Երեք օր տեւած այս քննարկումները որոշ առումներով «դեժավյու» էին հիշեցնում։ Ի տարբերություն ՀՀԿ-ականների՝ իշխող «Իմ քայլի» ներկայացուցիչները քննադատությունների հանդեպ ավելի հանդուրժող էին. ընդդիմախոսներից որեւէ մեկի խոսափողը չանջատեցին, անգամ երբ նրանց ելույթները շեղվում էին թեմայից։ Նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն էլ բավական համոզիչ էր, շաատ ավելի համոզիչ, քան ներկայացված ծրագիրը։
Փաշինյանը եզրափակիչ ելույթում ներկայացրեց տնտեսական հեղափոխության մեթոդները, վստահեցրեց առաջընթացի հասնելու իր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության առումով, անգամ նշեց՝ հաղթանակին կարող են բոլորը տեր կանգնել, իսկ եթե լինի պարտություն, ապա ինքը կլինի դրա տերը։ Նրա խոսքում կային նաեւ բավական սուր, կտրուկ պահեր, երբ հակադարձեց ընդդիմախոսների քննադատություններին, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին։ Կարճ ասած՝ խորհրդարանում բուռն բանավեճեր էին։
Ու այս ամենը նորմալ կդիտվեր, եթե, մյուս կողմից, չլինեին նույն իշխող խմբակցության պատգամավորներից շատերի ելույթները, որոնք տեղ-տեղ հիշեցնում էին ՀՀԿ-ական նախորդ խորհրդարանը։ Հիշում եք՝ ՀՀԿ ներկայացուցիչներից շատերն ինչպես էին լարված պահերին իրենց պարտքը համարում ելույթ ունենալ ու կրծքով պաշտպանել շեֆին՝ Սերժ Սարգսյանին, ընդդիմության հարձակումներից։ Նաեւ հիշում եք՝ ՀՀԿ ներկայացուցիչներից շատերն ինչպես էին իրենց պարտքը համարում ելույթ ունենալ ու գովերգել կառավարության ծրագիրը՝ ամեն մեկն իր ոլորտային հանձնաժողովի շրջանակներում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում