Եթե Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական անցյալով ապացուցած լիներ, որ խիստ պատասխանատու մարդ է, գուցե հնարավոր լիներ այս ամենը ժամանակավոր դժվարություն համարել եւ սպասել դրական տեղաշարժերի։ Ով հիշողություն ունի, կարծում եմ, Փաշինյանին ճանաչում է որպես սուր լրագրողի եւ համարձակ ընդդիմադիր գործչի։ Կարող եք չհամաձայնել եւ պնդել, որ նա հիմա այլ մարդ է, ժողովրդական հեղափոխությամբ թրծված, պաշտոնով վարչապետ, պատասխանատվության մեծ զգացում ունեցող քաղաքական այր եւ այլն։ Բայց անցած մեկ տարում Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, ոչ մի անգամ չի խոստովանել իր որեւէ սխալը, ներողություն չի խնդրել։ Երբեք չի ասել, որ երկրի ու ժողովրդի առաջ պատասխանատու է իր քաղաքական թիմի արածների համար։ Նա ժխտում է, որ ինքն է ուղղորդում իրավապահ համակարգն ու ուժայիններին։ Սա շատ վտանգավոր է եւ, ի թիվս այլ բաների, խոսում է նաեւ այն մասին, որ պատասխանատվությունից խուսափելու համար Փաշինյանը վաղը կարող է ժխտել ամեն ինչ։
Կառավարության ծրագրի քննարկումներից մենք համոզվեցինք, որ Փաշինյանի եւ նրա կառավարության գործողությունները վերահսկելու ունակ խորհրդարան մենք այսօր չունենք։ Իսկ ո՞ւմ, եւ ե՞րբ պետք է իր քայլերի համար հաշիվ տա Նիկոլ Փաշինյանը։ Մի՞թե ժողովրդին։ Բայց նա առայժմ զբաղված է հոգսն իր ուսերից գցելով՝ ժողովրդին հորդորում է աղքատության դեմ պայքարել մտքով եւ ինքնահամոզվել, որ աղքատ չէ։ Խորհրդարանի թավշյա ընդդիմությունը մի սփոփանք ունի՝ դեմ քվեարկել Փաշինյանի կառավարության ծրագրին։ Բայց դա չի թեթեւացնում վիճակը։ Վաղը Փաշինյանը նույն ճարտարությամբ զեկուցելու է, որ կառավարությունը կատարել է ծրագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, տնտեսական հեղափոխությունն էլ իրողություն է։ Իսկ աղքատության վերացման խոստո՞ւմը. քաղաքացին մնացել է աղքատ, որովհետեւ չի կարողացել իր գլխից հանել աղքատության սինդրոմը, սա է լինելու պատասխանը։
Մենք վարչապետներ ենք ունեցել, որոնք վայելել են ոչ միայն երկրի նախագահի, այլեւ իրենց քաղաքական թիմի լիարժեք վստահությունը։ Այդ մարդիկ, սակայն, հաշվետու են եղել առնվազն երկրի նախագահի եւ քաղաքական մեծամասնության առաջ։ Ո՞ւմ է հաշվետու գերվարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անհայտ է։ Նա ամայացրել է քաղաքական դաշտը, ոչնչացրել իր կուսակցությունը եւ խորհրդարանում ծլեցրել մի «դաշինք», որ ավելի շուտ հեղափոխության ուրվական է, քան քաղաքական ուժ։
Վիճակն ավելի վատթար է կառավարությունում։ Այստեղ Փաշինյանն իր երբեմնի մերձավորներին նշանակում է պատասխանատու պաշտոնների, որոնցից նրանք գլուխ չեն հանում։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այսօր ֆորմալ կառավարություն կա, ապա միանշանակ կարելի է ասել նաեւ, որ այդ կառավարությունում մի ուրվական է շրջում հիմա՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ուրվականը։ Չկա քաղաքական թիմ՝ չկա քաղաքական պատասխանատվություն, չկա պատասխանատվություն՝ չկա ապագա։ Սա դոգմա է բոլոր ժողովրդավարական երկրների համար:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում