Հայաստանի կողմից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Եվ չնայած օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, թե Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքը, եւ ամեն ինչ օրենքով է, սակայն հակառակ քննարկումները չեն դադարում։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերություն տնօրեն Նիկոլայ Սիլաեւին։
– Պարոն Սիլաեւ, Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ քննարկումները չեն դադարում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն էլ հայտարարության միջոցով ընդգծել է, որ իրենք չեն պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունն այս առաքելության նպատակով։
– Ես որքան գիտեմ, այնտեղ ռազմական բժիշկներ են։ Այլ կերպ ասած՝ դա ռազմական առաքելություն եւ զինված զինվորներ չեն։ Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, ապա ես կարող եմ ասել՝ դա իրենց չի վերաբերում։ Ես կարծում եմ, որ նրանք մտնում են ուրիշի գործերի մեջ՝ այդպիսի հայտարարություններ անելով։
– Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանը շանս ունե՞ր հրաժարվելու, թե՞ դա էլ արդեն կվտանգեր հայ- ռուսական հարաբերությունները։
– Ես կարծում եմ, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմից հետո այդ երկրի վերականգմանը մասնակցելը, օգնել բնակչությանը, մարդասիրական օգնություն ցույց տալ բարոյական խնդիր է, որը զարդարում է յուրաքանչյուր պետության, որը մասնակցում է դրան։ Ավելին, այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռեւս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից չի հրաժարվել, դեռ ավելին՝ առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ առաքելությունը պատրաստվում է։ Դա խոսում է այն մասին, որ հայերը, Հայաստանի ղեկավարությունը, կառավարությունը նույնպես հետաքրքրված են դրան մասնակցելու առումով։
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում