լծակից չի օգտվել: Հարց-դիտարկումը ԿԸՀ նախագահին ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ իրենք ունեն մի քանի դիտարկում, որոնք պատրաստվում են առաջիկայում փաթեթով ներկայացնել: «Դրանցից մեկը ֆեյք դիտորդական կազմակերպությունների առաքելության մասին է: Ցավոք, կան կազմակերպություններ, որոնք գալիս էին քողարկված՝ քաղաքական շահերով: Այստեղ հանձնաժողովը չունի լիազորություն նույնիսկ դիտորդի կողմից քարոզչություն իրականացնելու դեպքում նրա գործունեությունը կասեցնելու: Նախընտրական քարոզչության հետ կապված կա կարեւոր առաջարկություն, քանի որ բուն նախընտրական քարոզչությունը սահմանված չէ ու մարդը, փաստորեն, չգիտի, թե ինչն է ինքը խախտում: Քրեական եւ վարչական իրավախախտումների օրենսգրքում շատ սանկցիաներ ունենք, պետք է վերանայումներ իրականացնել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը` հավելելով, որ, օրինակ, կնիքի կորստի համար նախկինում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, բայց այժմ կնիքն այն գործառույթը չունի, ուստի այդ պատասխանատվությունն անիմաստ է դառնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728