Ամերիկացի միլիարդատեր ներդրող Ջորջ Սորոսը ծավալուն հոդված է հրապարակել «Եվրոպա, խնդրում եմ, արթնացիր» վերտառությամբ, որում վերհանում է Եվրամիությունում հասունացած խնդիրները և կանխատեսում՝ Եվրոպան կարող է կրկնել ԽՍՀՄ ճակատագիրը: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Եվրոպան լուսնոտի պես թափառում է մոռացության մեջ: Եվրոպայի ժողովուրդը պետք է արթնանա, քանի դեռ շատ ուշ չէ: Եթե նա դա չանի, Եվրամիությունը կարող է գնալ 1991թ. ԽՍՀՄ ճանապարհով: Մեր առաջնորդները և շարքային քաղաքացիները կարծես թե չեն հասկանում, որ մենք ապրում ենք հեղափոխական ժամանակաշրջանում, որ հնարավորությունների շրջանակը շատ լայն է, և որ ամփոփիչ արդյունքը, հետևաբար, միանգամայն անհայտ է:
Մեզնից շատերը ենթադրում են, որ ապագան այս կամ այն չափով նման կլինի ներկային, սակայն դա ամենևին էլ երաշխավորած չէ: Իմ երկար, իրադարձություններով լի կյանքի ընթացքում ես մեկ անգամ չէ, որ ականատես եմ եղել, ինչպես ես եմ անվանում, ծայրահեղ դեզէկվիլիբրացիայի ժամանակաշրջանի: Այսօր մենք ապրում ենք այդպիսի ժամանակաշրջանում:
Մոտակա վճռորոշ պահը կդառնա 2019թ. մայիսին սպասվող Եվրախորհրդարանի ընտրությունները: Ցավոք, այդ ընտրություններում հակաեվրոպական ուժերը կարող են համեմատական առավելություն ստանալ: Դրա համար կա մի քանի պատճառ, այդ թվում՝ հնացած կուսակցական համակարգը, որը գերակայում է եվրոպական երկրների մեծ մասում; գործնականում ԵՄ պայմանագրերը փոխելու հնարավորության բացակայությունը; դիսցիպլինավորման իրավական գործիքների բացակայությունը ԵՄ այն անդամ-երկրների համար, որոնք խախտում են Եվրամիության հիմքը կազմող սկզբունքները: ԵՄ-ը կարող է պարտադրել acquis communautaire (ԵՄ իրավական համակարգը) այն երկրներին, որոնք ցանկանում են անդամակցել Եվրամիությանը, բայց լիարժեք լիազորություններ չունի՝ ստիպելու հետևել այդ սկզբունքներին այն երկրներին, որոնք արդեն անդամակցում են ԵՄ-ին:
Հնացած կուսակցական համակարգը խոչընդոտներ է ստեղծում նրանց համար, ովքեր ցանկանում են պաշտպանել այն սկզբունքները, որոնց վրա հենված է ԵՄ-ն, փոխարենը օգնում է նրանց, ովքեր ցանկանում են այդ սկզբունքները փոխարինել այլ ծայրահեղ բանով: Դա վերաբերում է և՛ առանձին երկրների, և՛, առավել մեծ չափով, համաեվրոպական կուսակցական դաշինքներին:
Առանձին պետությունների կուսակցական համակարգերն արտացոլում են այն հակասությունները, որոնք կարևոր էին 19-րդ և 20-րդ դարերում, օրինակ` կոնֆլիկտը կապիտալի և աշխատանքի միջև: Բայց հակասությունները, որոնք կարևորագույն նշանակություն ունեն այսօր, կոնֆլիկտն է եվրոպամետ և հակաեվրոպական ուժերի միջև:
ԵՄ-ում գերիշխող երկիրը Գերմանիան է, իսկ գերիշխող քաղաքական դաշինքը Գերմանիայում, որը բաղկացած է Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ) և բավարական Քրիստոնեա-սոցիալական միությունից (ՔՍՄ), կորցրել է կայունությունը: Այդ դաշինքը լավ աշխատում էր, քանի դեռ Բավարիայում չկար ՔՍՄ-ից աջ այլ նշանակալի կուսակցություն: Իրավիճակը փոխվեց ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության վերելքից հետո: Սեպտեմբերին տեղի ունեցած դաշնային ընտրություններում քրիստոնյա-դեմոկրատները ստացան ավելի քան վեց տասնամյակի ընթացքում ամենավատ արդյունքը, իսկ AfD-ն առաջին անգամ մտավ Բավարիայի խորհրդարան:
AfD ժողովրդականության աճը իմաստազրկեց քրիստոնեա-դեմոկրատների և քրիստոնեա-սոցիալիստների դաշինքը: Բայց դրանից չի կարելի հենց այնպես ազատվել, քանի որ դա առաջ կբերի նոր ընտրություններ, որոնք ո՛չ Գերմանիան, ո՛չ Եվրոպան չեն կարող իրենց թույլ տալ: Արդյունքում այսօր իշխող կոալիցիան չի կարող լինել նույնքան ակտիվ եվրոպամետ, որքան կարող էր լինել, եթե չլիներ AfD-ի վտանգը աճ թևից:
Իրավիճակն ամենևին անհուսալի չէ: Գերմանական կանաչներ կուսակցությունը վերածվել է երկրի միակ համառ եվրոպամետ կուսակցության, և նրա վարկանիշը շարունակում է աճել ըստ հարցումների, մինչդեռ AfD-ն, թվում է, հասել է իր առավելագույնին (բացառությամբ նախկին Արևելյան Գերմանիայի հողերի): Այնուամենայնիվ, այսօր ՔԴՄ/ՔՍՄ ընտրողներին ներկայացնում է մի կուսակցություն, որի հավատարմությունը եվրոպական արժեքներին այնքան էլ միանշանակ չէ:
Մեծ Բրիտանիայում հնացած կուսակցական կառուցվածքը նույնպես խոչընդոտում է ժողովրդի իրական կամարտահայտմանը: Լեյբորիստներն ու պահպանողականները ներքուստ պառակտված են, այն դեպքում, երբ նրանց առաջնորդները՝ համապատասխանաբար Ջերեմի Քորբինը և Թերեզա Մեյը, այնքան կոշտ են տրամադրված անցկացնելու «Բրեքզիտը», որ ստիպված էին անգամ հանուն դրա համագործակցել: Իրավիճակն այնքան խճճված է, որ բրիտանացիների մեծ մասը պարզապես ցանկանում են, որ դա շուտ ավարտվի, չնայած երկրի համար այն դեռ մեկ տասնամյակի համար որոշիչ կլինի:
Քորբինի և Մեյի միջև պայմանավորվածությունը դժգոհություն առաջացրեց երկու կուսակցություններում էլ, ինչը լեյբորիստների դեպքում նմանվում է բացահայտ խռովության: Քորբինի հետ հանդիպման հաջորդ օրը Մեյը հայտարարեց Անգլիայում հյուսիսում աղքատացած շրջանների օգնության ծրագրի մասին, որտեղ քվեարկել էին լեյբորիստների և «Բրեքզիտի» օգտին: Իսկ Քորբինին այսօր մեղադրում են դավաճանության մեջ. 2018թ. սեպտեմբերին լեյբորիստների կուսակցական համաժողովում նա խոստացել էր պաշտպանել «Բրեքզիտի» մասին երկրորդ հանրաքվեի գաղափարը, եթե հնարավոր չլինի համընդհանուր ընտրությունների անցկացումը:
Իտալիան գտնվում է էլ ավելի ծանր վիճակում: 2017թ. ԵՄ-ը ճակատագրական սխալ գործեց՝ որոշելով կիրառել Դուբլինյան համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը անարդար բեռ է դնում այն պետության վրա, որը ներգաղթյալների համար դառնում է ԵՄ առաջին տարածք: Դրա պատճառով 2018թ. Իտալիայի ընտրազանգվածը, որը հիմնականում պաշտպանում էր Եվրոպան և ներգաղթը, հայտնվեց հակաեվրոպական քաղաքական գործիչների ձեռքերում: Նախկինում գերիշխող Դեմոկրատական կուսակցությունը պառակտման եզրին է: Արդյունքում եվրոպական տրամադրությունները պահպանող ընտրազանգվածի մեծ մասն այսօր չունի կուսակցություն, որի օգտին կարելի է քվեարկել: Չնայած, հիմա փորձ է արվում կազմել միասնական եվրոպամետ ցուցակ: Կուսակցական համակարգերի նման վերակազմավորում տեղի է ունենում Ֆրանսիայում, Լեհաստանում, Շվեդիայում ու թերևս, նաև այլ երկրներում:
Ինչ վերաբերում է համաեվրոպական կուսակցական դաշինքներին, ապա այստեղ իրավիճակն անգամ ավելի վատ է: Ազգային կուսակցություններն առնվազն ունեն ինչ-որ արմատներ անցյալում, իսկ համաեվրոպական դաշինքները լիարժեք կերպով ենթարկվում են կուսակցական ղեկավարության շահադիտական շահերին: Վատագույն օրինակն է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ): Այն գործնականում գրեթե ամբողջությամբ զուրկ է որևէ սկզբունքից, ինչը ցույց տվեց նրա պատրաստակամությունը իր շարքերում թողնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը՝ հանուն խորհրդարանական մեծամասնության և ԵՄ-ում բարձր պաշտոնների բաշխման գործընթացի վերահսկման: Այս ֆոնին հակաեվրոպական ուժերը կարող են լավ լույսի տակ երևալ. նրանք գոնե որոշակի սկզբունքներ ունեն, թեկուզ և զզվելի:
Դժվար է պատկերացնել՝ ինչ ձևով եվրոպամետ ուժերը կկարողանան հաղթել մայիսի ընտրություններին, եթե նրանք Եվրոպայի շահերը վեր չդասեն սեփականից: Հիմա դեռ հնարավոր է ապացուցել, որ անհրաժեշտ է պահպանել ԵՄ-ն՝ արմատապես այն վերափոխելով: Բայց դրա համար անհրաժեշտ է տրամադրությունների փոփոխություն Եվրամիությունում: ԵՄ այսօրվա ղեկավարությունը հիշեցնում է ԽՍՀՄ փլուզման շրջանի պոլիտբյուրոն. այն շարունակում էր հրամաններ արձակել, կարծես դեռ դրանք ինչ-որ նշանակություն ունեին:
Եվրոպան իր ներքին ու արտաքին թշնամիներից պաշտպանելու առաջին քայլը պետք է դառնա իրեն սպառնացող վտանգի մասշտաբի ընկալումը: Երկրորդ քայլը՝ արթնացնել նիրհող համաեվրոպական մեծամասնությանը և մոբիլիզացնել նրան՝ պաշտպանելու այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է ԵՄ-ը: Հակառակ դեպքում միասնական Եվրոպայի մասին երազանքը կարող է փոխարինվել 21-րդ դարի մղձավանջով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ