Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց աջակողմյան ղեկով ավտոմեքենաներին վերաբերող նախագիծը: Ասաց, որ նախագծի ընդունման դեպքում քաղաքացիները կարող են ներկրել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնած աջ ղեկով ավտոմեքենաները: Ըստ Հակոբ Արշակյանի, այդ մեքենաների թիվը 830-ն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ դա արդեն մաքսային սահմանում եղած ավտոմեքենաների մասի՞ն է խոսքը: Ի պատասխան նախարարն ասաց, որ դրանցից միայն 442 մեքենան են սահմանին, մնացածը ճանապարհին են, Փոթիում եւ դեռ մաքսակետ չեն հասել:
Եվ քանի որ չափելիությունը հստակ չէ, որոշել են, որ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված ավտոմեքենաներին թույլատրել՝ կտրոնների առկայության դեպքում:
Վարչապետը հակադարձեց, թե նախընտրական հանդիպումների ժամանակ, երբ ինքը հանդիպել է ներկրողների հետ, պայմանավորվել են, որ խոսքը մաքսակետում եղած ավտոմեքենաների մասին է, հակառակ դեպքում կպարզվի, որ տասը հազար մեքենա արդեն գնել են այդ ժամանակահատվածում, իսկ աջակողմյան մեքենաների այդ քանակի մուտքը անթույլատրելի է: Նիկոլ Փաշինյանի խոսքով, եթե աջակողմյան ավտոմեքենաների արգելքը չպահպանեն, շուտով դրանց թիվը կգերազանցի ձախակողմյան ավտոմեքենաներին, ինչը կնշանակի երթեւեկությունում լուրջ խնդիրներ կառաջանան եւ պետք է ամբողջ երթեւեկությունը փոխեն, ինչը միլիարդների ծախս է:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նախագիծը e-draft.am է եւ արգելքը ոչ միայն ԵԱՏՄ-ով ստանձնած պարտավորությունների շրջանակում է, այլ նաեւ, որ աջակողմյան ավտոմեքենաները վտանգ են ներկայացնում եւ վարորդն ունի տեսանելիության խնդիր:
«Ճանապարհային անվտանգության կանոնները գերակա են՝ անկախ նրանից, որ էժան են այդ ավտոմեքենաները»,-ասաց Ավինյանը:
Վարչապետը Հակոբ Արշակյանին հորդորեց վերանայել նախագիծը եւ միայն 442 ավտոմեքենաների հարցը քննարկել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ