Աղքատության նպաստ ստացող այն քաղաքացիները, որոնք նպաստից զրկվելու պատճառով չեն ուզում աշխատել, կառավարության որոշմամբ եթե ներգրավվեն գյուղատնտեսական աշխատանքներում, այդ ընթացքում նպաստից չեն զրկվի, նպաստը կվերաձեւակերպվի կամ ընտանիքի այլ անդամի անունով: Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպիսի առաջարկ արեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ հանձնարարելով հնարավորինս արագ զբաղվել այս հարցով:
Վարչապետի խոսքով՝ շուտով սկսվելու է գյուղատնտեսական սեզոնը եւ հարյուրավոր նպաստառուներ հնարավորություն ունենալով ընդգրկվել այդ աշխատանքներում եւ բարելավել իրենց սոցիալական վիճակը, հրաժարվում են՝ նպաստից չզրկվելու համար: Ուստի վարչապետը գտնում է, որ այդ հարցը պետք է գոնե սեզոնային լուծում ստանա: Այսինքն՝ այն ընթացքում, երբ նպաստառուները կաշխատեն, կստանան նաեւ իրենց ընտանեկան նպաստը:
Վարչապետը նաեւ հանձնարարեց ընտանեկան նպաստի ցուցակում անօրինական հայտնված քաղաքացիների հարցերով եւս զբաղվել, այսինքն՝ այն անձանցով, որոնք չեն համապատասխանում աղքատության ցուցանիշներին, բայց նպաստ են ստանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ