Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան. Հայաստանի ամբողջ դատական իշխանությունը ի վիճակի չի եղել երաշխավորել այս գյուղացիների տարրական իրավունքների պաշտպանությունը

Փետրվար 15,2019 11:50

14/02/2019թ․-ին ՄԻԵԴ-ի 6 վճիռներով սեփականության եւ այլ գույքային իրավունքների խախտումներ են ճանաչվել Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները «հասարակության եւ պետության կարիքների» համար հարկադրաբար օտարելու գործերով։

Սրանք հողատարածքներ էին, որոնք այս տարածքի գյուղացիների ապրուստի աղբյուրն են եղել, ինչպես եւ արձանագրել է ՄԻԵԴ-ը։ Վերջինիս կողմից օգտագործված երկարաշունչ իրավաբանական բովանդակության նախադասություններից խուսափելով, այս վճիռների հակիրճ էությունը կարելի է նկարագրել այսպես․

Հայաստանի Հանրապետության ամբողջ դատական իշխանությունը՝ իր եռաստիճան համակարգով եւ հարյուրավոր դատավորներով ի վիճակի չի եղել երաշխավորել այս գյուղացիների տարրական իրավունքների պաշտպանությունը։ Վերջիններիս իրենց կամքին հակառակ սեփականազրկելու պարագայում նույնիսկ, այս համակարգն այն աստիճան անողնաշար եւ անսկզբունք է գտնվել, որ այս մարդկանց համար չի ապահովել իրենց չնչին ապրուստի միջոցի աղբյուր հանդիսացող հողատարածքների արժեքի բավարարումը ահռելի ֆինանսական կարողությունների տիրապետող հանքարդյունաբերողի հետ վեճերում։

Այն փոխհատուցումը, որ ՄԻԵԴ-ը վճռել է այս ընտանիքների համար, չնչին գումարներ են համեմատ այն ֆինանսական ներդրումային հնարավորությունների, որոնց տիրապետել է հանքարդյունաբերող կազմակերպությունը։ Բայց, այդ տարբերությունը նկատել են հայաստանյան կոնտեքստից հեռու 3 միջազգային դատավոր, մինչդեռ հայաստանյան դատարանների ջայլամաբարո կեցվածքի բերումով այս՝ սենյակի մեջտեղում մեծ փղին չեն նկատել հայաստանյան դատավորները։

Այս գործերով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել այս գյուղացիական ընտանիքներին մոտ 70․000 եւրո գումար։ Սա, իհարկե, այս ընտանիքների կրած ամբողջ վնասը չէ, սակայն այս ընտանիքների գործերի վերաբացման համար ՄԻԵԴ վճիռները իրակական հնարավորություն են։

Գյուղացիներին պատճառված վնասը հատուցելու է Կառավարությունը, բայց ես վստահ չեմ, որ այս տեսակի գործերով պետությունն այլեւս կարող է իրեն թույլ տալ առաջին հերթին քաղաքացիների սահմանադրական իրավունքներին, ապա նաեւ՝ պետական բյուջեին հասցված վնասի վրա աչք փակելու շռայլությունը։ Այս ամենաթողությունը պետք է լուծում ունենա։

Այս գյուղացիները միայն փոքրաթիվ մասն են հազարավոր այլ՝ նման անիրավություններից տուժած քաղաքացիներից։ Նրանք, ընդամենն ի վիճակի են եղել իրենց պատճառած վնասի մասնավոր հատուցման հասնել Կարեն Թումանյանի նման իրավական խորհրդական ունենալով։ Շնորհավորում եմ եւ պրն Թումանյանին եւ իր վստահորդներին Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտում այս կարեւորագույն հաղթանակի համար։

Այս տեսակի գործերը՝ քաղաքացիների գույքի հարկադիր օտարման գործերի խումբն անխուսափելիորեն պետք է մտնի անցումային արդարադատության տիրույթ։ Ինչպես եւ այսպիսի իրավիճակներին հանգեցրած պաշտոնյաների վարքի իրավական գնահատականը։

Վահե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Փաստաբան

https://www.facebook.com/vahe.grigoryan/posts/10218379692500993

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728